HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1.4 մլրդ դրամ՝ 7 մարզում սուբվենցիոն ծրագրերի համար

2021-2022թթ. հաստատված և հիմնականում ավարտված ծրագրերի համար պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 412 մլն դրամ։ Հատկացվող գումարով Կառավարությունը կվճարի 17 համայնքի 25 սուբվենցիոն ծրագրերի իր մասնաբաժինը։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 2-ի նիստում։ Գումարը կհատկացվի 7 մարզի՝

  • Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, 3,5 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 1 ծրագիր, 81,5 մլն դրամ,
  • Լոռու մարզ՝ 2 ծրագիր, 30 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 10 ծրագիր, 185 մլն դրամ, 
  • Շիրակի մարզ՝ 4 ծրագիր, 548 մլն դրամ, 
  • Սյունիքի մարզ՝ 4 ծրագիր, 198 մլն դրամ,
  • Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 366 մլն դրամ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Գյումրիին հատկացվող 447 մլն դրամով իրականացված ծրագրին։

«Այս ծրագրով Գյումրիում գործող 50 ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արևային կայաններ, որոնք տարբեր հզորություն ունեն, ընդհանուր հզորությունը 1,7 ՄգՎտ է, սա բավական լավ ծրագիր է Գյումրու էներգախնայողության և կանաչ էներգիայի առումով»,- նշեց նախարարը։

25 ծրագրերից 6-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում, իսկ 19-ը՝ 2022-ին։

2021 և 2022 թթ. հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցում ու նորոգում, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցում ու նորոգում, գիշերային լուսավորության անցկացում, բնակավայրերի գազիֆիկացում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter