
Թատերական քննադատը ծրագրում է հայկական բույսերի էլեկտրոնային հանրագիտարան ստեղծել
Գեղեցիկ ծաղիկ տեսնելիս մարդու առաջին արձագանքն է կռանալ ու պոկել այն: Րոպեներ անց ծաղիկը թառամում է, և մարդը մի կողմ է նետում այն: Իսկ Թամար Գալստյանի առաջին արձագանքն է լուսանկարել այդ ծաղիկն ու նկարը տեղադրել ինտերնետում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել:
Թամարը մասնագիտությամբ թատերական քննադատ է, մոտ 3 տարի աշխատել է այդ մասնագիտությամբ, բայց փնտրում էր իր տեղը և գտավ էկոլոգիան, մասնակցեց էկոլոգիայի դասընթացների: Շատ բաներ ինքնուրույն է սովորել՝ տարբեր աղբյուրներից կարդալով:
Չորս տարի է` Թամար Գալստյանն այցելում է Հայաստանի տարբեր վայրեր ու լուսանկարում բույսերը: Նա Հայաստանում նկարել է մոտ 1000 տեսակի բույս: Թամարի համար հավասարապես կարևոր են և հետաքրքիր, հազվագյուտ բույսերը, և այն հասարակ խոտերը, որոնք մարդիկ տրորում ու անցնում են: Թամարը շատ է ափսոսում, որ հայաստանցիները բացարձակապես չգիտեն, թե ինչ տեսակի բույսեր, ծաղիկներ են աճում իրենց շուրջ: Եվ բույսերի նկարներն ու դրանց մասին տեղեկատվությունը google.com-ում ու facebook.com-ում տեղադրելով՝ նա ուզում է, որ մարդիկ իմանան, թե ինչ անուն ու հատկություններ ունեն ամեն օր իրենց հանդիպող բույսերը:
«Վերաբերմունքը սկսվում է ճանաչելուց: Երբ սկսում ես ճանաչել, որ այս բույսի անունը սա է, այս հատկությունը ունի, սկսում ես ուրիշ կերպ վերաբերվել այդ բույսին: Երբ մեկին ճանաչում ես անձամբ, ուրիշ կերպ ես վերաբերվում: Ու էդտեղից սկսվեց իմ մոլուցքը, որ գնամ, գտնեմ այդ բույսերը, նկարեմ, դնեմ ինտերնետում»,- պատմում է Թամարը:
Ռուսաստանի և հարակից երկրների բույսերի plantarium.ru կայքում տեղադրված է Թամարի լուսանկարած մոտ 200 տեսակի բույս՝ 400-500 նկար:
Թամարի երազանքն է ստեղծել հայկական բույսերի առանձին կայք, ինչպիսին wikipedia.org էլեկտրոնային հանրագիտարանն է, որ ով ուզենա, բույսեր լուսանկարի ու տեղադրի այդ կայքում, ազատորեն վերցնի ու տարածի այդ տեղեկատվությունը:
![]() |
![]() |
հուդայածառ գրիֆիթի (Cercis griffithii Boiss) | դրախտածառ (Cotinus coggigria) |
Այս ծրագիրն իրականացնելու համար երկար ժամանակ է պետք. Թամարը պետք է հասցնի ծաղկման շրջանում գնալ ու լուսանկարել բույսերը, գտնել դրանց մասին տեղեկատվություն, որը հաճախ տասնամյակների վաղեմության է, թվային չէ և պետք է թղթից ներմուծվի համակարգչի մեջ: Հանրագիտարան-կայքի աշխատանքները Թամարը, հավանաբար, կսկսի ձմռանը: Այժմ նա լուսանկարում է բույսերն ու մշակում դրանց մասին տեղեկատվությունը: Ոմանք հետաքրքրվել են այս ծրագրով: Թամարը գիտի ևս 2 հոգու, ովքեր իր նման գնում ու բույսեր են լուսանկարում:
Բույսեր կան, որոնց հայերեն անվանումները տարօրինակ են. հուդայածառ, դրախտածառ, եղերդակ, եղեսպակ, ղանձլամեր: Անվանումների ստուգաբանությունը հերթական աշխատանքն է, որը էկոլոգն ուզում է անել: «Ես շատ կուզեի գտնել մի աղբյուր, որ մեր ծաղիկների անունների ստուգաբանությունը իմանայի, գրեի՝ ոնց է առաջացել տվյալ անունը»,- ասում է նա: Օրինակ՝ ըստ լեգենդի՝ հուդայածառի անվանումն առաջացել է նրանից, որ Հուդան կախվել է հենց այս ծառից: Լեգենդը տարօրինակ է թվում Թամարին, որովհետև անգամ հասուն հուդայածառը փոքր է, և դրանից հնարավոր չէ կախվել: Հուդայածառի հետաքրքիր հատկությունն այն է, որ ծաղիկներն աճում են ուղիղ ճյուղերի վրա:
Հայաստանի բնության առավելությունը բազմազանությունն է
Թամարը լուսանկարում է մասրենին |
Հայաստանում աճում է 3600 տեսակի բույս: Հայաստանի բնության հետաքրքրությունն ու առավելությունը բազմազան, տարբեր էկոհամակարգերին բնորոշ բույսերն են: Վայոց ձորից Սյունիք ընկած տարածքում բույսերն առավել բազմազան են: Թամարը կարող է 2-3 ժամ անցկացնել սարի գագաթին, որպեսզի տեսնի, թե այնտեղ ինչ է աճում:
«Մեզ մոտ ամեն տեղ սար է: Սարի ներքևում ձորն է: Ձորի մոտ աճում են խոնավասեր բույսեր: Դա մի փոքրիկ էկոհամակարգ է: Մի քիչ բարձրանում ես, արդեն լանջին աճում են այն բույսերը, որոնք աճում են ավազոտ տեղերում (մեր լանջերն էլ հիմնականում հողմահարված են), հիմնականում քարքարոտ վայրերում աճող բույսեր են: Սարով բարձրանում ես վերև, մերձալպիական բուսականություն է: Ավելի ես բարձրանում, ալպիական բուսականություն է»,- ասում է Թամար Գալստյանը:
Հայաստանում նույն ծաղիկը նույն սարի արևելյան լանջին մի տեսք ունի, իսկ արևմտյան լանջին՝ լրիվ ուրիշ տեսք: Այդ պատճառով Թամարի համար շատ հետաքրքիր է սարը բարձրանալ և մյուս կողմից իջնել: Իսկ Փամբակում նույն սարի լանջին կովկասյան մրտավարդը ծաղկած ու պտղակալած է, վերևում՝ նոր ծաղկած, իսկ ամենավերևում՝ կոկոններով:
«Շվեդիայի տարածքի 60 %-ը անտառ է, բայց բազմազանությունը երևի 20 անգամ պակաս է Հայաստանի բազմազանությունից»,- ասում է Թամարը: Ռուսաստանի հյուսիսային անտառների բազմազանությունը ևս շատ փոքր է. այնտեղ հեկտարներով աճում է ընդամենը 2-3 տեսակի ծառ՝ կեչի, եղևնի, արոսենի:
Թամարը շատ է սիրում Հայաստանում աճող հիրիկները (իրիս), շուշանները, քրքումներն ու արքայածաղիկները: «Այս տարի էլի բախտ ունեցա տեսնելու արքայածաղիկ: Դու արքայածաղիկը եթե մի շաբաթ չփնտրես չոլերում, չես գտնի: Նաև բախտ եմ ունեցել ինքս իմ աչքով տեսնել հայկական շուշանը և նկարել, որն աճում է մեր հյուսիսային կողմերում՝ հիմնականում Փամբակի լեռնաշղթայում՝ մինչև 3000 մետր բարձրությունների վրա: Տաթևից, Որոտանի ձորից սկսած՝ մինչև Մեղրի, Շիկահող, մի տեսակի հիրիկ է աճում միլիոնավոր քանակությամբ: Կոչվում է իմբրիկատա, դեղնաշագանակագույն հիրիկ է՝ մեծ գլխով: Սարեր, փեշեր են ու ամբողջությամբ այդ հիրիկներն են»,- ասում է Թամար Գալստյանը: Հայկական շուշանը, արքայածաղիկը, նրբագեղ հիրիկը կարմիրգրքային բույսեր են:
Թամարը պատրաստվում է առաջիկայում ֆեյսբուքում անդրադառնալ եկեղեցիների պատերին աճող բույսերին: Այդ բույսերը վտանգավոր են հուշարձանի համար, մանավանդ եթե արմատները խորը ներթափանցում են քարերի մեջ: Հուշարձանը պետք է մաքրել դրանցից, բայց տեսակներ կան, որոնք գեղեցկացնում են եկեղեցին: «Օրինակ՝ հենց Տաթևի եկեղեցու պատին ես տեսել եմ մեր էնդեմիկ հայկական զանգակածաղիկը»,- պատմում է Թամարը:
![]() |
|
հիրիկ նրբագեղ (Iris elegantissima) | քրքում Ադամի (Crocus adamii) |
Որոշ օտարերկրացիներ Հայաստան են գալիս՝ միայն բնությանը ծանոթանալու, տվյալ բույսն ու թռչունը լուսանկարելու համար: Նրանք հիմնականում լուսանկարիչներ են National Geographic ու նմանատիպ ամսագրերից, նաև զբոսաշրջիկներ Գերմանիայից ու Անգլիայից, քանի որ այդ երկրներում բնության նկատմամբ հոգածության մշակույթը բարձր է: Թամարն ուղեկցում է այդ զբոսաշրջիկներին, ցույց տալիս Հայաստանի բույսերը:
«Հույս ունեմ, որ հետագայում գոնե այդ ձևով ես կկարողանամ գնալ, նկարել, որովհետև հասնել այդ տեղերը միայնակ, փաստորեն, անհնար է: Բայց բույսերով հետաքրքրված մարդիկ շատ քիչ են իրականում»,- ասում է Թամար Գալստյանը:
Հայաստանի հյուսիսային անտառներում ողբերգություն է
Թամարը միշտ ջրում է իրենց շենքի բակի տնկիները: Հարևանությամբ խանութներ, գեղեցկության սրահներ կան, որոնց աշխատակիցները մաքրում են տարածքը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ծառը ջրել:
«Էլ չեմ ասում, որ երեխեքն են հոշոտում, ջարդում են: Ինձ համար էդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչի է էս կիրքը մեր ժողովրդի մեջ, հենց կանաչ բան են տեսնում՝ կոտրելու»,- ասում է Թամարը: Նա հաճախ տեսել է՝ ինչպես են արշավախմբերը տրորում բույսերը, քաղում անհետացող ծաղիկներ:
Էկոլոգը բազմիցս լուսանկարել է, թե ինչպես են մարդիկ վնասում ծառը, պոկում կեղևը, նկարները տեղադրել է ֆեյսբուքում, բայց Երևանի քաղաքապետարանից արձագանք չի ստացել: Թամարը մի քանի անգամ դիմում է ուղարկել թաղապետարան ու քաղաքապետարան, որ գան էտեն իրենց բակի չորացող ծառը, բայց չեն եկել: Միայն երբ ծառը չորացել է, եկել կտրել են:
Թեև Հայաստանում անտառահատումն արգելված է, Թամարն անտառներում տեսնում է ավտոմեքենաների անիվների հետքեր ու լսում էլեկտրական սղոցի ձայնը և ամռանը, և ձմռանը: Սանիտարական հատման անվան տակ կտրում են առողջ ծառերը, իսկ հիվանդ ծառերը մնում են ու վարակում առողջներին:
«Ողբերգություն է մեր հյուսիսային անտառները մտնելը, որովհետև կարող ես 4-5 ժամ խորանալ անտառի մեջ, մեկ էլ տեսնել մի հատ բեռնատար՝ բարձված հաճարենիներով, դուրս է գալիս, կես ժամ հետո կտեսնես 2-րդը, 3-րդը: Ընդ որում, հաճարենուն 60 տարի է պետք պտղակալելու համար, որ ինքը ծիլից դառնա ծաղիկ տվող և գեներացիա անող: 60 տարուց հետո նոր սկսում է սերմ տալ, այսինքն՝ եթե դու մինչև դա այն կտրես, վերանում է: Իսկ իրենք կտրում են հենց հաստաբուն ծառերը, որոնք սերմ են տալիս»,- ասում է Թամարը:
![]() |
|
շուշան հայկական (Lilium armenum) | զանգակածաղիկ հայկական (Campanula armena) |
Տավուշի անտառներում նա լուսանկարել է այդ կտրած ծառերով բարձված բեռնատարները՝ իրենց համարանիշերով, և տեղադրել ֆեյսբուքում, բայց ի պատասխան՝ իշխանություններն ասել են, թե լուսանկարը դեռ փաստ չէ:
«Ուղղակի չեք պատկերացնի՝ ինչ քանակության հատման մասին է խոսքը»,- ասում է Թամարը: Անցյալ ամռանը ևս էկոլոգը Իջևանի անտառի խորքում կես ժամը մեկ տեսել է ծառերով բարձված մի բեռնատար: Թամարն ասում է, որ Ծաղկաձորի անտառներն արդեն դատարկ են: Աղավնաձորի անտառներում հաստաբուն ծառեր չեն մնացել, միայն թփակալած կոճղեր են:
Շատ տարիներ առաջ Թամարը հաճախ էր լինում Երևանի «Հաղթանակի» զբոսայգու մոտի խիտ անտառում: Ասում է, որ անտառում թռչունների դայլայլը խլացնում էր: Այժմ այդ անտառի տեղում քարեր ու առանձնատներ են: Մոտ 30 տարի առաջ Նորք-Մարաշի հայտնի անտառում նույնիսկ աղվես ու ոզնի կային, հիմա այնտեղ դատարկություն է:
Գավառում գտնվող Թամարի ամառանոցի առջև փոքրիկ, արհեստական տնկված անտառ կա՝ բազմազան ծառերով: Մի անգամ, երբ Թամարը կտրելիս է եղել ծառի ավելորդ մացառները, որ ծառը կարողանա աճել, մի պապիկ է մոտեցել ու ասել. «Ցավդ կտրե՞լ է, ծառ է, էլի»:
«Տեսնում եմ՝ ծառ է կտրում գյուղացին թաքուն-մաքուն: Ասում եմ՝ լավ, կտրում ես էդ ծառը, կողքը ինչո՞ւ չես տնկում: «Ա, դարդս կտրե՞լ ա, էսքան ծառ կա»: Էլի այդ վերաբերմունքն է. եթե իմը չի, եթե բնությունից է, ուրեմն կարելի է շահագործել ինչքան ասես»,- ասում է Թամար Գալստյանը:
Թամարի երազանքն է ապրել մի գյուղում, որտեղ լուսամուտից նայելիս կտեսնի սար, մյուս կողմի լուսամուտից՝ ձոր, պատշգամբից կլսի թռչունների ձայնը: Այժմ նա ստիպված է ապրել Երևանում, քանի որ ընտանիքն այստեղ է, և քաղաքից կախվածություն կա: Թամարն ասում է, որ երբ գտնվում ես բնության մեջ, քեզ վրա իջնում են խաղաղություն, ներդաշնակություն, գիտակցում ես, որ դու բնության մասն ես, և ուրբանիստական սարսափներն անհետանում են:
Բույսերի լուսանկարները տրամադրել է Թամար Գալստյանը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել