HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Չի կարելի էսքան մարդու անգործ թողնել». «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները դեմ են դրա փակմանը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից դադարեցրել է աշխատանքը։ ՔՏՀԱ տեսչական մարմինը հակահրդեհային կանոնների խախտումներ է հայտնաբերել, և տոնավաճառը փակելու որոշում է կայացվել։ Տոնավաճառի աշխատակիցները դեմ են, որ այն փակվի։

70-ամյա Կիմա Դարաբյանն արդեն 30 տարի է՝ աշխատում է «Մալաթիա» տոնավաճառում», տղամարդկանց կոստյումներ է վաճառում։

Նրա խոսքով՝ տոնավաճառը փակելով՝ շատ խնդիրներ կառաջանան։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարությունն այսքան մարդու ձայնը տեղ կհասցնի, և տոնավաճառը կվերսկսի իր աշխատանքը։ Ե՛վ կխնդրենք, և՛ կպահանջենք, եթե մեր խնդրանքը չանցնի, կպահանջենք պարտադիր, նորից կպահանջենք»,- ասում է նա։

Ըստ Կիմայի՝ հիմա առևտրի լավ շրջան է։ «Առաջիկայում Տյառընդառաջն է, նոր ապրանք էինք ներկրել, եթե մի ամիս փակ մնա, ապրանքը կմնա, հետո ի՞նչ պետք է անենք»,- ասում է նա։

Տոնավաճառի մեկ այլ աշխատակից Լիանա Ավետիսյանն էլ նշում է՝ անակնկալի են եկել, երբ իմացել են, որ տոնավաճառը փակվելու է։

Լիանան ամուսնու հետ 16 տարուց ավելի է՝ այստեղ է աշխատում, հագուստ է վաճառում։

«Մեր շուկան լավն ա, մենք սովոր ենք, աշխատում ենք, չենք ուզում փակվի, որովհետև չենք պատկերացնում՝ դրանից էն կողմ լավ աշխատանք կա՞։ Ես ոչ մեկից ոչ ողորմություն եմ խնդրում, ոչ պարտք եմ անում, ես աշխատում եմ, ես ապրում եմ, թող թողնեն ես աշխատեմ, պահեմ իմ էրեխեքին»,- նշում է նա։

Ըստ Լիանայի՝ տոնավաճառի տնօրենն ասել է՝ ինչ թերի է, կշտկվի։

«Բայց սենց չեն ասում մարդկանց միանգամից՝ թողե՛ք, գնացե՛ք։ Իրենց տեղը լավ ա, նստել են տաք-տաք, չեն մտածում ժողովրդի մասին, բայց երբ հարց է լինում, դուրս ենք գալիս, իրենց կողքին կանգնում ենք։ Թող մի հատ տե՛ղ հատկացնեն, մեզ տեղավորեն, նոր փակեն շուկան»,- ասում է նա։

Աշխատակիցը նշում է՝ տոնավաճառում անվտանգության կանոնները պահպանվում են. «Այստեղ ջրի հզոր խողովակներ կան, որ մի վայրկյանում կմարեն հրդեհը։ Թերություններ ամեն տեղ էլ կան, դրանք շտկում են։ Չի կարելի էսքան մարդու անգործ թողնել»։

Տոնավաճառի մեկ այլ աշխատակից էլ, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ տան միակ աշխատողն է, աղջկան ու թոռանն ինքն է օգնում, հիմա չգիտի՝ ինչ են անելու։

«Ամբողջ գիշեր չեմ քնել՝ մտածելով, որ վաղը հացի խնդրի առաջ կանգնեմ, ի՞նչ եմ անելու, դեղերով եմ ապրում։ Տնօրինությունն ասում է՝ սպասեք, անվտանգության հետ կապված ինչ հարց եղել է, որ կարողացել ենք, ուղղել ենք, որն ի վիճակի չենք ներկա պահին, շինության ստանդարտներին չի համապատասխանում, ի վիճակի չենք, ո՞նց կարող ենք ուղղել... Հիմա մարդ ենք, աշխատել ենք, եթե հարցեր կան, կարելի ա էնպես լուծել, որ ժողովուրդը չտուժի։ Հիմա մեր հացի հաշվին ինչ-որ հա՞րց են ուզում լուծել։ Թող թողեն աշխատենք, իրանք իրար մեջ էդ հարցերը լուծեն, մենք էստեղ ի՞նչ կապ ունենք»,- ասում է նա։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների հետ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք դառնալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Ըստ Տեսչական մարմնի՝ եթե ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում անհրաժեշտ ներդրում կատարելու վերաբերյալ դրական դիրքորոշում չհայտնի, տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter