HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ի.-ն, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանելով հիշյալ կարգավիճակը, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Գ.Ի.-ն, 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ն.Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով վերոնշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը` 12.900 ԱՄՆ դոլարը, նրան վստահեցրել է, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը հիշյալ գումարը կվերադարձնի մասնաբաժիններով: 

Բացի այդ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2022թ. օգոստոս ամսին տեղեկանալով քաղաքացու կողմից երեք խողովակների ենթադրյալ գողության դեպքի և դրանց վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանդիպել է վերջինիս, որի ընթացքում նրանից ճշտումներ կատարելով հափշտակված առարկաների, դրանց քանակի, գտնվելու վայրի վերաբերյալ, վստահեցրել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը լուծելու մասին: Այնուհետև վերջինիս հայտնել է նաև, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:  

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ.Ի.-ն, 2022թ. սեպտեմբերի 21-ին իր անօրինական ազդեցության միջոցով ստանձնել է նաև երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը: 2022թ. սեպտեմբերի 20-ին, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Ի.-ի մտերիմ: Տեղյակ լինելով Գ.Ի.-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին՝ վիճաբանության մյուս մասնակիցն այդ պահին դադարեցրել է հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումները:  Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին,  Գ.Ի.-ի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս: Նույն օրը՝ ժամը 00:25-ին, հանդիպում է տեղի ունեցել Գ.Ի.-ի և վերոնշյալ անձանց միջև, որի ընթացքում Գ.Ի.-ն, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը,  2.300.000 դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած 53-ամյա տղամարդու օգտին լուծելու համար, 2022թ. հոկտեմբերի 25-ից սկսած զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել պարտք եղած գումարը՝ նպատակադրվելով հիշյալ գումարից ստանալ անօրինական օգուտ, իսկ դրանից 200.000 դրամը տրամադրել իր և 53-ամյա տղամարդու ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ վերջինիս և Գ.Ի.-ի միջև տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում վերջինս պարբերաբար սպառնացել է պարտապանին իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել նրա նկատմամբ, որի արդյունքում վերջինս 2022թ. նոյեմբերի 12-ին վերադարձրել է պարտք եղած գումարից 400.000 դրամ, իսկ նոյեմբերի 17-ին՝ 900.000 դրամ, որը, սակայն, Գ. Ի.-ն չի փոխանցել գումարի իրական պարտատիրոջը և որպես անօրինական օգուտ տնօրինել է անձամբ: 

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Գ. Ի.-ն և ներկայացված վերոնշյալ դրվագներից վերջինում նրան դիմած 53-ամյա տղամարդը ձերբակալվել են։ 

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Ի.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 53-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: 

Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս անձի նկատմամբ՝ գրավը։ 

Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter