HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուիս Բոնոն նշանակվել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ նոր ավագ խորհրդական։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցել համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ ամերիկյան կողմի՝ դիվանագետ Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման նպատակով, ինչպես նաև կզբաղվի ռուս-վրացական հիմնախնդրով։ 

Տարբեր տարիների նա դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Այսպես, եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԱՄՆ ներկայացուցիչը, ինչպես նաև՝ աշխատել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և Սուրբ Աթոռում ԱՄՆ ներկայացուցչություններում։ Բոնոն նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ֆիլիպ Ռիքերը հունվարի 5-ից թողնում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ «Այսօր մենք հայտարարում ենք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին։ Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերը անձնավորել է նվիրվածությունն ու ծառայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությանն ու ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական ու Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,- ասել էր Փրայսը։

Փրայսը նշել էր, որ նախորդ տարվա օգոստոսին այդ պաշտոնում Ռիքերի նշանակման ժամանակ բոլորը գիտեին, որ նա կարճ ժամանակով է զբաղեցնելու այն։ «Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու՝ ԱՄՆ հանձնառությունը»,- ընդգծել էր Նեդ Փրայսը։

Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter