HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շիրակի մարզից Երևան տեղափոխված դատավորները համապատասխանում են ԲԴԽ միայն մեկ սկզբունքի՝ մարզում են աշխատել

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ հունվարի 18-ին կայացրած որոշումով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ռազմիկ Մարիկյանին, Արմեն Շիրոյանին, Արմեն Պողոսյանին և Գևորգ Պողոսյանին տվեց ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Այս 4 դատավորները քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն էին քննում։ Այս տարվա հունվարից միչդատական գործեր քննող առանձին դատավորներ չեն լինելու։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023թ հունվարի 18-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի թվով 4 թափուր տեղ»,- նշվում է որոշման մեջ։

Նույն օրը կայացրած մեկ այլ որոշումով՝ ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թափուր տեղերն զբաղեցնելու առաջարկ ներկայացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող 4 դատավորներին։  Հանրապետության նախագահի հրամանագրից հետո նրանց լիազորությունները կդադարեն Շիրակի մարզի դատարանում, և այս դատարանն այլևս քրեական գործեր քննող դատավոր չի ունենա՝ մինչև նոր նշանակումներ կլինեն։ 

Մասնագետների շրջանում տարակուսանք առաջացրած ԲԴԽ-ի այս որոշումները Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը հետևյալ կերպ մեկնաբանեց «ԲԴԽ-ի նոր ձևավորված կազմը շատ հստակ ամրագրեց այն սկզբունքը, որ Երևանում թափուր տեղ լինելու դեպքում առաջնահերթությունը տրվելու է մարզերում աշխատած դատավորներին։ Երևանում աշխատելու են փորձառու դատավորներ, ովքեր արդեն աշխատել են մարզերում, քանի որ մայրաքաղաքում ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը, փորձառու մասնագետներ ունենալն անհրաժեշտություն է»,- ասաց տկն Թումանյանցը։

ԲԴԽ անդամը հայտնեց, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այժմ 7 դատավորի թափուր հաստիք կա և այնպես ստացվեց, որ Շիրակի մարզի 4 դատավորներն էլ տեղափոխվելու ցանկություն հայտնեցին։ Քանի որ նրանք մասնագիտական նույն փորձառությունն ունեն, որպեսզի խտրականություն չդիտվի, բոլորի դիմումներն էլ ԲԴԽ-ն բավարարել է։

Շիրակի մարզի դատավորները համապատասխանում են ԲԴԽ-ի որդեգրած երկու սկզբունքներից մեկին՝ մարզում են աշխատել։ Մյուս պահանջը՝ Երևան քաղաքի դատարանում պետք է փորձառու դատավորներ աշխատեն, այս դեպքում քննություն չի բռնում, քանի որ ռեզերվ ուղարկված չորս դատավորների մասնագիտական փորձառությունն ավելի մեծ է։ Նրանք միչդատական գործեր քննող դատարանում պաշտոնավարել են 1,2 տարի։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից երեքը՝ Արամայիս Ասատրյանը, Էդուարդ Մկրտչյանը և Ռոման Սմբատյանը, Շիրակի մարզի դատարանում նշանակվել էին 2022թ. ապրիլի 28-ին։ Այսինքն, դատական համակարգում գործել են ընդամենը 9 ամիս։ Դատավորներից միայն Տիգրան Ոսկանյանն է մեկ տարի աշխատել Շիրակի մարզում։ 

Մարզերում աշխատած դատավորներին նախապատվություն տալու ժամանակ ԲԴԽ-ն պետք է նկատի ունենար նաև դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը։ Դատական համակարգի ներկայիս լրջագույն խնդիրը գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումն է։ 

Դատական դեպարտամենտը դեռևս չի ամփոփել 2022թ-ի երկրորդ կիսամյակի դատական վիճակագրությունը, հետևաբար ստույգ չենք կարող ասել, թե նշված դատավորների վարույթում քանի՞ անավարտ քրեական գործ կա այս պահին, երբ դադարեցվում են նրանց լիազորությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ 2022թ-ի առաջին կիսամյակի ամփոփումից պարզ է դառնում, որ նրանցից յուրաքանչյուրն ունեցել է 67-75 գործ։ Ընդ որում, կիսամյակային կտրվածքով ավարտել են 3-5 գործի քննություն։ Հետևաբար, այս թվերը պետք է պահպանված լինեն երկրորդ կիսամյակում կամ մեծ փոփոխություններ չեն կրել։

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նշված դատավորները 9 ամիս էր, ինչ պաշտոնավարում էին, կնշանակի այդ գործերի առնվազն կեսից ավելին նրանց է փոխանցվել նախորդ դատավորներից։ Այսինքն, քրեական գործերը մի քանի անգամ փոխանցվել են մի դատավորից մյուսին, որոնք բոլորը գործի քննությունը պետք է վերսկսեն սկզբից։ Նկատի ունենանք, որ քրեական գործերով կալանավորվածներ կան և չի բացառվում, որ հետագայում նրանցից նաև արդարացվողներ լինեն։  

Մինչև մեկ տարի առաջ, տևական ժամանակ, Գյումրիում քրեական գործեր քննող հիմնական դատավորներ չկային, դատավորները ժամանակավորապես գործուղվում էին այնտեղ, գործուղման ժամկետը լրանալուց հետո հաջորդին էին փոխանցում կիսատ մնացած մի քանի տասնյակ գործերի քննությունը։ Այդ իմաստով, ԲԴԽ-ի հիշյալ որոշումները, արդյոք, տեղավորվո՞ւմ են գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար լուծումներ գտնելու տրամաբանության շրջանակում։  

«Ողջամիտ ժամկետի հարցը կա, բայց միևնույնն է, մի օր բախվելու էինք դրան։ Մենք Շիրակի մարզ ենք ուղարկելու դատավորների, որոնք ոչ մի ծանրաբեռնվածություն չունեն, արդեն մի դատավոր գործուղել ենք, որպեսզի ավարտի կիսատ թողած գործերը և ընթացիկ այս վիճակը կառավարելի լինի»,- հայտնեց Ե Թումանյանցը։ 

Նշենք, որ խոսքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանի մասին է, որը ՀՀ նախագահի հունվարի 23-ի հրամանագրով նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր: Նույն օրն էլ ԲԴԽ-ն նրան մինչև մարտի 1-ը գործուղեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 

Ինչպիսի՞ն է ԲԴԽ-ի վերաբերմունքը գործուղված դատավորներին՝ արդարացվա՞ծ են համարում այս աշխատաոճը և շարունակելո՞ւ են կիրառել, մեր հարցին տկն Թումանյանցը պատասխանեց «Իմ կարծիքով՝ գործուղելու ինստիտուտը մտցվել է թափուր հաստիքներ ունենալու պատճառով։ Մենք ռեզերվում միշտ պետք է ունենանք տարբեր մասնագիտացում ունեցող դատավորների ցուցակ, որպեսզի թափուր հաստիք առաջանալու դեպքում՝ համալրենք»։ 

ԲԴԽ անդամը կարծում է, որ թափուր հաստիքներ առաջանալու պատճառը նաև դատավորներ պատրաստելու գործընթացի երկարատևությունն է։ Այսօրվա գործընթացն այնպիսին է, որ մարդիկ ընդունվում են Արդարադատության ակադեմիա և 8 ամիս սովորելուց հետո են դատավոր դառնում։ Միշտ ունենում ենք թափուր հաստիք, որը չի համալրվում։ Դեկտեմբերի օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ մտցրինք հատուկ կարգով քննություն հանձնելու բարդ ընթացակարգ։ Նպատակն այն է, որ անձը, առանց Ակադեմիայում սովորելու, կարող է քննությունը հանձնել և միանգամից դատավոր նշանակվել։ Փետրվարի 2-ին ԲԴԽ-ն առաջին քննությունը կանցկացնի քրեական մասնագիտացմամբ։ Տկն Թումանյանցի ասելով՝ հուսով են, որ հաճախ կունենան այդպիսի համալրումներ, որի շնորհիվ երբեք թափուր հաստիքներ չեն լինի։ Հետևաբար, այս գործուղման ինստիտուտը ինքնին կվերանա։ 

Գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու պատճառներից մեկն էլ դատավորների ծանրաբեռնվածությունն է։ 2022թ-ի տարվերջին ԲԴԽ-ի նախաձեռնությամբ դատավորների ընդլայնված աշխատաժողով հրավիրվեց, որի ժամանակ քննարկվել են դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հարցը։ «Ամփոփվե՞լ են աշխատաժողովի մասնակիցների առաջարկները, որո՞նք են ընդունելի դրանցից և ի՞նչ ժամկետում կիրառություն կունենան»,- հարցինք տկն Թումանյանցին։

Վերջինս հայտնեց, որ դատավորների այն առաջարկները, որոնք վերաբերում են միայն օրենսդրական փոփոխություններով դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեևացնելուն, որոշ օրենսդրական լուծումներ տրվել են 2022թդեկտեմբերի վերջին։ Դատավորների հնչեցրած առաջարկների հիման վրա հստակեցվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում գործերի քննության գրավոր ընթացակարգը, Քրեական օրենսգրքում նորից ներմուծել են արագացված դատաքննությունը, վարչական դատարանում գրավոր ընթացակարգ է ներմուծվել, դատական ակտերի հրապարակումը, որը նույնպես ժամանակատար է, այսուհետ կտեղադրեն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ 

Երանուհի Թումանյանցը հայտնեց, որ քննարկվում է նաև դատավորների թիվն ավելացնելու հարցը և հույս ունեն, որ դատավորների միջև ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելու արդյունքում կկարողանան կառավարելի դարձնել իրավիճակը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter