HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը Հայաստանի դեմ «կենսաբազմազանության ոչնչացման» հարցով միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

Ադրբեջանը, Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում, սկսել է առաջին ուղենշային (Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին) միջպետական արբիտրաժային վարույթը՝ Հայաստանին մեղադրելով «իր տարածքների ապօրինի բռնազավթման շուրջ 30 տարվա ընթացքում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման մեջ»։ Այդ մասին հայտնում է Global Arbitration Review-ն, որը միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքն է։

Հունվարի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության ոչնչացման մեջ»։ Բաքվի պնդմամբ՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։

Ընդ որում, ադրբեջանական կողմը նշում է նաև «Հինգ գլխավոր տեսակի» մասին, որոնք, նրանց պնդմամբ, «հայկական գործունեության հետևանքով» հայտնվել են ոչնչացման եզրին։ Խոսքը հազվադեպ հանդիպող կովկասյան ընձառյուծի, գորշ արջի, մոխրագույն գայլի, մեծ ենթարծվի ու տափաստանային արծվի մասին է։ Բացի այդ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև «իր տարածքների բնական ռեսուրսների ապօրինի արդյունահանման մեջ»։ Ըստ պարբերականի՝ Ադրբեջանն իր միջպետական արբիտրաժային հայցում, որպես վնասի գոտի, նշում է Լեռնային Ղարաբաղը ու դրան հարակից մյուս շրջանները։

Ովքեր են ներկայացնում կողմերի շահերը

Global Arbitration Review-ն գրում է, որ միջպետական արբիտրաժային վարույթում Ադրբեջանի շահերը ներկայացնում են ամերիկյան Debevoise & Plimpton իրավաբանական ընկերության ներկայացուցիչները։ Հայկական կողմի շահերը ներկայացնում է ամերիկյան իրավաբանական մեկ այլ ընկերություն՝ Foley Hoag-ը։ Երկուսն էլ իրավաբանական առաջատար ընկերություններ են, որոնք մասնագիտացած են արբիտրաժային վեճերի մեջ։

Համաձայն միջպետական արբիտրաժային հայցի՝ Ադրբեջանը պահանջում է, որ «Հայաստանը դադարեցնի Բեռնի կոնվենցիայի շարունակվող ոտնահարումը և ամբողջական փոխհատուցում վճարի շրջակա միջավայրի ոչնչացման համար»։

Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային միակ վարույթը չէ

Արբիտրաժային այս վարույթն առաջինը չէ, որտեղ ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը։ Նույն Global Arbitration Review-ն դեռ անցած տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր հէկերի հայ ներդրողները մտադիր են միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։ Ընդ որում, այս գործում հայ ներդրողների շահերը ներկայացնում է հեղինակավոր Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերությունը։ Global Arbitration Review-ն նշում է, որ Երևանում հայցվորների իրավաբանական թիմում ընդգրկված են արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանական գրասենյակի աշխատակիցներն ու անկախ փաստաբան Նորայր Բաբաջանյանը։

Global Arbitration Review-ն նշում էր, որ հայցը վերաբերում է Մարտակերտի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում գտնվող 18 փոքր հէկերին, որոնց սեփականատերերի համոզմամբ՝ Ադրբեջանը, դրանք յուրացնելով, խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի մի շարք դրույթներ։ 1991 թվականին կնքված այս փաստաթուղթը նաև էներգետիկ ոլորտի միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմ է նախատեսում՝ կա՛մ Ստոկհոլմյան արբիտրաժային պալատի, կա՛մ հատուկ այս կամ այն հայցը քննելու համար ստեղծվող հատուկ արբիտրաժային մարմնի միջոցով։ Թե որ տարբերակն է ընտրվելու Ադրբեջանի դեպքում, դեռ հստակ չէ։ Ընդ որում, ծանուցմանը հաջորդելու է եռամսյա ժամկետ, որից հետո միայն կարող է տրվել արբիտրաժային վարույթի պաշտոնական մեկնարկը։

Global Arbitration Review-ի պնդմամբ՝ հայ ներդրողների Ադրբեջանին ներկայացրած փոխհատուցման պահանջը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։

Ինչի մասին է Բեռնի կոնվենցիան 

Բեռնի կոնվենցիան, որի շրջանակներում միջպետական արբիտրաժային այս վարույթը սկսել է Ադրբեջանը, ընդունվել է 1979 թվականին և ուժի մեջ մտել 1982 թվականից։ Այն ստորագրվել է եվրոպական, աֆրիկյան և ասիական 50 երկրի կողմից։ Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2006 թվականի մարտի 13-ին, խորհրդարանի կողմից վավերացվել 2008 թվականի ապրիլի 14-ին և ուժի մեջ մտել 2008 թվականի օգոստոսի 1-ից։ Ադրբեջանն այն վավերացրել է Հայաստանից 8 տարի առաջ՝ 2000 թվականին։

Կոնվենցիան նպատակ ունի պահպանել վայրի բուսական և կենդանական աշխարհն ու դրանց բնական միջավայրը, պահպանել վտանգված և խոցելի տեսակները, զարգացնել այս հարցերով պետությունների միջև համագործակցությունը։

Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել 1-ին կետի դրույթների հիման վրա (Մշտական կոմիտեն պետք է կիրառի առավելագույն ջանքեր<...> յուրաքանչյուր դժվարություն բարեկամաբար կարգավորելու նպատակով) կամ շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով, Կողմերի խնդրանքով ներկայացվում է արբիտրաժային դատարան, եթե նշված կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն:

Միջպետական արբիտրաժային վարույթով զբաղվելու է 3 դատավոր, 2-ը նշանակվելու է կողմերի առաջարկությամբ։

«Յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր, և այդ երկու միջնորդ դատավորները պետք է նշանակեն երրորդ միջնորդ դատավորին: <...> Եթե Կողմերից մեկը արբիտրաժի հայտ ներկայացնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, չի նշանակել իր միջնորդ դատավորին, ապա վերջինս պետք է նշանակվի մյուս Կողմի խնդրանքով` Մարդու իրավունքի եվրոպական դատարանի նախագահի կողմից` հետագա 3 ամսվա ընթացքում: Նույն ընթացակարգը կիրառվում է այն դեպքերում, երբ առաջին երկու դատավորի նշանակմանը հաջորդող երեք ամսվա ընթացքում միջնորդ դատավորները ի վիճակի չեն համաձայնության գալու երրորդ դատավորի նշանակման շուրջ»,- նշվում է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետում։

Ընդ որում, արբիտրաժային դատարանը պետք է մշակի իր սեփական ընթացակարգային նորմերը: Նրա որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ (առնվազն 2 դատավոր): Արբիտրաժային դատարանի որոշումը վերջնական է և պարտադիր:

Հայկական կողմը պաշտոնական մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել ադրբեջանական կողմի նախաձեռնած միջպետական արբիտրաժային այս վարույթի վերաբերյալ։

Լուսանկարը՝ dailytelegraph.com.au-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter