
Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Անկարա
Թուրքիան, ի նշան Ստոկհոլմում թուրքական դեսպանության մոտ տեղի ունեցած ցույցի, չեղարկել է Անկարա Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնի այցը, որը նախատեսված էր հունվարի 27-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Յոնսոնի այցը կորցրել է «կարևորությունը և նշանակությունը» և այդ իսկ պատճառով չեղարկվել է։
Ինքը՝ Պոլ Յոնսոնը, Անկարա այցի չեղարկման մի փոքր այլ պատճառ է առաջ քաշել։ «Երեկ ես Գերմանիայի Ռամշթայն ամերիկյան ավիաբազայում հանդիպել եմ իմ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Մենք որոշել ենք հետաձգել Անկարայում նախատեսված հանդիպումն առավել ուշ ժամանակի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Յոնսոնը։
Yesterday I met with my Turkish counterpart Hulusi Akar at the US military base in Ramstein, Germany. We decided then to postpone the planned meeting in Ankara until later. (1/2)
— Pål Jonson (@PlJonson) January 21, 2023
Պոլ Յոնսոնը Թուրքիա իր այցի ընթացքում նախատեսում էր Անկարային համոզել հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Անկարայում քննադատել էին այն հանգամանքը, որ շվեդական իշխանությունները թույլատրել էին հունվարի 21-ին Ստոկհոլմում անցկացնել բողոքի ակցիա, որը կազմակերպվել է աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանի կողմից։ Վերջինս հայտարարել է, որ բողոքի ակցիայի ժամանակ մտադիր է Ղուրան այրել։ Պալուդանը արդեն մի քանի անգամ դա արել է Շվեդիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի ժամանակ, ինչը բախումների է հանգեցրել բողոքի ցույցի դեմ հանդես եկողների և ոստիկանության միջև։
Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք մինչ այս պահը հավանություն չեն տվել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։ Անկարան, որպես պայման, Ստոկհոլմից պահանջում է առավել կոշտ միջոցներ կիրառել քուրդ ակտիվիստների դեմ, որոնց Թուրքիան համարում է «ահաբեկիչներ»։
Լուսանկարը՝ REUTERS/Francois Lenoir/File Photo
Մեկնաբանել