HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համաներման նախագիծը պատգամավորական սեղաններին է

Այսօր Ազգային ժողովը քննարկում է հանրապետության նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Եթե այն ընդունվի, ինչը կասկած չի հարուցում, ապա ուժի մեջ կմտնի հրապարակման հենց հաջորդ օրը: Ըստ նախագծի` համաներումը տարածվում է «մարտի 1»-ի գործով ազատազրկված Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա:

Այս պահին կալանավայրերում կա պատիժը կրող 4000 մարդ եւ նախնական կալանքի տակ գտնվող 1100 մարդ: Համաներման ակտով պատժից ամբողջությամբ կազատվի 400 մարդ, իսկ նույնքան մարդու դեպքում էլ պատժի չկրած մասը կկրճատվի:

Նախագիծը զեկուցում էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ չի կարող հստակ ասել, թե համաներումը ազատազրկման վայրերում գտնվող ընդդիմության ներկայացուցիչներից քանիսի վրա կարող է տարածվել: «Չեմ կարող ասել, որովհետեւ հատուկ հաշվառում չենք արել: Համաներման ակտն ավելի լայն ընդգրկողականություն ունի, քան այս պահի մի խնդիր լուծելը: Գիտեմ, որ որոշ մարդիկ ցանկանալու են դա կապել բացառապես դրա հետ, բայց միշտ էլ համաներման ակտն ավելի ընդգրկուն է եւ միտված է մեծ խնդիրներ լուծելուն»,- ասում է Հրայր Թովմասյանը:

Նախարարը ցանկացավ այլ կերպ դիտարկել համաներման ակտը: Նրա խոսքերով` սա լիցքաթափելու, հանդուրժողական մթնոլորտ ստեղծելու համար է, եւ այնպիսի մթնոլորտ, որի պարագայում միմյանց ոչնչացնելը չի դիտարկվում խաղի հիմնական կանոն: Ըստ նախարարի` քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կամ հասարակության առջեւ կանգնած տարբեր խնդիրների յուրովի լուծումը կամ այլ կերպ լուծումը չի դիտարկվում, որպես թշնամություն:

Ըստ համաներման նախագծի` որոշ բացառություններով պատժից ազատվում են առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց: Այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաեւ տարածվում է այն անձանց վրա, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Դարձյալ բացառություններով պատժից ազատվում են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները, 60 տարին լրացած անձինք, որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձնաց, Հայրենական մեծ պատերամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկվելու հետ կապված  պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Համաներման որոշումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Հաշմանդամության հիմքով որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ մայիսի 1-ը ներառյալ, իսկ տարիքային խմբով տարածվում է այն անձանց վրա, որոնց 60 տարին լրանում է մինչեւ 2011 թ. հուլիսի 30-ը ներառյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter