
5 քրեական վարույթ` Զինված ուժերի ինժեներական պահեստում ուսումնասիրության արդյունքում
Հայաստանի Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝
- կատարվել են արտահերթ գույքագրումներ,
- ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը,
- ստուգվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:
«Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ»,- նշված է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել