HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան․ «Տաճարն առանց քարերի չես կառուցի, բայց քարին արժեք տվողը տաճարն է»

2022-ի տարվա հայտնությունը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմական կենտրոնի մանկապատանեկան երգչախումբն էր։ Վերջին երկու տարիների շարունակական կորուստների, իրար հաջորդող անհաջողությունների համայնապատկերում երգչախմբի հայտնությունն առաջին հերթին պատասխան էր երկրում լույսը մթագնող և խավարին ըտելացնելուն ձգտող ներքին և արտաքին քարոզիչներին։

Հպարտության զգացումից բացի, որ ապրեցինք այդ օրերին, երգչախումբը հոգեթերապայի ազդեցություն ունեցավ՝ պարտվածի հոգեվիճակից դուրս գալու և մեր գենետիկ ինքնությունը վերահաստատելու առումով։ Խմբի շռնդալից մուտքը մեծ համերգային դահլիճ հիացրեց հանդիսատեսին, բայց ավելի շատ զարմացրեց, որ մարզում հնարավոր է այդքան կատարյալ մշակույթ ստեղծել, և մրցակցության հայտ ներկայացնել մայրաքաղաքային խմբերին։

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը երգչախմբեր ստեղծելու մեծ փորձառություն ունի՝ 2000-ին հիմնել է Էջմիածնի Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը, 2002-ին Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, 2003-ին Կանադայի հայոց թեմի առաջնորդությունն ստանձնելու տարիներին մանկական երգչախումբ է կազմավորել պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերից։ Այդուհանդերձ, դրանցից ոչ մեկը հանրային լայն ճանաչում չունեցան, ինչպես «Տալույսը»։ Սրբազանի հետ մեր զրույցն այն մասին է, թե ինչպե՞ս հաջողվեց այսպիսի արդյունք ապահովել Տավուշում։

Տավուշի թեմի Իջևանի սոցիալ-կրթական կենտրոնը հիմնեցինք 2016թ․-ին՝ իմ Տավուշ գնալուց մի քանի ամիս հետո։ Սկզբում նպատակ էր դրված խնամք տանել խոցելի խավի ընտանիքներին, բայց ընթացքում հասկացանք, որ դրանով նրանց ավելի մեկուսացնում ենք։ Որոշեցինք, որ կենտրոնում պետք է լինեն բոլոր խավերի երեխաները՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից։ Առաջինը՝ որպեսզի երեխաներն իրար հետ մեծանան, միասին աղոթեն, միասին ճաշեն, միասին ուխտագնացությունների, արշավների մեկնեն և այլն, ամենատարբեր իրավիճակներում կարողանան գնահատել իրար։ Հասկանան, որ իրենք նույն կենսագրությունը բաժանող մարդիկ են, և սոցիալական կարգավիճակը չի որոշում, թե ինչպիսին է մարդը։

Կարծում եմ, ամեն ինչի հիմքը տեսիլքի, նպատակի սահմանումն է։ Երբ նպատակը սահմանված է, ամբողջ ուժերը կենտրոնացվում են այդ նպատակին հասնելու համար։ Տեսիլքը սահմանելով ընթացքում կարողանում ես ճանապարհներ գտնել զարգացնելու համար՝ մինչև հասնես ցանկալի կետին։ Առաջնահերթությունը եղել է երեխաների ներգրավվածությունը, ստեղծելու մի միջավայր, որտեղ նախ՝ իրենց հանգիստ կզգան, կունենան հոգևոր-մշակութային զարգացում, պատկերացումները կփոխվեն։  Կենտրոնում գործում են արհեստների ու արվեստների տարբեր խմբեր, նրանք պրոֆեսիոնալ ուսուցում են ստանում, այդուհանդերձ, մեր նպատակը զուտ արհեստներ կամ արվեստներ ուսուցանելը չէ։ Կենտրոն հաճախող երեխաները Իջևանից ու շրջակա գյուղերից են, նրանց բնակավայրերում արհեստների և արվեստների ուսուցման կենտրոններ կան, զարգացման իմաստով երեխաները կարող են ներգրավվել այնտեղ։

Սոցիալ-կրթական կենտրոնի հիմքում դրված է արժանապատիվ մարդ կերտելու, աշխարհայացք, արժեհամակարգ ձևավորելու առաքելությունը։ Կարողանան պատկերացնել, որ իրենք տարբեր մարդիկ լինելով՝ տարբեր ձայներով,  տարբեր կարողություններով, ինչպիսի արդյունք կարող են արձանագրել՝ երբ ներդաշնակված են։ Այդ միջավայրում է գործում նաև երգչախումբը, որն անվանել ենք «Տալույս»։ Մեր ստեղծագործական ընդհանուր թեմը կոչել ենք «Տահույս», վերջին շրջանում հոգևոր-ռազմամարզական դպրոց ենք ստեղծել Տավուշի մարզի քաղաքներում, որը կոչել ենք «Տաուժ»։

Երգչախմբի համար մենք բարձրակետ էինք սահմանել, որ պարզապես երգչախումբ չունենանք՝ ունենալու համար։ Այն նաև մեր արտահայտությունը պետք է լինի, թե ինչպիսի արժեքների ենք դավանում։ Երևանից բարձրակարգ մասնագետ հրավիրեցինք, նախ՝ Քրիստինե Շեռոյանին, որը 6 տարի ուսուցանել է թեմում, մեր փոքր երեխաներն այնտեղ մեծացել են։ Վերջին շրջանում Մարիա Գալստյանին հրավիրեցինք, որպեսզի իր էներգիան, իր մտածումները, իր համարձակ լուծումները, լայն պատկերացումները կարողանա փոխանցել երգչախմբին։ Երեխաները սոսկ երգելու համար չեն հավաքված, այն սոսկ երգչախումբ չէ, այնտեղ ներքին միջավայրային բովանդակություն է ստեղծվել, որը նպաստում է այդ հասկացողությանը։

Միայն նպատակ սահմանելը և լավ խմբավար ունենալը բավարա՞ր էր այսպիսի արդյունք ունենալու համար։ Ինչո՞ւ նույն երեխայի ունակությունները, կարողությունները չեն բացահայտվում համայնքային կենտրոններում։

Խմբավարը մեծ դերակատարում ունի որպես ուսուցիչ, երկրորդը՝ ես հավատում եմ միջավայրին։ Մեզ համար սա պարտադիր պլանային ծրագիր չէ, սա նպատակով է արված, և նպատակը միայն երաժշտությանը, մշակույթին ծանոթացնելը կամ ինչ-որ մի բան անելը չէ, այլ այդ մարդկանց ներաշխարհը փոխելն է, նրանց կրթադաստիարակչական միջավայրը բարելավելը։ Հոգածությունն ու խնամքը չափազանց կարևոր է այդ միջավայրի ստեղծման համար։ Այդ երեխաներին մենք անհատապես ճանաչում ենք, նրանց ընտանիքներին ենք ճանաչում, նույնիսկ ընտանեկան այցելություններ ենք ունենում։ Տևական, 24-ժամյա աշխատանք է տեղի ունենում, նաև՝ անհատական։ Այդուհանդերձ, չափազանց կարևոր է միջավայր ստեղծելը, որովհետև թույլերն էլ են այնտեղ ուժեղանում, ուժեղները փորձում են մյուսներին իրենց հետ բարձրացնել։ Փոխադարձ հասկացողություն են ձևավորում, ստեղծվում է մի սիրո մթնոլորտ, որտեղ բոլորը ցանկանում են ներգրավվել և իրենց ներդրումն ունենալ։ Կարևոր չէ՝ փոքր թե՞ մեծ չափով, կարծում եմ, ամենակարևորը միջավայր ստեղծելն է, երեխան չպետք է ձանձրույթ զգա, մտածի, որ դու աշխատանք ես պարտադրում, հոգնություն ես պարտադրում, ժամն ես լրացնում։ Նա պետք է զգա, որ այս ամբողջ մթնորտի մեջ ինքը էական դերակատարություն ունի, որ առանց իրեն այդ շենքում ինչ-որ բան պակաս կլինի։

Վերջին շրջանում հասարակական կյանքի մասին խոսելիս շատ է շեշտվում՝ մարդն է արժեքը։ Այո, մարդն է արժեքը, բայց դրանից ավելի մթնոլորտն է արժեքը, երբ դու ոչ թե գերագույն շեշտադրում կատարում ես տվյալ անհատին, այլ անհատի միջոցով կամ նրա հետ ինչպես ես կառուցում այդ համայնքը։ Տաճարն առանց քարերի չես կառուցի, բայց քարին արժեք տվողը տաճարն է։ Քարն իրենով ընդամենը քար է, բայց երբ դրվում են իրար հետ՝ դառնում է տաճար։ Այսպես է նաև համայնքի կյանքը, մեզ համար երգչախումբը հետաքրքիր փոքրիկ համայնք է՝ ուսուցիչներով, ծնողներով, աշակերտներով, հոգևորականներով, խնամարկուներով։ Որ դպրոցն էլ ունենա հանգիստ միջավայր, սիրո մթնոլորտ, ներդաշնակ, ստեղծագործական, արարող մթնոլորտ՝ երեխաներն անպայման կցանկանան լինել այդ միջավայրում։ Համայնքային կենտրոնների բացը այդ միջավայրի բացակայությունն է։

Շատ համայնքներում երաժշտական, գեղարվեստի դպրոցներ կան, մշակույթի տներում տարբեր խմբակներ են գործում, բայց այդ բոլորի տվածը նվազագույն ճանաչողական մակարդակից ավելին չէ։ Ունե՞ք բացատրություն, թե ի՞նչն է խոչընդոտում համայնքային արտադպրոցական կրթական հաստատություններին հաջողության հասնելու հարցում։

Ամեն ինչի բանալին նպատակն է։ 2015թ․-ից մասնագետներ եմ փնտրել բոլոր համայնքներում, նույնիսկ Երևանում։ Խնդիրը ինչ-որ բան անելու իմիտացիան է։ Հատկապես համայնքներում մեծ դժվարություններ կան՝ մասնագետների պակաս կա, քիչ են վճարվում, պայմանները երբեմն շատ վատն են։ Մարդը գյուղից գնացել է սովորել, վերադարձել է համայնք, բայց տարիների ընթացքում գիտելիքները բարելավելու, կատարելագործվելու հնարավորություն չի ունեցել, պայմաններն էլ գրավիչ չեն եղել, որ ներշչնվեն։ Տարիներով փնտրել եմ, բանակցել, որ մասնագիտական վերապատրաստումներ տեղի ունենան։ Սա պետք է դառնա պետության մշակութային քաղաքականության առանցքային մասը՝ նույնիսկ լուծումներ ենք առաջարկել՝ վերադառնալ խորհրդային տարիների համակարգին։ Նորավարտներին 2-3 տարով գործուղեն համայնքներ, փորձարարական շրջան անցնեն, իրենք էլ փորձով հարստանան։ Այն խնդիրները, մարտահրավերները, որոնք գոյություն ունեն, իրենք էլ կարողանան հավաքագրել և ներդրում ունենան մշակութային քաղաքականության մեջ, որպեսզի ամեն տարի բարելավվի այդ քաղաքականությունը՝ հստակ սահմանելով, թե մեզ ինչ է անհրաժեշտ, ինչու է ահրաժեշտ։ Սա միայն մարդկանց չի վերաբերում, նաև՝ մշակութային ժառանգությանը։ Մենք չունենք որոշակի պատկերացումների մշակութային քաղաքականություն, հայեցակարգ, և դրա առանցքը պետք է լինի, թե ինչպիսի մարդ ենք ուզում պատրաստել, ի՞նչ որակներով, ինչ արժեհամակարգով։

Հիմա ժողովուրդը հավաքականության մեջ շատ է քննադատվում երկրի քաղաքական համակարգը ձևավորելու, բարոյահոգեբանական ծանր վիճակի, արժեհամակարգի խեղումների և այլնի համար։ Չե՞ք կարծում, որ 30 տարիներին համայնքներում ստեղծված մշակութային վակումը, մշակույթի տների, գրադարանների լուծարումները, անգործության մատնելը և մասնագետներին դուրս մղելը իր բացասական դերակատարումն ունեցել է այդ հարցում։ Խորհրդային տարիներին Լուսինե Զաքարյանի նման մեծությունը պարտավորվածություն ուներ ելույթ ունենալու շրջանային բեմերում։ Ամռանը անգամ յայլաներում համերգներ էին կազմակերպում, սա ինքնանպատակ չէր կարող լինել։

Միանշանակ ունեցել է, մենք փորձել ենք նախորդ տարիներին տարբեր մշակութային խմբեր բերել մեր տարածաշրջան, հատկապես գյուղական համայնքներում, կամերային երգչախումբ, բարձրակարգ երաժիշտներ, երգիչներ, թատերական խմբեր և այլն։ Մասնակցության առումով արձագանքը և՛ լավ, և՛ վատ է եղել։ Ընդհատվել է այդ կապը և դա միայն այդ խմբերին համայնքներ հասցնելով չի վերականգնվի։ Բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց պետք է ճաշակ փոխանցվի։ Այն, ինչ այսօր մատուցում է տեղեկատվական դաշտը՝ հեռուստատեսությունը, մամուլը, սոցկայքերը, ես նմանեցնում եմ ռազմաճակատում օդանավային հարձակմանը։ Սա այն տիրույթն է, որտեղ մարդկանց սովորեցնում ես գաղափարին և ուղղակի կերպով մատուցում ես, սա պետք է մշակութային քաղաքականության հայեցակարգի մաս կազմի։ Երբ դա բացակայում է՝ մնում են անհատական ջանքերը, որի արդյունքները պատահական, տեղային, իրադարձային կլինեն։ Շարունակական պետք է լինի, որպեսզի երկար ջանքերից հետո մարդկանց մտածողության, ընկալումների, ըմբռնումների մաս դառնա։

«Տալույս» երգչախմբի հաջողությունը մարտահրավեր է բոլոր համայնքներին, որոնք տասնամյակներով բյուջեից գումարներ են հատկացնում այդ հիմնարկների գործունեության համար, բայց արդյունք չունեն։ Ձեր երգչախմբի հաղթանակները  գոնե Տավուշի համայնքային կառավարիչների մոտ ինչ-որ բան փոխե՞ց, դրանից  հետևություններ արվեցի՞ն։

Արձագանքները հետևյալն են․ իրենք էլ են ցանկանում ստեղծել երգչախմբեր, այդ նպատակով մեր խմբավարին հրավիրում են համայնքներ։ Սակայն նրանք միայն տեսնում են հաջողության պատկերը, բայց դրան հասնելու պատմությունը, բուն աշխատանքը, թե ինչ ճանապարհով է դա լինում, հասանելի չէ նրանց։ Ամենօրյա ծանր աշխատանքը նրանք չեն տեսնում, բուն ընթացքը մեծ ժամանակ, միջոցներ պահանջող առաքելություն է։ Նույնիսկ Ֆրանսիայում մեր երգչախբի գործունեությունից ոգևորվելով մանկապատանեկան երգչախումբ են ստեղծել։ Եթե նրանց համար էր դժվար, մեր համայնքներում առավել ևս դժվար է։

Զարմանալի էր երգչախմբի հանրային ճանաչում ձեռք բերելը, Իջևանից միանգամից հայտնվեցին մեծ համերգասրահում՝ աշխարհահռչակ կատարողի հետ միասին, միջազգային նշանակության միջոցառմանը։ Դժվա՞ր էր մուտքը, մեծ բեմում հայտնվելու նախապատմությունը, կարծում եմ պակաս հետաքրքիր չէ։

Այնքան արագ ստացվեց ամեն ինչ, հետոն էր դժվար։ Ծնողներից մեկը առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցած համերգից մի սիրողական տեսանյութ էր տարածել համացանցում, որտեղ նրանք ներկայացնում էին աշխարհահռչակ «Քուին» խմբի ստեղծագործություններից A Tribute to Queen-ը։ Տեսանյութը մեծ արձագանք ունեցավ։ Այդ օրերին Երևանում նախապատրաստվում էին «Սթարմուս» փառատոնին։ Փառատոնի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանը տեսանյութը դիտել էր համացանցում, կապվել էր լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ, նա էլ կապվեց երգչախմբի հետ։ Այսպես աղմուկով Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը հայտնվեց Մարզահամերգային համալիրում, Starmus VI Armenia-յի Another World համերգին և ուղղակի ոտքի հանեց ամբողջ դահլիճը։ Երգչախմբի ելույթը հայտարարեց լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

Հետո հրավերքները հաջորդեցին միմյանց, մասնակցեցին մի շարք գալա համերգների՝ «Բժիշկների միջազգային ֆորում», Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակ Թբիլիսիում, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարեգործական ընթրիք, Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպում, Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022» և այլն։ Երգչախումբն այնքան պահանջված է դարձել, որ երեխաներին ասում էի՝ գրիչ պահեք մոտներդ ինքնագիր տալու համար։

Այդ շռնդալից հաջողություններն ի՞նչ փոխեցին երեխաների մեջ։

Նրանք հասկացան, որ իրենց համար աննվաճելի որևէ բան չի կարող լինել։ «Սթարմուսի» հաջողությունից հետո առաջին հարցը, որ տվել եմ նրանց հետևյալն էր՝ «բավարարվա՞ծ եք»։ Ասել են՝ ոչ, ավելի շատ պետք է աշխատենք։ Եվ այդ ամբողջ ձեռքբերման հետ միասին մեզ պետք էր, որ նրանք իջնեն երկիր և խոնարհ կերպով աշխատեն։ Ուրախ եմ, որ այդպես էլ կա։ Նրանց համար մեծ բեմերն այլևս խնդիր չեն, կարևոր է հասկանան, որ ոչինչ չի կարող իրենց սահմանափակել, միայն թե նպատակադրված, երազով կարողանան ապրել։ Մի պահ պատկերացրեք՝ մարզում մեծացած երեխա, որը, գուցե, հեռուստացույցով տեսել է այդ ամենը, և մի օր հանկարծ ինքն է հայտնվում լույսերի մեջ, մեծ բեմում, հազարավոր ծափեր և այլն։ Չի էլ մտածել այդ մասին, նույնիսկ ծնողները չէին հավատում, գլուխները բռնած արտասվում էին։ Չէին էլ հասկանում, թե ինչ է կատարվում։

Ինձ ուրախացնողը նրանց կեցվածքն է, թե ինչպես են իրենց պահում բեմում։ Խեղճություն չկա, մեզ մոտ երեխաները կաշկանդված են ընդհանրապես, բայց նրանք վախեցող երեխայի կերպարից դուրս են եկել, ինքնավստահ են։ Վրաստանում երեք լեզվով ներկայացնում էին, թե ինչ ստեղծագործություններ են կատարելու։ Մտքումս ասում եմ՝ մեկ տարի առաջ այս երեխան Իջևանի որևէ բեմում այսպես կկանգներ խոսե՞ր։ Իմ առջև հաստատ չէին խոսի, հիմա հարցնում եմ՝ դուք ովքե՞ր եք, պատասխանում են՝ «հաթողները, հզորները»։ Ամեն հաջողության հետ հաղթողի համոզմունքը մեծանում է նրանց մեջ։

Երգչախմբում 42 երեխա կա, նրանք սոցիալական տարբեր պայմաններում ապրող, տարբեր կենցաղավարություն ունեցող ընտանիքներից են։ Մենք այդ երեխաների հետ զբաղվում ենք՝ սկսած հիգիենայից, հագուկապից։ Ամեն ինչը փոխվել է նրանց մոտ, և դա տեղի է ունեցել խնամքի ներքո։ Մեզ համար ամենաառաջինը նրանց ներաշխարհի փոփոխությունն է, գույների պատկերացումն ունենան, աշխատանքի քաղցրությունը զգան, իրենց ստեղծագործության արդյունքը տեսնեն, հասկանան, որ ամեն ինչը աշխատանքով է ձեռք բերվում։ Պարապ չնստեն ու տառապեն անօգնականի, աղքատի սինդրոմով։

Հիմա պետք է անընդհատ պեղենք, գտնենք երեխաների, որոնք այդ կարողություներն ունեն և կենտրոն հաճախելու ցանկությունն ունեն։ Տարբեր տեղերից մեզ մոտ գալու մեծ հոսք է սկսվել, որի համար ուրախ եմ։ Դա էլ է գործը դժվարացնում, բայց ստեղծված համակարգի միջոցով փորձում ենք այդ երեխաներին դուրս չթողնել, նրանց ներգրավելով հասցնել այդ աստիճանին։ Մեր գործնեության հիմքում երկու բան ենք դրել՝ աշխատանքի սրբազնություն և մարդու արժանապատվություն։ Սրանք մեր հիմնասյուներն են, ինչ որ անում ենք՝ դրա շուրջն են դառնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter