
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում մատուցվել է Հանրապետական մաղթանք
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք է բարձրացրել առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
Մեկնաբանել