
Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասումների դեպքերն ավելանում են
2022թ. անազատության մեջ գտնվող անձանց շրջանում մահվան, ինքնավնասումների դեպքերն ու ինքնավնասում կատարած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: 2020թ. քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) արձանագրվել էր անազատության մեջ գտնվող 5 անձի մահվան դեպք, 2021-ին՝ 13, իսկ 2022թ․-ին (դեկտեմբերի 29-ի դրությամբ)՝ 18 դեպք:
Եթե 2020-2021թթ․-ին մահվան դեպքերի մեծամասնությունը գրանցվել էր «Արմավիր» ՔԿՀ-ում, ապա 2022-ին՝ «Նուբարաշեն»-ում: Հարկ է նշել, որ մահվան դեպքերի կեսը արձանագրվել է քաղաքացիական հիվանդանոցում: Այսինքն՝ անձին տեղափոխել են քաղաքացիական որևէ բժշկական հաստատություն, և այնտեղ է գրանցվել մահը:
Ուշագրավ է, որ վերջին 3 տարվա ընթացքում ՔԿՀ-ներում մահվան դեպքերն ամենաշատը բաժին են հասնում կալանավորված անձանց: 2020թ․-ին 5 մահացածից 4-ը կալանավոր է եղել, 2021-ին՝ 13-ից 7-ն է եղել կալանավորվածի կարգավիճակում, իսկ 2022-ին՝ 17-ից 10-ը:
Նշված 3 տարվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնասպանության 7 դեպք՝ «Նուբարաշեն, «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում: Նշենք, որ ինքնասպան եղած 7 անձից 4-ը եղել է կալանավորվածի կարգավիճակում, 3-ը՝ դատապարտյալի:
2022թ․-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ դատապարտյալ և մեկ կալանավորված անձ (համապատասխանաբար՝ 41 և 33 տարեկան) և «Սևան» ՔԿՀ-ի մեկ դատապարտյալ՝ 23 տարեկան:
Մեծ թիվ են կազմում նաև ինքնավնասման դեպքերը՝ 2020թ.-ին՝ 537, 2021-ին՝ 366, իսկ 2022-ին՝ 515: Ամենաշատ դեպքերն արձանագրվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հետո՝ «Արմավիր»-ում: Միայն «Նուբարաշենում» 2022թ․-ին արձանագրվել է 235 դեպք, «Արմավիրում»՝ 121: Ինքնավնասման ամենացածր ցուցանիշն արձանագրվել է «Սևան» ՔԿՀ-ում՝ 1 դեպք, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ընդհանրապես ինքնավնասման դեպք չի արձանագրվել:
Բազմաթիվ են դեպքերը, երբ նույն անձը տարվա ընթացքում մի քանի անգամ է ինքնավնասման դիմում: Այդ է պատճառը, որ ինքնավնասման դիմած անձանց թիվը, համեմատաբար, ավելի քիչ է արձանագրված դեպքերից:
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պետությունը մի քանի գործողություն պետք է իրականացնի ՔԿՀ-ներում մարդու կյանքի, առողջության իրավունքը պաշտպանելու ուղղությամբ, ինչպես նաև կանխի ինքնավնասումների դեպքերը:
«Միայն այն փաստը, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց գրեթե 50 %-ը առողջական խրոնիկական խնդիրներ ունի, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակը խորանալու է փակ հաստատությունում: Մարդը 23 ժամ փակված է մնում սենյակում և պահման պայմաններն էլ շատ հեռու են գոնե նորմալ լինելուց»,- ասում է Զ. Հովհաննիսյանը:
Դիտորդական խմբի ղեկավարը բարձրացնում է նաև հոգեկան առողջության հարցը: Ըստ նրա՝ ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման, հոգեկան առողջության հետ կապված քաղաքականություն պետք է մշակվի:
Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ 2022թ․-ի օգոստոսից քրեակատարողական հիմնարկ մուտք գործած անձանց դեպքում ձևաթղթերի վրա լրացվում են տվյալներ, որոնցով գնահատվում է հոգեկան առողջության վիճակը:
Զ. Հովհաննիսյանն ասում է, որ դեռևս վաղ է գնահատել՝ ազդեցություն ունեցել է, թե ոչ և կանխարգելիչ ինչ դերակատարում է ունեցել:
«2022թ. ունեցանք նաև հացադուլի հետևանքով մահվան դեպք, ինչն աննախադեպ էր վերջին տարիների համար: Դա նշանակում է, որ անձի հետ տարվող սոցիալ-հոգեբանական, իրավաբանական բացատրական աշխատանքը չի կարելի գնահատել բավարար, ինչն էլ ունեցել է ծայրահեղ դրսևորում»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ինքնավնասման դեպքերին՝ դիտորդական խմբի ղեկավարն ասում է, որ ստացված ահազանգերը հիմնականում լինում են քրեական գործերի, առողջական վիճակի, խցակիցների հետ ունեցած դժվարությունների և վարչակազմի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է դեպքերին, երբ մարդը տասնյակ ինքնավնասումներ է կատարում, լինում են սուր, կտրող գործիքները կուլ տալու, դրանցով ինքնավնասումներ հասցնելու, թուք ներարկելու դեպքեր: Կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է հոգեկան առողջության վիճակի մասին խոսելը: Հնարավոր է՝ ախտորոշում չունենա անձը, բայց հոգեկան այնպիսի վիճակում լինի, որի պատճառով դիմի բազմաթիվ նման դեպքերի»,- ասում է Զառա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երբեմն անձը կանխամտածված է այդ քայլին դիմում, որ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և այնտեղից, օրինակ, արգելված իր բերի:
Դիտորդական խմբի մեկ այլ անդամ՝ Հասմիկ Հարությունյանը, երկու հանգամանք է կարևորում: Մեկը այն, որ չնայած ազատազրկված անձանց թիվը վերջին տարիներին նվազել է՝ մահվան դեպքերի նվազում չի արձանագրվում։
«2022 թ․-ին 18 դեպք է եղել, ինչը շատ է ու խոսում է համակարգում դեռ առկա խնդիրների մասին։ Իհարկե, սա մի խնդիր է, որ բոլոր երկրներում և համակարգերում կարող ենք նկատել, բայց դրա շարունակական կրկնությունը պահանջում է լուծումներ և նոր մոտեցում, ինչը մեզ մոտ դեռ թերի է, և դրա մասին խոսում են թվերն ու արդյունքները: Սա առաջին հերթին կապված է բուժսպասարկման հետ։ Մասնավորապես՝ բուժսպասարկման որակի եւ հրատապ դեպքերում հնարավորինս արագ հասանելիության հետ, ինչը կրկին դեռ թերի է»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ՝ ասվածի վառ օրինակն է նախորդ տարվա մահվան դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել երկարաժամկետ հացադուլից հետո։
Հաջորդ մտահոգիչ հանգամանքը, որի վրա ուշադրություն է հրավիրում Հ. Հարությունյանը, մահվան դեպքերով արդյունավետ քննության բացակայությունն է։
«Իմ երկարաժամկետ աշխատանքի ու փորձի ընթացքում չեմ հիշում դեպք, երբ մահվան հանգամանքները պարզված լինեն, արդյունավետ քննություն կատարված լինի, հնարավոր մեղավորները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Եթե 1-2 դեպքով արդյունավետ քննություն լիներ, հետագայում նման դեպքերի կանխման երաշխիք կդառնար: Համակարգում պատասխանատու անձինք ավելի հաշվետու և պատասխանատու կգործեին՝ իմանալով որ և իրենց անգործությունը և սխալ գործողությունները հետևանք կառաջացնեն իրենց համար»,- նշում է Հասմիկ Հարությունյանը:
Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվել էինք ինքնասպանության և ինքնավնասման դեպքերով քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին: Պատասխանել են, թե տարբերակված վիճակագրություն չեն վարում: Սակայն նշել են, որ ինքնավնասման և ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով նախաձեռնվում է քրեական վարույթ: Պատճառները պարզելու համար նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն: Թե ինչ է լինում հետո՝ ծառայությունը տեղեկություններ չի կարող տրամադրել:
Մեկնաբանել