
Ռուսաստանը նվազեցնում է Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը
Ռուսաստանը դեսպան չի ունենա Էստոնիայում, Տալլինը ևս պետք է Մոսկվայից հետ կանչի իր դեսպանին։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլն անվանել է պատասխան՝ Էստոնիայում ՌԴ դեսպանության աշխատակիցների թվի կրճատման պահանջին։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշել է Էստոնիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունը հասցնել մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, իսկ արդեն Էստոնիայի դեսպանը ստիպված կլինի Ռուսաստանը լքել մինչև փետրվարի 7-ը։ Ավելի վաղ, ինչպես հայտարարել էր ռուսական կողմը, դեսպանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան փոխանցել էին վճռական բողոք՝ էստոնական իշխանությունների գործողությունների հետ կապված։ BBC-ն գրում է, որ ռուսական կողմն էստոնական իշխանություններին մեղադրում է «տոտալ ռուսատյացության», «Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի սերմանման» մեջ։
❗️ Российской стороной принято решение о понижении уровня диппредставителя в России и Эстонии до Временного поверенного в делах.
— МИД России 🇷🇺 (@MID_RF) January 23, 2023
23 января в @MID_RF был вызван Посол Эстонии М.Лайдре. Ему предписано покинуть Российскую Федерацию 7 февраля 2023 г.
🔗 https://t.co/zGkfOmA3WR pic.twitter.com/MKDl2kpGjS
Դեռ հունվարի 11-ին Էստոնիան Մոսկվայից պահանջել էր կրճատել ռուսական դեսպանության աշխատակիցների թիվը։ Այսպես, էստոնական կողմը պահանջում էր, որ փետրվարի 1-ից դեսպանությունում աշխատի միայն 8 դիվանագետ (ներկայումս՝ այն 21 է) և վարչական, տեխնիկական ու սպասարկման ծառայություններ մատուցող 15 մարդ (ներկայումս 23 է)։ Էստոնական կողմի պնդմամբ՝ այդպես կպահպանվեր հավասարությունը և ռուսական դեսպանության աշխատակիցների թիվը կհավասարվեր Մոսկվայում Էստոնիայի դեսպանության աշխատակիցների թվին։
«Հաշվի առնելով այն, որ ռուսական դեսպանության անձնակազմը ագրեսիվ պատերազմի պայմաններում չի զբաղվում ռուս-էստոնական հարաբերությունների զարգացմամբ, մենք կարծում ենք, որ ռուսական ներկայացուցչության ներկայիս չափերը հիմնավորված չեն»,- ասել էր Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Էստոնիան Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները հասցրել է նվազագույնի՝ փակելով Նարվայում և Տարտուում ռուսական հյուպատոսությունները և արտաքսելով ռուսաստանցի երեք դիվանագետի։
Ի պատասխան այս որոշման, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը հայտարարել է, որ Լատվիան ևս նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ իր աջակցությունը հայտնելով Էստոնիային։ Այդ որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ից։
Due to the ongoing brutal Russian aggression against #Ukraine and in solidarity with #Estonia, #Latvia will lower level of diplomatic relations with #Russia effective February 24, demanding Russia to act accordingly
— Edgars Rinkēvičs (@edgarsrinkevics) January 23, 2023
Ռուսաստանի հետ մերձբալթյան երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան բացահայտ աջակցում են Կիևին։ Էստոնական իշխանությունների հրամանով ապամոնտաժվել են խորհրդային ժամանակաշրջանի տասնյակ հուշարձաններ։ Ինչպես և մերձբալթյան մյուս երկրներում, Էստոնիան որոշել է թույլ չտալ շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքն իր տարածք՝ թողնելով միայն բացառիկ դեպքերի հնարավորությունը։ Բացի այդ, հոկտեմբերին Էստոնիայի խորհրդարանը Ռուսաստանին ճանաչել էր «ահաբեկչությունը հովանավորող երկիր»։
Լուսանկարը՝ newsingermany.com-ից
Մեկնաբանել