HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Ադրինե Ղուկասյանը, 220 գործի քննություն թողնելով անավարտ, տեղափոխվում է Երևան

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ. հունվարի 20-ին դռնփակ նիստում որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Ադրինե Ղուկասյանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորի վարույթում 220 դատական գործ կա: Ղուկասյանին Երևան տեղափոխելու դեպքում այդ գործերը վերամակագրվելու են մարզի այլ դատավորներին՝ լրացուցիչ ծանրաբեռնելով վերջիններիս:

2022թ. դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 17-ը դատավորը գտնվել է արձակուրդի մեջ, որից հետո մեկ շաբաթ էլ վատառողջ է եղել ու աշխատանքի չի ներկայացել: Այս ընթացքում նրան գործեր չեն մակագրվել:

2022թ. օգոստոսի սկզբից Ադրինե Ղուկասյանին մակագրված մոտ 80 գործին վերաբերող որևէ տեղեկատվություն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա չէ: Հայտնի չէ, թե երբ են վարույթ ընդունվել, դատական նիստ նշանակվել է, թե ոչ (օրինակ՝ ԱՐԴ/0262/01/22):

Դատավորի նիստերի քարտուղարի փոխանցմամբ՝ չթարմացնելու պատճառը տեխնիկական է: Օրենսդրական փոփոխությունների պատճառով պետք է համակարգում փոփոխություն կատարվեր: Միայն վերջերս է փոփոխությունը եղել, և առաջիկայում գործերի վերաբերյալ տվյալները կլրացնեն:

Ընդ որում Ադրինե Ղուկասյանը դատական նիստերը հաճախ նշանակող դատավորներից չէ: Պարզեցինք, որ գործերի զգալի մասով 2-4 ամիսը մեկ է նիստ հրավիրել (օրինակ՝ ԱՐԴ/0219/01/22):

«Հետք»-ն Ադրինե Ղուկասյանի արտոնյալ վիճակի մասին գրել էր դեռ մեկ տարի առաջ: Մասնավորապես Ադրինե Ղուկասյանը Հանրապետության նախագահի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Օրեր անց՝ հոկտեմբերի 29-ին, ԲԴԽ-ի որոշումով դատավոր Ղուկասյանը 4 ամիս ժամկետով գործուղվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետև, հաշվի առնելով չավարտած գործերը, գործուղման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 28-ը:

Մինչև գործուղվելը դատավոր Ղուկասյանին որևէ գործ չի մակագրվել: Այսինքն, նշանակման պահին հստակ գիտեին, որ նորանշանակ դատավորն այլ մարզ է գործուղվելու: Իսկ 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2019թ. մարտի 28-ը ընկած ժամանակահատվածում (5 ամիս) Ադրինե Ղուկասյանին, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի տեղեկատվության, մակագրվել է ընդամենը 8 գործ: Դրանք բարդ գործեր չեն եղել, որոնցից 5-ով դատարանը կայացրել է վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, 2 գործով կայացրել է մեղադրական դատավճիռ, իսկ մեկ գործի քննությունը չի ավարտել, քանի որ լրացել է գործուղման ժամկետը:

Ստացվում է, որ դատավորը գործուղվել է մարզ՝ ամսվա ընթացքում մեկուկես գործ քննելու համար, որով էլ պետք է «թեթևացներ» դատարանի ծանրաբեռնվածությունը:

Ադրինե Ղուկասյանը ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020թ. հոկտեմբերի 28-ին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն, նշանակման հաջորդ օրը, ԲԴԽ-ի որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 30-ից 2021թ. ապրիլի 30-ը ներառյալ, գործուղվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

ԲԴԽ-ի մեկ այլ որոշումով Ա. Ղուկասյանի գործուղման ժամկետը երկարացվել է 2021թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Այդ ընթացքում դատավոր Ղուկասյանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել վարույթում գտնվող գործերի քննությունը:

Շիրակի մարզում գտնվելու 2 տարի 5 ամսվա ընթացքում, որը հավասարազոր է 584 աշխատանքային օրվան, ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի, դատավոր Ղուկասյանին մակագրվել էր 118 քրեական գործ: Այլ կերպ ասած, դատավորին 5 աշխատանքային օրվա համար բաժին է հասել ընդամենը 1 քրեական գործ:

Նշենք, որ Ադրինե Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, 1998-2012թթ, եղել է Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի դատավոր: Եղբայրը՝ Հրայր Ղուկասյանը, նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր, այնուհետ՝ օգնականը: Մինչև իշխանափոխությունը, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Հրայր Ղուկասյանը նշանակվել էր վարչապետի օգնական: 2019թ. նոյեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահի օգնական, որտեղ աշխատել է մոտ մեկ տարի:

Ադրինե Ղուկասյանի ամուսինը՝ Էդգար Մելքոնյանը, եղել է վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարը, այնուհետև զբաղեցրել է Դատական դեպարտամենտի արձանագրային վարչության պետի պաշտոնը: Այժմ Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի ղեկավարն է։ Որդին էլ վարչական դատարանում պարետ է աշխատել:

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից պարզաբանում են ներկայացրել: Հայտնում են, որ դատավոր Ադրինե Ղուկասյանին ընդհանուր առմամբ մակագրվել է 331 քրեական գործ, որից 209 միայն 2022 թ.-ի ընթացքում: Նշված գործերից 2022թ. ընթացքում դատավորը քննել և ավարտել է շուրջ 105 քրեական գործ, որից բեկանվել է միայն 1-ը՝ այն էլ հոդվածի ապաքրեականացման հիմքով: Ըստ 2022թ. նիստերի ժամանակացույցի դատավորի օրական միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 7-8 դատական նիստ: Ինչ վերաբերում է դատավորի արտոնյալ լինելու վերաբերյալ պնդմանը, ցանկանում ենք նշել, որ դատավոր Ղուկասյանը իր նշաակումից ի վեր աշխատել է իր մշտական բնակության վայրից՝ Երևան քաղաքից բավականին հեռու՝ շուրջ 2.5 տարի Գյումրի քաղաքում, ապա շուրջ 2 տարի Արմավիր քաղաքում: Շիրակի մարզում աշխատելու ընթացքում բացի 120 քրեական գործերից քննել է նաև մինչդատական վարույթների նկատմամբ հսկողության վերաբերյալ գործեր՝ օրական միջինում 2-3 միջնորդություն: Քանի որ անձնական տվյալներ հիշատակելիս անդրադարձ էր կատարվել նաև որդու նախկին աշխատավայրին, հարկ ենք համարում նշել, որ դատավորի որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին և արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի պետական պարգև շքանշանի, իսկ զորացրվելուց հետո շուրջ մեկ տարի վարչական դատարանում աշխատել է սկզբում որպես պարետ, ապա որպես ցրիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter