HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հագուստի արտադրությունը 2 տարում ապահովել է 11 500 աշխատատեղ. հաստատվեց տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-2026 թթ. ծրագիրը։ Նախագիծը մշակել են Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ը, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝ ի տարբերություն 2017 թ.-ի 8 ընկերության։

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 500 աշխատատեղ։

Ըստ փոխնախարարի՝ ծրագրում նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում և հմտությունների մեծացում, արտադրական կարողությունների զարգացում, արտահանման և վաճառքների ծրագրեր։

Նախագծի շրջանակում աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբի․

  1. Տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող ընկերություններ (ունեն աջակցության ամենամեծ ծավալը),
  2. Տեքստիլ ոլորտի բոլոր ընկերությունները,
  3. Սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ,
  4. Տեքստիլ ընկերություններ, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

Ինչպես նշված է որոշման նախագծում, հագուստի և դրա պարագաների արդյունաբերությունը Հայաստանի արտահանման 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր է՝ կանանց ավելի քան 90% ներգրավվածությամբ։ 

«2020 թ. ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի, քան 2017-ին։ Ոլորտը, 2021 թ.-ին ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարևոր ճյուղ է։ 

Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին (2021 թվականին` 2.8%), վիճակագրական վերլուծությունները և արտադրական ընկերությունների հետ հարցազրույցները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի և երկրի սոցիալական կյանքում դրա կարևոր դերի մասին։ 2020 թ.-ին ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են եղել։ Վերջին 10-20 տարվա ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձևավորվել են խոշոր արտադրողներ և հայտնի ապրանքանիշեր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի շրջանակներում կարևորվել է 10 հիմնական ուղղություն․

  1. Իրականացնել ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք կփոխեն տեքստիլ արդյունաբերության մակրոկառավարման և մոնիտորինգի գործընթացները:
  2. Բարելավել տեքստիլ ոլորտի աշխատողների մրցունակությունը (հմտություններ, որակ և արտադրողականություն)։
  3. Օպտիմալացնել և արդիականացնել բիզնես գործընթացները՝ նպաստելով արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը:
  4. Արդիականացնել տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտները՝ ներդնելով բարձր տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը։
  5. Նպաստել տեքստիլ ոլորտում կայունության զարգացմանը։
  6. Նպաստել և խթանել հայկական ապրանքանիշերի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։  
  7. Դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան (հումքի շուկաներ)` շուկայի կայունությունը բարձրացնելու և այն հավասարակշռելու նպատակով։
  8. Ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում։
  9. Հավասարակշռել տեքստիլ արդյունաբերության զարգացումը Հայաստանի բոլոր մարզերում՝ մասնավորապես ռազմավարական նշանակություն ունեցող և սահմանամերձ տարածքներում՝ նպաստելով երկրի հավասարաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը։
  10. Զարգացնել բարդ ապրանքների արտադրությունը՝ նպաստելով Հայաստանի տեքստիլ ոլորտի բարդության ցուցանիշի (PCI) բարձրացմանը։

Նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ինչպես միջոցառումների առաջնահերթությունները, այնպես էլ՝ հարկաբյուջետային սահմանափակումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter