
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի 19-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար եւ համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։
Մեկնաբանել