
Ռուսաստանը մոտ 180 հազար զինվորական է կորցրել, իսկ Ուկրաինան՝ 100 հազարից ավելի. Նորվեգիայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Նորվեգիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը նորվեգական TV 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ 180 000 ռուսաստանցի զինվորական է զոհվել կամ վիրավորում ստացել Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման ընթացքում։
Նորվեգացի գեներալի գնահատմամբ՝ պատերազմում Ուկրաինայի կորուստները «հավանաբար կազմում են ավելի քան 100 000 սպանված և վիրավոր զինվորական»։ Նա նշել է, որ Ուկրաինայում զոհվել է ևս մոտ 30 000 խաղաղ բնակիչ։
ՌԴ ՊՆ-ն իր կորուստների մասին վերջին անգամ հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին։ Այդ պահին, ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, զոհվել էր 5973 ռուսաստանցի զինվորական։ Շոյգուի պնդմամբ, Ուկրաինան պատերազմի ընթացքում կորցրել է իր բանակի գրեթե կեսը. 61 207 զոհ և 49 368 վիրավոր։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 23-ին հայտնել էր, որ ռուսական ներխուժման ընթացքում զոհվել է ավելի քան 121 հազար ռուսաստանցի զինվորական։ 2022 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից նշել էին, որ ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 10-13 հազար ուկրաինացի զինվորական։
Լուսանկարը՝ vg.no-ից
Մեկնաբանել