
Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով դատախազության հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Այսօր՝ փետրվարի 3-ին, դատարանը շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։
Խոսքը ոստիկանապետի կնոջը` Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մասին է։ Ըստ Գասպարյանի ներկայացուցուցիչ Վարազդատ Ասատրյանի՝ 2008 թ.-ին գնված բնակարանը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու` օրենքով սահմանված ժամկետը։ Կարծում են, որ գույքի ձեռքբերման մասին պետությունն իմացել է ավելի վաղ, քան դրա վերաբերյալ դատախազությունում կուսումնասիրվեր Գասպարյանի ունեցվածքը:
Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռք բերելու մասին իմացել է դեռևս 2008 թ.-ին։
Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը միջնորդության քննության համար հավելյալ ապացույցներ ներկայացնի դատարան։
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Գասպարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ պետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 4 անշարժ գույք (1 տուն, 2 բնակարան, 1 ավտոտոնակ), Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 3 անշարժ գույք, ինչպես նաև` 3 ավտոմեքենա։ Այս ամենից բացի՝ դատախազությունը պահանջում է ոստիկանապետի ընտանիքից բռնագանձել 169 միլիոն դրամ և 5 միլիոն ռուբլի (ավանդ է)։
2011-2018 թթ.-ն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամներն անցնում են նաև մի քանի քրեական գործով։
Մեկնաբանել