
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ։ Այդ մասին ասվում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
Initial report: The IDF is currently striking in Gaza. Details to follow.
— Israel Defense Forces (@IDF) February 2, 2023
«Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծմանն ի պատասխան այսօր ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել հում քիմիական նյութերի արտադրամասին, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտներին, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- ավելի ուշ հայտարարություն էր տարածել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին «պատասխանատու է համարում Գազայի տարածքից ահաբեկչական գործողությունների իրականացման համար», այդ իսկ պատճառով խմբավորումը «պատասխան կտա Իսրայելի անվտանգության խախտման հետևանքների համար»։
Bloomberg-ը գրում է, որ հարվածները հասցվել են օբյեկտներին և բազաներին, որոնք պատկանում են խմբավորման ռազմական թևին, որը հայտնի է «Իզզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադ անվամբ։ Պարբերականը նաև նշում է, որ Իսրայելը հրթիռակոծել է իր տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներին ի պատասխան։ «Գազայի հատվածի կենտրոնական մասում հնչել է մի քանի պայթյուն, իսկ Գազա քաղաքի բնակիչները լսել են կործանիչների աղմուկը։ Ականատեսների խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զենիթային զենքից հարվածներ էին հասցնում իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ»,- գրել է Bloomberg-ը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Հունվարի 27-ին Գազայի հատվածից 3 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Ջենինում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների։
בהמשך לדיווח הראשוני על הפעלת צבע אדום ביישובים עין הבשור, מגן וניר עוז, במהלך תקיפת צה"ל ברצועה זוהו שלושה שיגורים משטח רצועת עזה. שיגור אחד יורט על ידי לוחמי ההגנה האווירית, שיגור נוסף נפל בשטח פתוח ושיגור שלישי נפל בשטח רצועת עזה
— צבא ההגנה לישראל (@idfonline) January 27, 2023
Իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել էին 1 հրթիռ, որն արձակվել էր Աշքելոնի ուղղությամբ։ Մեկ հրթիռ էլ ընկել էր բաց տեղանքում, իսկ երրորդը, ըստ ՑԱԽԱԼ-ի, ընկել էր Գազայի հատվածի տարածքում։
Ինչպես փոխանցում էր Times of Israel-ը, Իսրայելին հրթիռակոծությամբ ավելի վաղ սպառնում էին և՛ «Իսլամական Ջիհադը», և՛ ՀԱՄԱՍ-ը։ Պարբերականը նշում է, որ Ջենինում գործողության հետևանքով, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին, զոհվել էր 9 պաղեստինցի։
Լուսանկարը՝ AP Photo/Khalil Hamra
Մեկնաբանել