HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ահաբեկչական հարձակում Երուսաղեմում. կա 7 զոհ

Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ի երեկոյան, զինված տղամարդը կրակ է բացել Երուսաղեմի Նևե Յակով թաղամասի սինագոգերից մեկում գտնվող մարդկանց ուղղությամբ։ The Jerusalem Post-ի տվյալներով՝ զոհվել է 7 մարդ։

Իսրայելական ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ BBC-ն, հղում անելով Reuters գործակալությանը, գրում է, որ հարձակումն ուժեղացնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման նոր հնարավորությունը, որը վերջին շրջանում դարձյալ արդիական էր դարձել պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի պարբերական բախումների պատճառով։ 

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 10-ի, որոնց մի մասն ստացել է ծանր վիրավորում։ Այդպիսի տվյալներ հրապարակել է նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործած անձը 21-ամյա պաղեստինցի է, որն ապրում էր Արևելյան Երուսաղեմում գտնվող փախստականների ճամբարում։ Հայտարարության մեջ նշվում է, որ նա կրակ է բացել տեղի ժամանակով մոտ 20:15-ին (Երևանի ժամանակով՝ 22:15-ին)` հրեական շաբաթ տոնական օրվա մեկնարկից հետո։

Հարձակում իրականացրած անձը փորձել է թաքնվել, սակայն գնդակահարվել է օգնության հասած ոստիկանական պարեկի կողմից։ Դեպքի վայրից արված կադրերում երևում են զոհերի մարմինները, որոնք եղել են սինագոգին մոտ գտնվող փողոցի վրա։ «Խոսքը գնում է ծանր պատահարի մասին, ոստիկանապետը մեկնել է դեպքի վայր»,- հայտարարել է Իսրայելի ոստիկանության ներակայացուցիչը։ Շուտով դեպքի վայր է ժամանել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ 

Սինագոգը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, գտնվում է Նևե Յակով թաղամասում, որն իսրայելցիները համարում են Երուսաղեմի մի մասն այն դեպքում, երբ պաղեստինցիների պնդմամբ այդ շրջանը գտնվում է բռնազավթված տարածքներում, որոնք Իսրայելը գրավել է 1967 թվականին տեղի ունեցած արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմի հետևանքով։

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ հարձակում գործած անձի գործողությունները եղել են «Ջենինում օկուպացիոն վարչակարգի հանցագործություններին ի պատասխան»։ Խոսքը գնում է Իսրայելի անվտնագության ուժերի և զինվորականների կողմից իրականացված գործողության մասին, որը տեղի է ունեցել հունվարի 26-ի գիշերը։ Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ-ը հարձակման համար պատասխանատվություն չի ստանձնել։ 

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալա քաղաքում, ինչպես նաև Գազայի հատվածում, պաղեստինցիները, իմանալով հարձակման մասին, կազմակերպել են փողոցային խրախճանքներ, ինքնաձիգներից օդ կրակել, հրավառություն կազմակերպել՝ ազդակներ արձակելով ավտոմեքենաներից և բաժանելով քաղցրավենիք։

Հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխել էին որոշ տուժածների, ևս ամբոխ էր հավաքվել. մարդիկ բղավում էին «մահ ահաբեկիչներին»։

Իսրայելի պետական անվտանգության նախարար և աջ «Օցմա Եհուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը ժամանել է հարձկաման վայր։ «Կառավարությունը պետք է պատասխանի։ Եթե Տիրոջ կամքը լինի, այդպես էլ կլինի»,- ասել է նա։

Երկու օր առաջ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում իսրայելական ուժայինների գործողության հետևանքով սպանվել էր մի քանի մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել էր 9 մարդ, այդ թվում տարեց մի կին։

Իսրայելի պաշտպանության բանակը հունվարի 27-ի գիշերը Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի տարածքից արձակել է մի քանի հրթիռ։ Վերլուծաբաններն ու դիտորդները մտահոգություններ ունեն, որ տեղի ունեցածը կարող է հանգեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրման։ 

Հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվում էր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։

Լուսանկարը՝ Olivier Fitoussi/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter