HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները հունվարի 23-ին որոշում կընդունեն Հայաստան դիտորդական առաքելության ուղարկման վերաբերյալ

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները պլանային հանդիպման ժամանակ, որը կկայանա հունվարի 23-ին, որոշում կընդունեն Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելության ուղարկման վերաբերյալ, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Այդ մասին լրագրողներին Բրյուսելում հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

«Նախատեսվում է, որ նախարարները որոշում կընդունեն Հայաստանի համար առաքելության ստեղծման վերաբերյալ, որպեսզի նպաստեն տարածաշրջանում կայունությանը»,- ասել է նա։

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացմանը և ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։

Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։

«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։

Լուսանկարը՝ Flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter