HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանում հայցադիմումը ներկայացնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների:

Նշենք, որ Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:

Գևորգ Քոչարյանը 2022թ. դեկտեմբերին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, նշեց, որ Քոչարյանը ներկայացնի սկզբնական հայցադիմումը, որից հետո՝ միայն միջնորդությունը:

Ներկայացնելով հայցադիմումը, Գ. Քոչարյանը նշեց, որ պահանջում են հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները:

Նշենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը:

Դատախազությունը խնդրում էր նաև Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պետք է բռնագանձել նշված գույքերի միջին շուկայական արժեքները:

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից և 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մասը: Ինչպես նաև 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների:

Դատախազությունը խնդրում է վերը նշված դրամական պահանջը բավարարել, ինչպես Սեյրան Օհանյանին պատկանող, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող ակտիվների հաշվին: Այդ թվում՝ Աննա Բադալյանի անվամբ գրանցված Նալբանդյան փողոցի անշարժ գույքի, Ժակ Պիեռ Ֆովոյի Վահագնի թաղամասի առանձնատան օրինական եկամուտներով հիմնավորվող մասերի, ինչպես նաև Բենիամին Ղալեչյանի անվամբ գրանցված Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի գույքի կառուցապատման իրավունքի հաշվին:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ Բ. Ղալեչյանը հանդիսանում է Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի ազգականը: Իսկ այդ գույքի իրական շահառուն Ս. Օհանյանն է:

Գևորգ Քոչարյանը թվարկեց նաև փաստական տվյալներ, որոնք հայցադիմումի հիմքն են կազմում: Մասնավորապես նշեց, որ Սեյրան Օհանյանի 2009թ. ներկայացված հայտարարագրի համաձայն, կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին 34 մլն 770 հազ դրամի չափով նվիրատվություն է փոխանցել: Իսկ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրել է նշված գումարային արժեքով LEXUS մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այն չի համապատասխանում Ճանապարհային ոստիկանությունից ստացված տվյալներին: LEXUS ԼX 570 մակնիշի ավտոմեքենան Ռ. Խաչատրյանի անվամբ  հաշվառվել է 2011թ. հոկտեմբերի 3-ին, ինչն էլ հիմք է ընդունվել: Բացի այդ, ավտոմեքենայի համար Ռ. Խաչատրյանի կողմից վճարման փաստը հավաստող տեղեկություններ չեն եղել բանկային քաղվածքներում և դատախազությունը հիմք է ընդունել հայտարարագրված 34 մլն 770 հազ դրամը:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ ավտոմեքենայի ձեռքբերումը օրինական եկամուտներով, հիմնավորվում է 3,29%-ով:

Հաջորդ գույքի մասով նշվեց, որ 2009թ. հուլիս ամսին Սեյրան Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի կողմից կանխիկ մուտքագրված գումարներից 198,199 000 և 62,378,100 դրամի չափով փոխանցումներ են արվել՝ Նալբանդյան փողոցի 98 շենքում գտնվող երկու բնակարանի և տարածքի համար:

Այդ գործարքները Գլխավոր դատախազությունը համարել է Սեյրան Օհանյանի կողմից կատարված:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ 2009թ. հուլիսի 3-ի դրությամբ (մինչև օգնականի կողմից գումարների փոխանցումը) Օհանյանի օրինական եկամուտներից դրամական միջոցների մնացորդը կարող էր կազմել ընդամենը 865,116 դրամ: Այլ կերպ ասած՝ Նալբանդյան փողոցի տարածքի օրինական մասը կազմում է 0,44%, իսկ 2 բնակարանի օրիանականությունը, ըստ Քոչարյանի, չի հիմնավորվում օրինական եկամուտերով:

Նույն տարվա հուլիսի 30-ին Ա. Առաքելյանի անվամբ 900,000 ԱՄՆ դոլար վարկ է ստացվել «Արցախբանկ»-ից և փոխարկվել դրամի: Նույն օրը փոխանցումներ են կատարվել Նալբանդյան փողոցի վրա գտնվող երկու անշարժ գույքերի համար:

Սեյրան Օհանյանը, ընդհատելով դատախազության ներկայացուցչին, հայտնեց, որ նշված գույքերն իրենը չեն:

«Գտնում եմ, որ փաստաբանները պետք է լուրջ ուսումնասիրեն, ծանոթանան ինչի մասին, որ խոսվում է: Մեծամասնությանը ես չեմ տիրապետում: Առաջարկում եմ փաստաբաններն ուսումնասիրեն»,- հայտնեց Օհանյանը, հավելելով, որ ինչի մասին դատախազությունը խոսում է, զգալի մասին չի տիրապետում, իսկ գործի նյութերն իր մոտ չեն:

Ըստ էության Օհանյանը միջնորդում էր դատական նիստը հետաձգել: Սակայն, դատարանը որոշեց, որ դատախազությունը ներկայացնի հայցադիմումի առարկան, և քանի որ գործի քննությունը չի ավարտվում, կատարվելու են որոշ դատավարական գործողություններ։ Օհանյանն իր դիրքորոշումը կարող է ներկայացնել փաստաբանների հետ քննարկելուց հետո:

Սեյրան Օհանյանն առարկեց, հայտնելով՝ ստացվում է, ինքը պետք է նստի ու միայն լսի: Ըստ Օհանյանի, ստեղծված վիճակը հավասարազոր է նրան, որ նիստն առանց իրեն տեղի ունենա: Դատարանը որոշեց նիստը շարունակել:

Շարունակելով տվյալների ներկայացումը, Գ. Քոչարյանը հայտնեց, որ 2009թ. սեպտեմբերին Արթուր Առաքելյանի կողմից ևս 48,468,420 դրամի փոխանցում է կատարվել Նալբանդյան 98 շենքի 25 տարածքի  համար: Այդ գումարը, ըստ Գ. Քոչարյանի, չի հիմնավորվել օրինական եկամուտներով, օրինական է համարվել միայն դրա 0,85%-ը: Ամփոփելով 25 տարածքի վերաբերյալ տարբեր փոխանցումները, Քոչարյանն ասաց, որ օրինական եկամուտներով փոխանցում է համարվել ընդհանուր փոխանցված գումարների միայն 81,79%-ը:

Ինչ վերաբերում է Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ գրանցված Վահագնի թաղամասի առանձնատանը, Գևորգ Քոչարյանը նշեց, որ տարածքի հողամասը 2019թ. փետրվարին 160 մլն դրամով ձեռք է բերվել «Հովնանյան» Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից՝ Զարուհի Բադալյանի կողմից (Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է): Հողամասն ունի 4000քմ մակերես:

Նշված գույքի դիմաց փոխանցումները, բանկային քաղվածքներով, չեն հայտնաբերվել: Սակայն, քանի որ առուվաճառքի պայմանագրում նշված է, որ գումարն ամբողջությամբ վճարված է, դատախազության կողմից վճարում կատարելու փաստն ընդունվել է պայմանագրի կնքման օրը:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ այդ գույքի իրական շահառուն ևս հանդիսանում է Սեյրան Օհանյանը, ուստի այդ գույքի ձեռքբերման օրվա դրությամբ հաշվարկվել է վերջինիս օրինական եկամուտները: Օրինական գումարների մնացորդների բացակայության պայմաններում, նշված անշարժ գույքի ձեռքբերումն ամբողջությամբ գլխավոր դատախազությունը համարում է ապօրինի:

Նշված հասցեում իրականացվել է շինարարություն. կառուցվել է առանձնատուն: Դրա ներդրումային արժեքի, այսինքն՝ կատարված ծախսերի ուղղությամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ըստ Գ. Քոչարյանի, 2021թ. ստացված փորձագիտական եզրակացությամբ փորձագետները նշել են, որ կառուցապատման համար, 2019թ. տվյալներով, կարող էր ծախսվել 648,700,000 դրամից մինչև 716,980,000 դրամ:

Նշված շինարարությունը սկզբում իրականացվել է առանց թույլտվության և տևել է տարիներ: Միայն 2019թ.-ին է ստացել արտաքին ավարտուն տեսք, իսկ ներքին հարդարման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Գևորգ Քոչարյանն ասաց, որ բավարար ապացույցներ չեն կարողացել ձեռք բերել, թե երբ, ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել:

Սակայն, հիմք ընդունելով, որ շինարարությունն իրականացվել է մինչև 2019թ., իսկ շինարարական ծախսերը նախորդող տարիներին ողջամտորեն ավելի պակաս պետք է լինեին, քան 2019-ին (գնաճով պայմանավորված), փորձաքննությամբ կատարված ներդրումային արժեքներներից, որպես կատարված ծախս, ընդունվել է նվազագույն արժեքը՝ 648,700,000 դրամը:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ նշված ծախսը Սեյրան Օհանյանի օրինական եկամուտներով հիմնավորվում է 108,053,358 դրամով, կամ՝ 16,68%-ով:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ 2020թ. մայիսի 22-ին Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ 6 մլն 4 հազար 590 դրամ փոխանցում է կատարվել բյուջե՝ նշված հասցեի ապօրինի կառույցի օրինականացման համար:

Բոլոր ծախսերը հաշված՝ (հողամաս, կառուցապատում, օրինականացման համար վճարում) նշված գույքի օրինականությունը հիմնավորվել է 14%-ով:

Ինչ վերաբերում է բռնագանձման ենթակա գումարներին, Գևորգ Քոչարյանն ասաց, որ Ռուզաննա Խաչատրյանի անվամբ պարբերաբար ներդրվել են ավանդներ և ձեռք են բերվել պարտատոմսեր: Վերջին անգամ մարումները տեղի են ունեցել 2018-2019թթ. ընթացքում: Իսկ 2021թ․-ին օտարվել են Նալբանդյան փողոցի 98 շենքի հասցեի 3 բնակարանները:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ նշված բնակարանները ձեռք է բերվել Սեյրան Օհանյանի օգնականի կողմից, այնուհետև վաճառվել է Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դստերը: Վերջինս էլ նվիրատվություն է արել մորը, այսինքն՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջը: 2021թ. դրանք վաճառվել են այլ անձանց: Միմյանց գումար փոխանցելու փաստեր չեն հայտնաբերվել, ինչը, ըստ դատախազության, ցույց է տալիս այդ գործարքների ձևական լինելը:

Քանի որ, ըստ դատախազության, այդ բնակարանների իրական շահառուն հանդիսացել է Սեյրան Օհանյանը, իսկ ձեռքբերումները չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, ուստի դրանց վաճառքից գոյացած գումարները նույնպես համարվել են ապօրինի: Գործարքների արդյունքում գոյացած ամբողջ գումարը կազմել է 477.473.907 դրամ: Բացի այդ, Ս. Օհանյանի և կնոջ կողմից 2008-2018թթ. ընթացքում կատարվել են ծախսեր, ձեռքբերումներ, վճարումներ, որոնք ևս չեն հիմնավորվել օրինական եկամուտներով:

Վճարումները կատարվել են արտասահմանում կամ ստացողները կազմակերպություններ են եղել, որոնք, Քոչարյանի խոսքերով՝ բարեխիղճ են և չէին կարող իմանալ անօրինական գումարների մասին: Դատախազությունը պահանջում է այդ ծախսված միջոցների չափով գումար, որը կազմում է 600.762.179 դրամ, ևս բռնագանձել:

Գևորգ Քոչարյանը ներկայացրեց Աննա Բադալյանի, Արթուր Առաքելյանի, Բենիամին Ղալեչյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի անունով գրանցված գույքերը Ս. Օհանյանին պատկանելու հանգամանքները հիմնավորող փաստերը:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ Աննա Բադալյանը 2019-2020թթ. «Արարատբանկ» ընկերությունից մաս-մաս ստացել է 820 հազ. ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց գրավադրվել է Նալբանդյան 98 շենքի 2 տարածք: Այդ վարկային միջոցները, լիազորագրի հիման վրա, կանխիկացվել են Ռուզաննա Խաչատյանի կողմից և մարումներն էլ ամբողջությամբ կատարվել են վերջինիս կողմից:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ միայն 2021թ. հունիսի 16-ին կատարվել է վարկի մարում 350 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Նշված գումարը եղել է օվերդրաֆտ:

