
Ջո Բայդենը փետրվարին կարող է այցելել Կենտրոնական Եվրոպա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարին կարող է այցելել Կենտրոնական Եվրոպա։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, Ռիգայում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նրա խոսքով՝ Լեհաստանում սպասում են Բայդենի այցին, որովհետև հենց ԱՄՆ նախագահն է հայտարարել այդպիսի պլանների մասին։ «Նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, փետրվարին կայցելի Եվրոպայի մեր հատված»,- ասել է Դուդան, որի ելույթը հեռարձակել է TVP-ն։
Ինչպես նշել է Լեհաստանի նախագահը, նա ի նկատի ունի Կենտրոնական Եվրոպան։ «Եվրոպայի մեր հատվածը, այս համատեքստում, դա Ռումինիայից մինչև Էստոնիա ընկած տարածքն է»,- նշել է Դուդան՝ ընդգծելով, որ ներկայումս բարդ է ասել, թե կոնկրետ որտեղ կլինի Բայդենը։ «Մենք դեռևս նման տեղեկատվություն չունենք։ Հավանական է, որ այդ տվյալները կլինեն առաջիկայում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 30-ին հայտարարել էր, որ մտադիր է այցելել Լեհաստան, սակայն դեռևս չգիտի, թե երբ դա կարող է տեղի ունենալ այցը։ Հունվարի 25-ին NBC-ն հայտնել էր, որ Բայդենը դիտարկում է փետրվարին եվրոպական մի շարք երկրներ այցելելու հնարավորությունը։ Ամերիկյան այս հեռուստաընկերության տվյալներով՝ այցը կարող է համընկնել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1-ամյակի հետ։ NBC-ն, այդուհանդերձ, չէր նշել, թե արդյոք այցի շրջանակներում Բայդենը նախատեսում է այցելել Ուկրաինա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, ավելի ուշ, նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է արձագանքել պատերազմի մեկնարկի 1 տարվան։ Ըստ նրա՝ դրա կազմակերպումն ընթանում է ամբողջ ոգով։ Ավելի վաղ, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին ընդգծել էր, որ Բայդենը, «երբ գա ժամանակը», կարող է այցելել Ուկրաինա, սակայն այդպիսի այց նրա պլաններում դեռևս չկա։
Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության
Մեկնաբանել