
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը որոշել է աշխատանքը շարունակել ստորադաս ատյանում
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը որոշել է առաջխաղացման փոխարեն «հետ գնալ» և դատավորի պաշտոնում աշխատել առաջին ատյանի դատարանում:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Եթե նախագահն ընդունի առաջարկը, ապա հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անդրանիկ Մնացականյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները կդադարեցվեն:
Անդրանիկ Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր նախաձեռնությամբ է տեղափոխվում առաջին ատյանի դատարան:
«Երկար չեմ կարող խոսել, Հանրապետությունում չեմ, բայց այո, կարող եմ ասել, որ իմ նախաձեռնությամբ է եղել նման առաջարկությունը»,- ասաց դատավոր Մնացականյանը:
Նշենք, որ Անդրանիկ Մնացականյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է: Հավանաբար նրա որոշումը կապված է հայրենի մարզ վերադառնալու հետ:
Մեկնաբանել