HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանները 3 ամիս քննում են Կառավարության դեմ Նոր Հաճնի համայնքապետարանի հայցի ընդունելության հարցը

Կառավարության դեմ Նոր Հաճնի համայնքապետարանի՝ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումից 3 ամիս է անցել, սակայն վարույթ ընդունելու հարցը դեռ չի լուծվել։ Համայնքապետարանը տարեկան 42 մլն դրամի չափով գումար տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել: Այս ընթացքում շարունակում են պարտքեր կուտակվել նրա հաշվին:

Պահանջվող գումարն անհրաժեշտ է համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման աշխատանքները կազմակերպելու համար:

«Հաճն ջուր» ՀՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ադամյանը «Հետքին» պատմել էր, որ Նոր Հաճնի ջրամատակարարման համակարգերը, ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում, վատ վիճակում են: 60%-ից ավելի ջրի կորուստ ունեն:

Նոր Հաճնում ջրամատակարարումն ու սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը: Սակայն, ջուրը համայնքապետարանը գնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից: 

ՀՈԱԿ-ից պնդում են, որ «Վեոլիա»-ի գլխամասային ջրաչափական սարքը սնուցվում է կենտրոնական խողովակաշարից, որը հեռու է Նոր Հաճն համայնքից մոտ 3 կմ: Այդ միջանկյալ տարածքում ջրի կորուստը կազմում է 65-70 տոկոս: Ջրի կորուստները ներառվում են սակագնի մեջ, ինչը մեծ գումար է համայնքի համար։ Համայնքապետարանը պարտքեր է կուտակել և չի կարողանում պատշաճ ներդրումներ կատարել, ցանցը փոխել:

ՀՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ադամյանի խոսքով, Ջրային կոմիտե են դիմել՝ համակարգը հանձնելու խնդրանքով: Ջրային կոմիտեն էլ դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից պատասխանել են, որ մինչև ՀՈԱԿ-ը պարտքերը չմարի, որևէ գործարք չեն կարող կատարել:

Հիմա համայնքապետարանը Կառավարությունից գումար է պահանջում ցանցը սպասարկելու համար:

Վարչական դատարանը, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին որոշել է հայցադիմումը վերադարձնել՝ պատճառաբանելով, թե պահանջը հիմնավորող փաստարկները բացակայում են: Մասնավորապես, թե Նոր Հաճն համայնքի ո՞ր իրավունքներն են խախտվել Կառավարության կողմից ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման նպատակով Նոր Հաճնի համայնքապետարանին տարեկան 42 միլիոն դրամի չափով գումար չտրամադրելու հետևանքով: Ինչպես նաև, թե որ օրենսդրական ակտով է տվյալ իրավունքների պաշտպանությունը վերապահված Նոր Հաճն համայնքի ղեկավարին, և արդյոք Կառավարությունն ունի ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման նպատակով Նոր Հաճն համայնքին գումար հատկացնելու առերևույթ պարտականություն:

Նոր Հաճնի համայնքապետարանը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է հայցադիմումը: Այս անգամ դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, թե Նոր Հաճն համայնքի ղեկավարը չի վերացրել գործի քննության համար արգելք հանդիսացող սխալները, «քանի որ նման հանգամանքների առկայությամբ է միայն հնարավոր պարզել Նոր Հաճն համայնքի ղեկավարի՝ այդ հարցով դատարան դիմելու իրավասությունը»:

Համայնքապետարանը վարչական դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան: Դատավոր Կարեն Մաթևոսյանի նախագահությամբ հունվարի 16-ին բավարարվել է Նոր Հաճնի հաայնքապետարանի բողոքը, այսինքն՝ վերացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվոր կողմն իրավանորմերը վկայակոչելու պարտավորություն չունի: Բացի այդ, առերևույթ Նոր Հաճն համայնքի ղեկավարը կարող էր հայց հարուցել վարչական դատարանում: Իսկ նման հայցի հարուցման համար իրավական շահի ռեալ առկայության հանգամանքը գործի քննության այս փուլում չի կարող հաստատվել կամ հերքվել, այդ ուղղությամբ վարչական դատարանը պարտավոր էր գործողություններ կատարել` գործի քննության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter