Կադրերի բացակայության պատճառով երեխաներին կվիրահատեն ընդհանուր վիրաբույժները
Առողջապահության նախարարության լիցենզավորման վարչությունն առաջարկում է, որ 15-18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտություններն իրականացնեն բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում, իսկ 14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունները՝ մեծահասակների լիցենզիայի շրջանակում:
Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ներկայումս մինչև 18 տարեկանների բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը ենթակա է լիցենզավորման: Դրանով պայմանավորված՝ ոլորտում առկա է կադրային ապահովման խնդիր։ ԱՆ-ից նշում են, որ որովայնային վիրաբուժական տեսակի տակ իրականացվող միջամտությունները կարող են իրականացվել նաև բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր վիրաբուժական տեսակի շրջանակներում` ավագ բուժաշխատող ընդհանուր վիրաբույժների կողմից: Նախագծի ընդունմամբ՝ ակնկալվում է լուծել հենց այդ կադրերի բացակայության խնդիրը:
Բացի այդ, նախկինում նախազորակոչային տարիքի տղաների զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը նույնպես իրականացնում էին մանկական բժշկական ծառայության տեսակներով գործունեության լիցենզիա ունեցող մասնագետները։ Այս նախագծով ցանկանում են թույլ տալ, որ հատուկ լիցենզիա չունեցող, մեծահասակներին բուժծառայություն մատուցող բժիշկները նույնպես հետազոտություն իրականացնեն։
Քանի որ մարզերում կա մանկաբարձական, իսկ դպրոցներում, ճամբարներում և լողափերում՝ բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպման խնդիր, նախատեսվում է այդ ծառայություններն իրականացնել շարժական մանկաբարձական և բուժքույրական գործունեության լիցենզիա ստանալու հնարավորություն ունեցող արտահիվանդանոցային մանկաբուժական (կա'մ ընտանեկան բժշկություն, կա'մ բժշկական ընդհանուր պրակտիկա) գործունեության լիցենզիա ունեցող ու պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին։
ԱՆ կարծում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվեն Հայաստանում եղած կադրային խնդիրները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման ենթակա տեսակների ցանկին կավելացվեն նոր տեսակներ (շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական), բացի այդ, կկարգավորվի մարզերում` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում՝ բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպման հարցը:
Եթե նախագիծն ընդունվի, ուժը կորցրած կճանաչվի բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը։
Մեկնաբանել