HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում շարունակում են ենթադրել, թե ով է ի վերջո կանգնած Իրանի վրա դրոններով հարձակման հետևում

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը համացանցի իրանական հատվածում սկսեցին տեսանյութեր տարածվել, որի հեղինակները պնդում էին, որ հրդեհներ են սկսվել Իրանի ռազմավարական տարբեր օբյեկտներում, որոնք տեղակայված էին երկրի ողջ տարածքով մեկ։ Նրանց պնդմամբ՝ հրդեհներն սկսվել էին դրոնների հարձակման հետևանքով։ Համաշխարհային մամուլն արագ սկսեց ենթադրություններ անել, թե ով կարող է լինել կանգնած իրանական ռազմավարական օբյեկտների վրա դրոններով հարձակման հետևում։ Հիմնական սլաքներն ուղղված էին Իսրայելի վրա։ Թեհրանը, սակայն, պաշտոնապես չի հայտարարել, որ Իրանի տարածքի վրա հարձակում իրականացնողը եղել է հենց Իսրայելը։

Իրանից ստացվող տեղեկությունները խիստ սահմանափակ են, որովհետև իշխանություններն այդ երկրում ոչ միայն անջատել էին ինտերնետին հասանելիությունը, այլև պետական մարմինները հանդես չէին գալիս որևէ հայտարարությամբ՝ միայն նշելով, որ դրոններով հարձակման «անհաջող փորձ է եղել»։ Համաշխարհային մամուլին մնում էր միայն ենթադրություններ անել կամ դիմել անվտանգության ծառայություններում իրենց աղբյուրներին՝ ստանալու ինչ-որ տեղեկատվություն։ 

Առաջիններից մեկը, որը հայտարարեց, որ հարձակման հետևում կանգնածն Իսրայելն է, արաբական Al Arabiya հեռուստաընկերությունն էր։ Հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Իսրայելն Իրանի տարածքում սկսել է «հատուկ ռազմական գործողություն»։ Ըստ լրատվամիջոցի՝ նպատակն Իրանի ռազմական արդյունաբերության ոչնչացումն է։ Ավելի ուշ, սակայն, հեռուստաընկերությունը, թեև չհերքեց Իսրայելի մասնակցությունը, այդուհանդերձ նշեց, որ գործողություն ասվածը խիստ չափազանցված է։

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին, գրել էր, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի կողմից։ Ավելի ուշ, այդ տեղեկատվությունը հաստատել էր նաև Reuters գործակալությունը։ Մեջբերելով Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի խոսքերը՝ Reuters-ը նշել էր, որ գործողությանն ամերիկյան ուժերը չեն մասնակցել։ Համանման տեղեկատվություն հրապարակել էր նաև The New York Times-ը։ Ավելին, ամերիկյան այս պարբերականը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, նշել էր, որ գործողությունը կազմակերպվել է Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ Մոսադի կողմից։ Fox News-ը գնաց ավելի հեռուն։ ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը հարող այս հեռուստաընկերությունն իր հրապարակումներում սկսեց անընդհատ շեշտադրել այն միտքը, որ իրանական ռազմավարական օբյեկտների վրա հարձակումը տեղի է ունեցել Միջերկրական ծովում ԱՄՆ-ի և Իսրայելի լայնամասշտաբ զորավարժություններից հետո։

Կան նաև լրատվամիջոցներ, որոնք հերքում են Իսրայելի կապը տեղի ունեցածի հետ, ինչպես օրինակ, լիբանանյան Al Hadath-ը՝ փոխարենը նշելով Միացյալ Նահանգների և «ևս մեկ երկրի» մասին։ Իսրայելը, սակայն, չի մեկնաբանում իրանական ռազմավարական օբյեկտների վրա դրոնների հարձակումն ու դրա հետ իր հնարավոր կապը։ Ռուսական TACC գործակալության թղթակիցը կապ էր հաստատել Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ, որտեղ ձեռնպահ էին մնացել որևէ մեկնաբանություն անել։ «Մենք որևէ մեկնաբանություն չենք տալիս այդ թեմայով»,- հայտարարել էին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ 

Փոխարենը Եվրամիությունում չգիտեն, թե ով է կանգնած այս հարձակման հետևում։ «Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետևում, և թե հենց ինչ է տեղի ունեցել։ Մենք հետևում ենք ստացվող տեղեկատվությանը։ Մեզ համար շատ կարևոր է տարածաշրջանում խուսափել սրացումից, այդ իսկ պատճառով բոլոր մասնակիցներին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հարվածներից մեկը եղել է Սպահանում տեղակայված ռազմավարական օբյեկտներից մեկի ուղղությամբ։ Ինչպես հայտնի է Սպահանը հրթիռային արտադրության և հետազոտությունների խոշոր կենտրոն է։ Այնտեղ արտադրվում են միջին հեռահարության Shahab հրթիռները, որոնք կարող են հասնել մինչև Իսրայել և դրանից անդին։ Այնտեղ է նաև Shahed անօդաչուների արտադրությամբ զբաղվող գործարաններից մեկը։

Թեմային բավականին ակտիվ անդրադարձել էին նաև Ուկրաինայում։ Այդ երկրի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել էր, որ պայթյունները կարելի է անվանել Իրանի քաղաքականության հետևանք։ «Այն, ինչ կատարվում է Իրանում, կարելի է անվանել իր քաղաքականության հետևանք։ Հնարավոր է, նրանք այլ կերպ իրենց աջակցությունն ուղարկեն ահաբեկիչ երկրներին և չօգնեն Ռուսաստանին իրականացնել իր հանցագործությունները։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը ցանկանում է նրանցից զենք ստանալ, որի կարիքն ունի։ Դա բալիստիկ հրթիռներն են, հարվածային անօդաչուները։ Իրանը ևս հասկանում է, թե ինչ է ուզում Ռուսաստանից։ Գումարած Ռուսաստանը արդեն նրանց ինքնաթիռներ է խոստացել»,- ասել էր Իգնատը։

Մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաներն Իրանին մեղադրել էին Ռուսաստան անօդաչուների մատակարարման մեջ, որոնք այդ երկիրը կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս անգամ, բայց, ամերիկացի պաշտոնյաները և փորձագետները նշում են, որ հարձակումը կապ չունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ, այլ՝ Իսրայելի ազգային անվտանգության։

Լուսանկարը՝ Iranian Army/WANA (West Asia News Agency)/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter