HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ:

«Պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել Վ.Գ.-ի, Ա.Հ.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից փաստաթղթեր կեղծելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներով պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կազմելու, Էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու տվյալներ: Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ շահառուի կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերն ու տեղեկատվությունը ոչ պատշաճ ուսումնասիրելու հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արդյունքում, Վ.Գ.-ի կողմից հափշտակվել է 57 մլն 780 հազար դրամ, Ա.Հ.-ի կողմից՝ 16 մլն 192 հազար 940 դրամ, իսկ Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից՝ 58 մլն 500 հազար դրամ:

Վերոշարադրյալի հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնել), 325-րդ հոդվածի 1-ին մասով` (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter