
Պայթյուններ Իրանի ռազմավարական օբյեկտներում. հարձակման մեջ մեղադրվում է Իսրայելը
Հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյունների շարք է գրացվել Իրանի ռազմավարական օբյեկտներում, որոնք տեղակայված են երկրի ողջ տարածքով մեկ։ BBC-ն, հղում անելով իրանական IRNA գործակալությանը, գրում է, որ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ Սալիմի քաղաքում այրվել է շարժիչների համար նախատեսված յուղի արտադրության խոշոր գործարանը։
Tasnim գործակալությունն էլ հայտնում է, որ դրոններով հարձակման է ենթարկվել նաև սպառազինության արտադրության ռազմական գործարաններից մեկը, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգում։ Նշվում է նաև Իրանի հարավում գտնվող Դիզֆուլ ավիաբազայում պայթյունի, երկրի արևմուտքում գտնվող Համադան ու հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքներում պայթյունների և հրդեհների մասին։
Պայթյունների ձայներ են լսվել նաև Թեհրանում։ Տեղացիների խոսքով՝ հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը։ Ականատեսները հայտնում են, որ իրանական մայրաքաղաքի երկինք են բարձրացվել ինքնաթիռները։
Video from Isfahan this evening where there was an explosion this evening at an #Iran MODAFL ammunition manufacturing facility, per Iranian media. Here in this video the narrator claims there was a drone involved. pic.twitter.com/eyBxMUCCWC
— Jason Brodsky (@JasonMBrodsky) January 28, 2023
Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում սպառազինոթւյան արտադրության գործարանի վրա հարձակման լուրը։ «2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան, մոտ 23:30-ին անօդաչուի կիրառմամբ անհաջող հարձակման փորձ է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա։ Դրանցից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական ծուղակն ու պայթել»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի զինված ուժերի փոխանցմամբ՝ շենքի տանիքն աննշան վնասվել է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։ Կորպուսի հրամանատարությունը, ըստ Tasnim գործակալության, հայտարարել է, որ Իսրայելի անօդաչուներն են հարձակվել իրանական օբյեկտների վրա։
Իրանի և Իսրայելի բարձր ղեկավարությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս պայթյունները։ Ի սկզբանե արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանի տարածքում՝ այդ երկրի ռազմական արդյունաբերության ոչնչացման նպատակով, սակայն, ավելի ուշ, հեռուստաընկերությունը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ երկրում անջատվել է ինտերնետը։
Լուսանկարը՝ hindustantimes.com-ից
Մեկնաբանել