
«Մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք». Ա. Թովմասյան
Արցախի Հանրապետության շրջանների բնակիչներին անհրաժեշտ է տեղեկացնել ստեղծված իրավիճակի, և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այդ նպատակով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:
«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ», ընդգծել է ԱԺ նախագահը:
Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները. «Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են ՝
- քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները,
- սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ
- տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:
Հանդիպումը ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության, սոցապահովության, անվտագային ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:
ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին՝ ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար:
Մեկնաբանել