Դատախազության ներկայացուցիչը պահանջը հիմնավորելու համար այլ տվյալներ ևս մատնանշեց, որով փորձում էր ապացուցել, որ նշված գործարքների իրական շահառուն եղել է Ս. Օհանյանը:

Զարուհի Բադալյանը Նալբանդյան փողոցի վրա գտնվող 5 անշարժ գույքերը և Վահագնի թաղամասում գտնվող 4000քմ հողամասը ձեռք բերելու պահին եղել է 21 տարեկան, նոր է ավարտել համալսարանը և որևէ էական եկամուտ չի ունեցել: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այդ հանգամանքը ողջամտորեն վկայում է նշված գործարքների արժանահավատ չլինելու մասին:

Զարուհի Բադալյանը նշված հողամասը՝ 2800քմ ինքնակամ կառույցով, 2019թ. նվիրատվության պայմանագրով օտարվել է ֆրանսիայի քաղաքացի, այդ ժամանակ 81-ամյա Ժակ Պիեռ Ֆովոյին, ինչը դատախազությունը ևս կասկածելի է համարվում:

Ժակ Պիեռ Ֆովոն հաշվառված է և ապրում է Խորվաթիայում: Գ. Քոչարյանն ասաց, որ նա Հայաստան այցելում է մի քանի օրով: 2021թ. դեկտեմբերին Ֆովոն դատախազությունում բացատրություն է տվել իր անվամբ գույքերի վերաբերյալ: Ըստ Քոչարյանի՝ Ֆովոն նշել է, որ հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսը, իսկ Ռուզաննա Խաչատրյանը եղել է Ֆովոյի ատամնաբույժը:

Ժակ Պիեռ Ֆովոն նշել է, որ Վահագնի թաղամասի տունը կառուցվել է բացառապես իր միջոցներով, որը Հայաստան է փոխանցվել իր և ծանոթների միջոցով՝ կանխիկ եղանակով, մաքսանենգ ճանապարհով: Այդ է պատճառը, որ որևէ հիմնավոր փաստաթուղթ առկա չէ: Ֆովոն չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ գումարներն իրականում ունեցել է:

Ինչ վերաբերում է Սևանա լճի ափին՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում գտնվող գույքին, ապա Գ. Քոչարյանը նշեց, որ այն ամառանոց է: Հաշվառված է Բենիամին Ղալեչյանի անվամբ, ով Օհանյանի նախկին օգնական Ա. Առաքելյանի ազգականն է:

Կադաստրի կոմիտեից և քննչական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ամառանոցի տարածքը՝ մոտ 1 հա, գտնվում է «Սևան ազգային պարկ»-ի հաշվեկշռում և այն զավթվել է: 2010-2015թթ. ընթացքում անօրինական կառուցապատվել է, հետագայում վարձակալություն է ձևակերպվել՝ կառուցապատման իրավունքով:

Սեյրան Օհանյանն առարկեց: Նշեց, որ չի ընդունում ներկայացված փաստերը: Նշված գույքերն իրեն չեն պատկանում: Օհանյանի համար անընդունելի էր նաև Դրախտիկ գյուղի տարածքին վերաբերող դատախազության ներկայացուցչի ձևակերպումը «ապօրինի զավթելը»:

«Թողեցին, որ ես ապօրինի զավթեմ»,- պատասխանեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իր համար ներկայացված որոշ տվյալներ նորություն էին:

Գևորգ Քոչարյանը, անդրադառնալով ավելի վաղ ներկայացված՝ հայցի առարկայի փոփոխության միջնորդությանը, նշեց, որ փոփոխությունը վերաբերում է հայցադիմումի խնդրամասին: Փոփոխված առարկայով դատախազությունը միջնորդում է գույքերն ամբողջությամբ բռնագանձել, այլ ոչ միայն անօրինական մասերը: Իսկ, թե այդ գույքերի որ մասն է օրինական ճանապարհով ձեռք բերվել՝ կհիմնավորվի դատական քննության ընթացքում:

Հաջորդ միջնորդությամբ Գևորգ Քոչարյանը կարևորեց Բենիամին Ղալեչյանին գործով պատասխանող ներգրավելու հանգամանքը, քանի որ նրա անվամբ հաշվառված գույքի մասին ևս խոսվում է:

Դատարանը հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից, թե ինչ դիրքորոշում ունի ներկայացվածի վերաբերյալ: Ս. Օհանյանը հայտնեց, որ ամբողջությամբ առարկում է հայցադիմումի դեմ:

«Ես ապօրինի չեմ հարստացել, այդ գույքերն ինձ չեն պատկանում»,- հայտարարեց Օհանյանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին:

Մեկնաբանություններ (1)

Saro
Բարև Ձեզ։ Երբ պատժում են նախկիններին ես մեծ բավականություն եմ ստանում, սակայն որքան էլ, որ ուշադիր դիտում եմ հաղորդումները ոչ մի անգամ չլսեցի նույիսկ փոքրիկ հիշատակում այդ բոլոր հանցագործներին միավորող մի անձի մասին, որին հաջողվել է մնալով ստվերում հսկայական բացասական և ազգակործան դեր խաղալ մեր նոր պետությանության ժամանակաշրջանում։ Խոսքս «Փեթակի Վարուժ» - ի մասին է։ Երևի թէ երբևիցե լսել եք այդ անունը և այդ մարդու մասին ու Ձեզ երևի թվում է թէ նա ընդամենը այդ «Փեթակ» առևտրի մկենտրոնի սեփականատերն է և ուրիշ ոչինչ ։ Շատերն են հենց այդպես կարծում, սակայն ես հիմա կփորձեմ Ձեզ պատմել նրա այսպես ասած ոչ հրապարակային գործունեության մասին և Դուք կհասկանաք, որ մեր պետականությանը ամենամեծ վնաս հասցրած մարդու մասին է խոսքը։ Այն, որ դեռևս Արցախյան պայքարի ընթացքում համագյուղացիները նրան բռնացրել են «թուրքի մարդ» լինելու մեջ և որոշել վտարել գյուղից ինձ պատմել է հենց իր համագյուղացին, որի անունը չէի ցանկանա նշել։ Ոչ մի օր չի կռվել և չի մասնակցել որևիցե պատերազմական գործողության, սակայն միշտ եղել է չաղլիկ պաշտոններում ու ակտիվորեն ներգրավված է եղել կասկածելի գործարքների մեջ և որտեղ փող աշխատելու կամ ավելի ճիշտ կլինի ասել փող փախցնելու հնարավորություն է եղել նա այդ հնարավորությունը օգտագործել է։ Եղել է Արցախյան բանակի մատակարարման պաշտոններում և բանակից գողանալով կուտակել է իր նախնական կապիտալը։ Հրադադարից հետո աշխատել «Արցախ» կոմիտեում և զուգահեռաբար զբաղվել բենզինի առևտրով - հիմնականում իրացնելով բանակի համար նախատեսված ֆոնդերը և յուրացնելով գումարները, քանի, որ զինվորական վերնախավի հետ շատ սերտ կապեր է ունեցել ։ 1997 թէ 1998 թվականին ՊՆ զորահավաքային վարչության պետ Լևոն Կարապետյանի օժանդակությամբ գնել է Հայէլէկտրոյի 9-րդ ցեխը և նախաձեռնել «Փեթակ» առևտրի կենտրոնի կազմակերպումը, չնայած այն հանգամանքին որ 9-րդ ցեխի նկուղային հարկը հանդիսանում է ռմբապաստարան և պատերազմի մեջ գտնվող երկրի համար դա աննախադեպ էր։ 9-րդ ցեխը առևտրի «Փեթակ» կենտրոն սարքելու համար ներգրավել է Ղարաբաղյան կլանի մի շարք ներկայացուցիչների (որոնց ի՝դեպ հետագայում գցել է)։ Որպիսի և գումար ունենան և տարածքը ազատեն Կարապետյան Լևոնի տղայի հետ մետաղի ջարդոնի տեսքով վաճառել են 9-րդ ցեխի դեռևս չօգտագործված նոր սարքավորումները։ «Փեթակի» տարածքը սեփականաշնորհելու ժամանակ այդ նկուղային հատվածը, որը ամեն դեպքում պետք է որպես ռմբապաստարան ծառայեր չի սեփականաշնորհվել և մնացվել է որպես ռմբապաստարան, սակայն հետագայում կաշառքի և իր պաշտոնեական դիրքն ու կապերը օգտագործելով (եթե չեմ սխալվում Երվանդ Զախարյանի միջոցով) նա այդ տարածքը ևս իր ձեռք է հավաքել և սկսել այդտեղից հսկայական եկամուտներ ստանալ և օգտագործել է «Փեթակի» առևտրականներին հսկայական գումարներով որպես պահեստային տարածք տրամադրելու համար։ Այնինչ այդ ռմբապաստարանը պետք է իր գեներատորներով, սննդի, ջրի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքներով հագեցած պաշարներով մշտապես մնար որպես պատսպարվելու և փրկվելու վայր։ Միայն այդ անօրինական պահեստների օգտագործումից ստացված հսկայական եկամուտները քսան տարվա ընթացքում կազմում են ավելի քան 600000 դոլար։ «Փեթակ» առևտրի կենտրոնի բացումը 1998 թվին համնկավ Քոչարյանի վարչապետ դառնալու հետ և նա հիանալի կերպով օգտագործեց այդ հանգամանքը անձեռնամխելի դառնալու համար։ Ամեն տեղ հայտարարում էր, որ Քոչարյանի քրոջ տղան է, չնայած ընդամենը Քոչարյանի ախրանի պետ Գրիշի համագյուղացին էր, որը իրա կռիշն էր դարձել։ Ելնելով դրանից ոչ հարկայինը, ոչ վեցերորդ վարչությունը չէին համարձակվում մտնել «Փեթակ» ու ինքն անում էր ինչ ուզում էր, սակայն մի անգամ երբ իր բնավորության համաձայն խաղեր էր տվել Գրիշայի հետ սա մի լավ ծեծ էր տվել Վարուժին ։ Դրանից հետո ինքը խաղեր չէր տալիս ու խելոք - խելոք նալոգը ժամանակին հասցնում էր Գրիշին, բայց դե էտ շան ծեծը չէր մոռացել ու մուռ էր պահում։ Գրիշի մահից հետո նա արդեն մեռած մարդու մուռը հանեց տղայից՝ Կարենից։ Երբ Գրիշի տղան ՝Կարենը, որը հիմա Արցախի ՆԳՆ նախարարն է «Փեթակի» հարևանությամբ գտնվող նախկին պրեզիդենտական գարաժում առևտրի կենտրոն էր սարքել նա ամեն ինչ արեց էտ կենտրոնի բիզնեսը հարամելու համար, քանի որ ինքն արդեն Սերժի գործերի կառավարիչն էր ու լծակներ ուներ, իսկ Գրիշան էլ արդեն չկար։ Ընդհանրապես Սերժի նախագահ կարգվելուց հետո սրա գործերն ավելի լավացան։ «Փեթակ» առևտրի կենտրոնը մնաց զուտ որպես շղարշ իր նոր միջնորդական բիզնեսը քողարկելու համար։ Թվում էր թէ սա «Փեթակ» -ից հսկայական շահույթներ է ստանում, սակայն իրականում «Փեթակ» -ից ստացվող շահույթը անհամեմատ ավելի քիչ էր քան իր նոր միջնորդական գործունեությունից ստացվող եկամուտները։ Իրականում չորրորդ դասարանի կրթություն ունի, սակայն փաստաթղթերով Մարդակերտի Պետական Համալսարանի շրջանավարտ է, հետագայում էլ ինչ որ ռուսական կեղծ դիպլոմ է գնել։ Երբ մեծ գումարով գնեց Սերժի գործերի կառավարիչի պաշտոնը և հետո արդեն ինքը սկսեց պաշտոնների վաճառքով զբաղվել, ցանկացած մարդ, ով ուզում էր եկամտաբեր պաշտոն ստանալ դատախազությունում, նախարարություններում , բանակում, հարկայինում կամ ոստիկանությունում գիտեր որ դա կարող է անել «Փեթակի Վարուժ»-ի միջոցով։ Դէ իսկ իրեն ինչ էր մնում անել։ Սերժի կամ Կոստանյան Գևորգի կամ Օհանյան Սեյրանի կամ Գասպարյան Վովաի կամ այլ նախարարների հետ պայմանավորվում էր այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ գումարի մասին և պաշտոնին հավակնողից կրկնակի ավելի գումար պահանջում և ստանում։ Գումարներն էլ վեցանիշ թվերով էին հաշվվում։ Հո էտ պաշտոն գնողը չէր գնալու նախագահից կամ նախարարներից հարցներ տեսներ ինչքան փող էն ուզել։ Եվ սա տարիներ շարունակ դարձել էր իր աստղաբախշական եկամուտի հիմնական աղբյուրը, իսկ «Փեթակ»-ը մնում էր զուտ որպես քող կամ ծածկոց ցույց տալու համար թէ իբր մեծ գումարները այդտեղից են գալիս։ Նշանակումների հիմնական մասը եղել են ՊՆ-ում , քանի որ ամենափողասերը երևի թէ հենց Սեյրան Օհանյանն ա եղել։ Հիմնականում մեծ գումարներով և «Փեթակի Վարուժ» -ի միջնորդությամբ նշանակվում էին ՊՆ վարչությունների պետերը, կորպուսի և զորամասերի հրամանատարները, որոնք հետագայում զինվորի արյունը ծծելով տասնապատիկ հանում էին իրենց տված փողը։ Հետո էլ զարմանում էք թէ ինչու 44 օրյա պատերազմում պարտվեցինք։ Բա փողով նշանակված հրամանատարներով ին՞չ է պետք է հաղթեի՞նք։ Շատ չաղլիկ նշանակումներ է միջնորդել նաև դատախազությունում ոստիկանությունում և հարկայինում։ Նախագահականում աշխատելու տարիներին սերտ շփումները օգնել են անձնական մոտ հարաբերություններ և տալ-առնել ունենալ թէ Կոստանյանի հետ, թէ Դավթյանի, թէ հարկայինի պետերի հետ, որոնք բոլորն էլ նախագահականով են անցել։ Հասկանալի բան է, որ փողով նշանակումները թէ ՊՆ-ում, թէ դատախազությունում , թէ հարկայինում և թէ այլ տեղերում խորապես թուլացնում էին պետության հիմքերը ու աղետի բերում և հենց սրա համար եմ պնդում, որ երկրի ամենամեծ վնասատուներից մեկը հենց «Փեթակի Վարուժն» է։ Մի հարցում էլ էր անփոխարինելի։ Դա նախագահին կաշառք հասցնելու պահն էր։ Դուք երևի շատ լսած կլինեք կասկածներ թէ իբր էսինչը կամ էնինչը կաշառք ա տալիս նախագահին, բայց երբևիցե մտածել էք թէ օրինակ, զուտ ֆիզիկապես, ինչ ձևով կարելի է կաշառքը հասցնել նախագահին։ Հո էտ կաշառատուն դոլլարներով լցված չամադանը ձեռքին չի գնալու մտնի նախագահական ասի հեսա կաշառքը բերել եմ։ Դրա համար հատուկ, վստահելի մարդ ա պետք, որ ինչ որ մի անշառ վայրում էտ մարդու հետ հանդիպի, պայուսակը վերցնի ու հնարավորություն ունենա էտ պայուսակը աննկատ փոխանցի նախագահին։ Սա հենց էն ա ինչ անում էր «Փեթակի Վարուժ» -ը։ Պաշտոնի բերումով նա ազատ ելումուտ ուներ նախագահի ոչ միայն աշխատասենյակ այլ նաև տուն (Պռոշյանի դաչան)։ Պայմանավորված օրը և ժամին կաշառատուից ստանալով կաշառքը նա իր մեքենայով ազատ մտնում էր նախագահական կեցավայր (Պռոշյանի դաչան) ու բարեհաջող հասցեատիրոջը հանձնում տուլիկը։ Էտ դաչայի անձնակազմն էլ ամբողջությամբ լցրել էր իր ազգ ու տակով որ շառ-շուռ աչքից հեռու, ունց ուզենա տենց էլ անի։ Տնօրենը երկար ժամանակ իր խնամին էր (տղայի աները ՝Գրիգորյան Հովիկը), որը հետագայում այդ պաշտոնը հանձնեց փեսային այսինքը «Փեթակի Վարուժ» -ի տղուն – Գրիգորյան Ռաֆիկին։ Բավական չի հերը գողանալու լայն հնարավորություններ ուներ այդպիսի հնարավորություն էր ստանում նաև տղան։ Տարիներ շարունակ նախագահական ավտոպարկի երեք մեքենաներ (TOYOTA LAND CRUISER 020 UU 01, TOYOTA CAMRY 021 UU 01, MERCEDES BENC 032 UU 01) սպասարկում էին իր ընտանիքին, բնականաբար պետության հաշվին միլիոնավոր դրամներ վատնելով։ Դե աղքատ մարդ էր, ինչ աներ։ Հիմա անդրադառնամ Տարոն Մարգարյանին։ Երևի տեսել եք «ԴՎԻՆ» հյուրանոցի դիմաց կառուցված շքեղ վեց թէ յոթ հարկանի շենքերը – Պռոշյան 70/2 և Պռոշյան 70/3 հասցեներով։ Այդ շենքերը պատկանում են «Փեթակի Վարուժ»-ին ու Արկադի Ղուկասյանին, իսկ թէ պետությանը մատուցած ինչ ծառայությունների համար են նրանք արժանացել այդ հողակտորը ստանալու պատվին հարցրեք Տարոն Մարգարյանին , որը ասում են այդ հողակտորը գլուխ բերելու համար 300 000 դոլար կաշառք է ստացել։ Հիմա զգալով մոտալուտ պետականացումը շտապ փորձում են վաճառել այդ շենքերը, սակայն այնպիսի աստղաբախշական թիվ են կրակում, որ գնորդ չի գտնվում։ Ի՝դեպ չմոռանամ ասել, որ Վահագնի թաղամասում գտնվող Ռուզիկի ու Սեյրան Օհանյանի տունը նույնպես «Փեթակի Վարուժ» -ն է սարքել ՊՆ -ում նշանակում անելու շրջանակներում։ Հիմա գանք էս վերջին իրադարձություններին ու հարց տանք «ԱՐՑԱԽ» հայրենակցական միության նախագահ «Փեթակի Վարուժ» –ին։ Համարյա երկու ամիս է Արցախը շրջափակման մեջ է և շատ արցախցիներ, էտ թվում նաև ծերեր ու երեխաներ մնացել են ճանապարհներին կամ մերձակա բնակավայրերում։ Մարդիք սննդամթերք ու տաք հագուստ են հասցնում էտ ճանախարհին մնացածներին, օգնում են ինչով կարողանում են, իսկ դու մի բան ար՞ել էս դրանց համար, որևիցե օգնություն տվ՞ել էս, թէ ժամանակին մենակ փիառվելու համար էիր նվաճում էտ պաշտոնը Հարությունյան Համլետի ոտքի տակը փորելով։ Մի խոսքով ես համարում եմ և նույնիսկ համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի անհաջողությունների մեծ մասի պատասխանատվությունը պետք ա Սերժի, Ռոբիկի, Սեյրանի ու մնացած սրիկաների հետ միասին նաև սա կիսի – իսկ միգուցե նույնիսկ սա ավելին ա մեղավոր քան մնացածները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter