HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է 39 մարդ

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումից հետո սկսված լարվածության ֆոնին՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը սկսել է «իրանական լրտեսական ցանցի» որոնումները։ Ադրբեջանական այդ գերատեսչությունը հայտարարել է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվել է ևս 39 մարդ, որոնք կասկածվում են Իրանի օգտին լրտեսական գործողությունների մեջ։

Meydan TV-ն գրում է, որ, ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի, «այդ անձինք սոցիալական ցանցերում իրականացրել են Իրանի օգտին քարոզչություն, չարաշահել Ադրբեջանում հավատի ազատությունը, իրականացրել իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խարխլեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»։

«Օգտագործելով Իրանի ատրիբուտները, ինչպես նաև պարսկերենով սև դրոշների վրա տարբեր գրառումները, սոցիալական ցանցերում և կրոնական արարողակարգերի ժամանակ, որոնց մասնակցում են Ադրբեջանի քաղաքացիները, նրանք դավանանքի հիմքով խտրականության և միջկրոնական երկպառակություն հրահրելու նպատակով շփոթություն են մտցրել հասարակության մեջ ու հավաքված տեղեկատվությունը փոխանցել հատուկ ծառայություններին, որոնցից ստացել են հանձնարարություններ»,- APA գործակալությունը մեջբերել էր Ադրբեջանի ՆԳՆ հայտարարությունը։

Meydan TV-ն նշում է, որ ձերբակալվածների թվում է Մեթլեբ Բաղիրովը, որը հայտնի է որպես Հաջի Մեթլեբ։ Վերջինս շիա կրոնական գործիչ է, որին պատկանում են InterAz և SalamNews ինտերնետային կայքերը։

Ձերբակալվածների հարազատները հայտարարում են, որ նրանցից որևէ մեկը լրտես չէ, այլ միայն երկու երկրների միջև լարվածության զոհ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին հատուկ գործողություն էր իրականացրել՝ «իրանական լրտեսական ցանցի հայտնաբերման նպատակով»։ Համաձայն այդ գերատեսչության հաղորդագրության՝ գործողություններն իրականացվում էին Բաքվում և երկրի մյուս հատվածներում։ Մասնավորապես, խուզարկվել էին նաև «SalamNews» տեղեկատվական գործակալության խմբագրությունը և «Interaz» հեռուստաընկերությունը։

Ի սկզբանե նշվում էր 7 անձի ձերբակալության մասին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter