HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Արեշ (վիպակ)

Մտածելով գրել մանկության թաղի մարդկանց մասին` Մարինկան մի օր արթնացավ աներկմիտ. միացրեց համակարգիչը, բացեց էջը, որտեղ վաղուց միայն վերնագիրն էր գրված եւ հավաքեց առաջին տողը. «Մեր տունը քաղաքի հարավային արվարձանի երկու փոքրիկ փողոցների խաչմերուկում էր...», երբ մեկ էլ աչքն ընկավ պահարանի վաղուց մոռացված մի անկյունը, որտեղ որդու խզմզոցներով տետրերի տակ եղբորից մնացած միակ հարստությունն էր պահել: Աչքի կարոտ, փոշոտ, պատռվելու պատրաստ թուղթումուղթ` անհատական ձեռներեցությամբ զբաղվելու արտոնագիր, զինվորական գրքույկ, վարորդական իրավունք, մի խուրձ գրոտած թղթեր, որ ժամանակին թողել էր հետո կարդալու: Այդ «հետոն» շատ երկար ձգվեց: Եղբայրը տարիներ առաջ մեկնեց հենց Մարինկայի տնից ու չեկավ այլեւս` նրան թողնելով գլուխկոտրուկի առաջ, թե ի՞նչը եղբորն անհայրենիք ապրելու պարտադրանքին տարավ, ի՞նչ գտավ ուրիշ տեղ, որ իրենք չտվին նրան: Եւ եթե կա, ապրում է հիմա` մոռացե՞լ է տեսնես միասին անցած մանկության կաթն ու սերը: Եղբոր թղթերը կարդաց եւ ապշեց` դրանք ոտանավորներ ու պատմություններ էին մանկության թեմաներով, իսկ դրանցից մեկն սկսվում էր հենց այն տողով, որով Մարինկան սկսեց:

Համակարգիչն անջատված է, տասը տարի առաջ թողնված թղթերն` ընթերցված: Մարինկան նստել է թիրախի զգացողությամբ, նախանշվածից դուրս գալ չկարողացողի խուճապով: Երկար մտածեց, թե ովքեր ենք իրենք` Գյումրիում մեծացած կարսեցի մոր եւ արմատով Սալմաստից վայքեցի հոր զավակները եւ ինչու են ծնվել վերջապես: Կա՞ն, չէ, փիլիսոփայի վերարկուի մեջ մտնող մարդիկ, ովքեր միշտ պատասխաններ ունեն ամեն տեսակ հարցերի` մոտավորապես այս կարգի խորիմաստ մտքեր. «Մարդը տիեզերքի անկրկնելի մի հատիկն է, որի անելիքն է չընդհատել գոյության շղթայի օղակների ագուցումը»: Եւ այս կարգի սրտխառնուք մտքեր: Մորուքների խորիմաստ տմբտմբոցը թողնելով զանազան օտարախոս-ազգապահպան եպիսկոպոսյանների, Մարինկան որոնում էր ի՛ր հեծանիվը, որ լույս կսփռեր Մարինկայի` այստեղ, եղբոր` այնտեղ լինելու վրա, իրենց անցած կյանքի գաղտնի իմաստը հայտնի կդարձներ: «Տաղտկալի փնտրտուք»,- կմտածի մեր օրերի ամեն ինչ տեսած-կերած մարդը: Սակայն Մարինկան չէր ուզում արագ եւ առանց դիմադրելու պարտվել նորաձեւ ու անհոգի պահանջմունքներին, թեեւ ամենայն հնացածը եւս խորշելի էր նրան:

Շեղվեց: «Եւ ուրեմն միացնեմ համակարգիչն ու դառնամ քարե կարմրատուֆ մեր տանը, որն իսկապես էլ կանգնած էր երկու փողոցները միացնելով` խախտելով շինարարական ամեն կանոն, եթե հայերս այդպիսի կանոններ բանեցնում ենք ընդհանրապես»: Այդպես հոսեց «Արեշը»` անջատվելով Մարինկայից եւ ինքնուրույն վիրտուալ կյանք սկսելով համակարգչի մեջ.

-օօօ-

«Տան ճակատամասին ուղղահայաց փողոցը հայրենադարձների փողոց էր` Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից վերադարձածների երկրորդ տունը, ուր ամառվա հետկեսօրյա ժխորում խառնվում-խաչասերվում էին օտար բառերն եւ բարբառները, փողոցի միջնամասում բնակվող սալոնիկցու բարձրախոսից հնչող սաղապոլը, ծայրահեղ ավանդականից մինչեւ խիստ ազատամիտ` հաճախ միմյանց պատերազմ հայտարարելու չափ հակամետ կենցաղը: Այս փոքրիկ աշխարհի արտաքին հայեցողությունը սոսկ պահպանողական ընտանիքում մեծացող փոքր մարդուն կարող էր սարքել համարյա փիլիսոփա` քաղաքի կենտրոնի քանոնով գծած տաղտուկ կենցաղի երես տված մարդուց բոլորովին տարբեր մեկը:

Մարդիկ դանդաղորեն, տարեցտարի ուշքի էին գալիս Ստալինի մահվանից հետո, ձգվում-ճմլկոտում էին` ուղեղը բարձրաձայն աշխատեցնելու հաճույքից: Փորձում էին մարդավայել դարձնել կենցաղը` աստիճանաբար առատացող խանութների բարիքները իրենց տներում կուտակելով: Կուտակելը մոլուցք էր` պատերազմի սոված ուրվականը դեռեւս հետապնդում էր մարդկանց: Բոլորի տներում կգտնեիր 100 տուփ «Այնա» լվացքի փոշի, 50 կտոր 20 կոպեկանոց սեւ օճառ, լոխումի 20 կիլոգրամանոց արկղ: Հատկապես հայրենադարձները դրամ աշխատելու անսպառ հնարքների էին տիրապետում: Բացվեցին առաջին սրճաղաց կրպակները, եւ սուրճի հատիկներին աննկատ խառնվող մուգ գույնի հացազգիների շնորհիվ տիկին Մելինեն բարգավաճում էր:

- Թուլումբա՛,- վաղ առավոտյան լսվում էր կիսատկլոր տղայիկի ձայնը փողոցով մեկ, եւ մայրերից շատ մեծ դժվարությամբ ստացած 20 կոպեկանոցը փոքրիկ վաճառականի ձեռքը խցկելով` դպրոցի ճամփին մենք ոլորում էինք բամբակի նման նուրբ ու մեղրակաթ թխվածքը, երանությամբ խոթում բերաններս: Այդ թուլումբայից ես հետագայում այլեւս ոչ մի տեղ չկերա` այժմ այդ թխվածքը շաքարաջրի ու ձեթի մի տհաճ խառնուրդ է, որն ուտել համարձակվողը ստամոքսի խնդիր է ունենում:

Ջրցանված ու մաքուր ավլած մայթերին, դռների առջեւ թասերով դրված էին սեփական բանջարանոցի մառոլն ու համեմը, ձու, տնական սարքած բաստուրմա եւ սուջուխ, սեփական ջերմոցի մեխակ, առաջին արտասահմանյան ծամոնները: Ով ինչ չուներ` գնում էր հարեւանից եւ նրան վաճառում իր ունեցածը: Հնարամիտ տանտիրուհիներ էին իրենց ապրած նախկին երկրների սովորույթները բերած մենդուհիներիը, մելինեները, իմաստուհիները, նուրիցաներն ու անժելները: Հյուր էին կանչում կամ գնում ` զարմացնելու եւ զարմանալու անսովոր աղցաններով եւ սոուսներով: Չաղ Մարին «մեծ հալոցքից» դեռ շատ տարիներ առաջ սեփական առանձնատանը մասնավոր մանկապարտեզ էր բացել, եւ ամիսը 10 ռուբլով մի տասը երեխա էր պահում եւ իր ապրուստը հոգում ` ոչ հարկային, ոչ բան: Բայց դե` թաղի լիազորի ձեռքը մի բան տալիս էր, թաղային տեսուչի «նալոգն» էլ` առանձին:

Տղամարդիկ` պոդոսները, հակոբաղբարները, գուգուլները զանազան տարաշխարհիկ արհեստներ եւ «փող դուրս բերող» հնարքներ էին բանեցնում:

- Հայդե, յոլա էրթանք, սթըրվինք,- ասում էին նրանք:

Մանդոլին նվագող հաստափոր Նուբարը, որ դպրոցում երաժշտության ուսուցիչ էր, Սովետի էն թունդ ժամանակը մասնավոր դասեր էր տալիս: Փողոցի այն մանչերը, որոնց մայրերը երազում էին երաժշտական կրթության տալ իրենց զավակներին, ի վերջո գնում-դեմ էին առնում ընկեր Նուբարի մանդոլինին: Նրա ամսական երեք ռուբլիանոց կուրսին որոշ ժամանակ երեխաներին ուղարկելուց հետո մայրերը հայտնաբերում էին, որ ոչ մի տեղ պարզճակատ դուրս գալ չեն կարող. երեխեքը երկու տակտից ավել նվագել չգիտեին: Սակայն ընկեր Նուբարի ժողովրդականությունը դրանից չէր տուժում, նույնիսկ դպրոցում չարաճճի երեխաների դաժան օյիններից շատ հիմնավոր ցնցումներ կրած այդ ժողովրդականությունը, երաժշտասեր ծնողների շնորհիվ, շարունակում էր օգնել ընկեր Նուբարին` իր ընտանիքը բարեկեցիկ պահելու:

Վարդգես Պետրոսյանի «Գարունը» ավագ դպրոցականների ձեռքով մտնում էր տները` թարմ հոսանք բերելով: Տան տարեց անդամները, փնթփնթալով դեռեւս, կոմունիստների ներշնչած վախերից դեռեւս թոթափվել չկարողանալով` այնուամենայնիվ կարդում էին: Ազատ բարքերը սողոսկում էին կենցաղ: Մեր թաղի ամենակռվարար տղան` Պողոսը մոտոցիկլի հետնակին էր նստեցնում առաջին շալվարավոր աղջկան` դատավորի Լալային, եւ վզզում էին նորասֆալտ մեր թաղի մաքուր-փայլող փողոցներով: Մայրերին այդ մոտոցիկլի դռդռոցը զայրացնում էր, նրանք արգելում էին իրենց դստրիկներին` հիացմունքի հայացքով ուղեկցելու երջանիկներին, բայց ո՞վ էր արգելքներին ուշադրություն դարձնում: Ինձանից մի տարի մեծ Ժաննան իններորդում առյուծի բաշի պես էր սարքում գեղեցիկ մազերը եւ արժանանում մեր խստաբարո ուսուցիչների անընդմեջ նկատողություններին: Ժաննան շատ լավ էր սովորում` նրան ուրիշ նկատողություն անելու պատճառ չկար, եւ գեղեցկուհի Ժաննան հաղթում էր մեր պուրիտան ուսուցչուհիներին, սպիտակ ժապավենից եւ ատելի «ֆորմայից» ազատվելու օրինակ դառնում: Մեր հարեւանի Աիդան, էլի իններորդում, Բուրսալյան Գրիգորի հետ փախավ Թիֆլիս. թունդ սիրահարվածներն այն ժամանակ այդպես էին անում, որից հետո սովորաբար երկու կողմի ծնողները մի քիչ կռվում էին իրար հետ, իրար մեղադրում, ապա հարսանիք անում: Հետո նրանք Ամերիկա գնացին` մեր փողոցի առաջին Ամերիկա գնացողների ճանապարհը բացելով: Բլեն դերասանություն էր անում դպրոցում: Այդ ժամանակներում ֆուտբոլը բոլորի կյանքն էր, եւ շատ լավ ֆուտբոլ խաղացող Հարութին աշխարհի հայտնի ֆուտբոլիստներից Բլեշի անունով Բլե էին կանչում: Հարութը մինչեւ հիմա էլ դերասանություն է անում, եւ նրա մոտ ստացվում է` Ախպարաշենի ողջ դերասանությունը նա կաթիլ-կաթիլ հավաքել է իր մեջ: Քանդակագործ էլ ունեինք` Ալիկ Քոչարյանը, որ իմ դասղեկ Մարգարիտայի պատվերով գիպսից Մայակովսկի էր քանդակում ու «5» ստանում ռուսերենից, իսկ հետո երկար բեղեր պահեց եւ հեռուստացույցով ազգագրական երգեր էր երգում: Ալիկը վերջն ամուսնացավ մեր թաղի գեղեցկուհիներից Վարդուհու հետ, երբ վերջինս հույսը կտրել էր Քրիստինից: Քրիստինն ու Վարդուհին երբ հանդիպում էին` բոլորի նախանձի առարկան էին` ոնց որ կինոհերոսներ: Բայց մեր առաջին կինոների «հեփի էնդը» չեղավ, Քրիստինը պարզապես ծլկեց` ընտանիքով գնացին Բեյրութ ու Վարդուհուն չտարան: Քրիստինի փայտեմեջք քույրը, ուր որ է` անունը կհիշեմ, մեր փողոցում կանգնում ու փրփուրը բերանին ապացուցում էր, որ իր բարեկիրթ, սիրուն եղբոր համար չի էդ «մի քիչ գեղացի» Վարդուհին: Բայց Ալիկն ու Վարդուհին էլ միասին չմնացին, արվեստը զոհեր է պահանջում` երկուսն էլ գնացին իրենց ճանապարհներով:

Մեր բակը հարեւանի այգուց մի ցեմենտե մետրանոց պատ էր բաժանում ու ո՞վ գիտեր, որ այդ պատից այն կողմ վարչապետ էր աճում` Բագրատյանը: Փոքրիկ ու քիփլիկ տան փոխարեն, որտեղ ժամանակին Վիրաբի որդի երկու Բագրատյաններն էին ապրում, ու նրանցից մեկն էր ապագա վարչապետի հայրը, այժմ մի մեծ առանձնատուն է` շունչ-արարած չի երեւում :

Առհասարակ տարիներ հետո, երբ վերադարձա մեր թաղամաս` ծանոթ հայրենադարձներից շատ-շատերն արդեն չկային, մեկնել էին երկրից: Նրանց տեղը գրավել էին նոր եկվորներ` Մարտունուց, Ապարանից, Վարդենիսից, եւ մեր թաղը նոր բովանդակություն ու ձեւ էր ստացել: Թեեւ առաջվա նման ամենախարխուլ տնակն էլի որդեգիր աղջկա հետ ապրող Իմաստուհունն էր, բայց նախկին կոլորիտը չէր պահպանվել. հունաստանցի ընտանիքի «սաղապոլն» էլ չէր լսվում, նորակառույց երկու-երեք հարկանիները բարձր պարիսպներով էին պատված, եւ նրանց հետեւում այլեւս թաղի հնաբնակներին անհասկանալի մարդիկ էին ապրում:

ՄԱՐԻՆԿԱՅԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Մովսեսի թաղմանը օպերայի հրապարակում հազարավոր դեմքերի մեջ անընդհատ փնտրում էի եղբորս: Անցնում էի շարքերով, տեսնում էի ցավ, շփոթմունք, կատաղություն` առաջին մարտերում Մովսեսի ստացած գնդակը բոլորը սեփական ճակատներին էին զգում: Եղբայրս Մոսոյին շատ էր սիրում` կրտսերի սիրով, մեր տանը հաճախ էր հիշում նրա զրույցները, վերլուծում նրա ճիշտն ու սխալը: Մոսոյի մահը առաջին մահերից էր, որի մասին հայտնեցին աշխարհի լրատվամիջոցները. եթե եղբայրս ողջ լիներ ու լուրն առներ` ուր էլ լիներ-գալու էր հասներ: Մովսեսի թաղման օրը շատ էի հուսահատված անարդարությունից ու...եղբորս անհետացման ցավի նորոգումից:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ

Քաղաքից կտրված թաղամասում դրսի աշխարհից ներփակող փայտե երկումետրանոց ցանկապատը պատրանք էր ստեղծում, թե ես ու եղբայրս ապրում ենք ուրիշ մոլորակում: Եռաչափ այդ աշխարհում երկու օրը մեկ հայտնվում էր հայրս` գիշերային հերթափոխից լավ հոգնած, կարմրած աչքերով եւ անմիջապես էլ նետվում այն մահճակալին, որ հատկապես դրված էր մեջտեղի սենյակում, հորս ցերեկային հանգստի համար: Փոքր եղբորս ծնունդով ընտանիք մտավ ջերմության նոր չափաբաժին. նոր մարդու ծնունդը կարծես միշտ էլ մի փոքր ավելի է մտերմացնում նույն կենսական տարածքը զբաղեցնող, բայց իրար անհաղորդ մարդկանց: Ընտանիքը մի որոշ ժամանակ համերաշխ ու անհոգ էր թվում կամ գուցե այդպես է երեւացել իմ աչքին: Հիշում եմ այն օրը, երբ նորածին եղբորս պետք է տուն բերեին, հիշում եմ երեկվա օրվա պես. ահա նստել եմ լայն լուսամուտագոգին եւ երկար սպասում եմ այդ նորին, որ ինձնից հետո էր եկել: Սպասումը կարճելու համար հաշվում էի մինչեւ առաստաղ մահճակալին շարված պահեստային վերմակներն ու ներքնակները, տատիս գործած հին կարպետի նախշերը: Բայց քունս տարել էր: Արթնացա` մայրս տուն էր եկել. տանն ամեն ինչ խաղաղվել էր, եւ սենյակի լռության մեջ մի անծանոթ ֆսֆսոց էր լսվում: Ձգվեցի` ճերմակ-փրփուր շորերի կույտի մեջ պստպստացող մի վառ կարմիր քթիկ էր ֆսֆսացողը: Դա էր նոր մարդը, իմ փոքրիկ եղբայրը: Այդ պահին եւ դրանից հետո էլ դեռ երկար ինքս ինձ տանջում էի` հարցնելով, թե այդ քնած, ինքնագոհ, պստլիկ մարդը ի՞նչ է ասելու կամ անելու աշխարհում եւ ի՞նչու է աշխարհ եկել: Չգիտեի դեռ, որ այդպիսի հարցերը պատասխան չեն ունենում. իմանո՞ւմ ենք երբեւէ, թե ինչո՞ւ այդպես եւ ոչ ուրիշ կերպ վարվեցինք Աստծո տված մեր բաժին կյանքի ու ժամանակի հետ, ու ե՞րբ, ե՞րբ ենք գլխի ընկնում, որ չի կարելի անգթորեն փոշիացնել մեր բաժին ժամանակը: (Հիմա այլեւս գիտեի. ողջ էությամբ ցանկանալու դեպքում անգամ իմ կյանքի փորձը չի կարող իմ որդուն փրկել ժամանակի անիմաստ կորուստներից, փորձանքներից ու անհաջողությունից: Ամենքը սկսում են իրենց սխալից, իրե՛նց հեծանիվից, ու սեւ գրոշ անգամ չարժե մարդկության փորձը` սիրո, ցավի, կորուստի եվ երջանկության վերաբերյալ: Այն գիտություն չի դառնում եւ չի փոխանցվում: Սխալի իրավունքը բոլորինն է` ուրի՛շ կյանք, ուրի՛շ սխալ, ուրի՛շ երջանկություն կամ դժբախտություն):

Այս ո՞ւր հասա:

-օօօ-

«Մայրս մահացել է». ինչ սարսափելի նախադասություն. արդյո՞ք հասկանում էի դրա իմաստը: Ահա նստել էի նկարի դիմաց, եւ ինձ հետ ոչինչ չէր պատահում` ոչ աչքերս էին թրջվում, ոչ կուրանում էի, ոչ ուշաթափվում:

- Ստեփան,- ականջներումս հնչում էր եղբորս կանչող մորս ձայնը. չափազանց բարկությունից այդ ձայնում դրամատիկ երանգներ էին հայտնվում: Բայց Ստյոպը, մեկ է, չէր լսում նրան, քանի որ այդպիսի պահերին ընկերներից որեւէ մեկի տան բակի խորքում «ճըտ» էր խաղում, դրոշմանիշ տարվում կամ կրում: Երեկոյան կհայտնվի նա` քրտնած, կարմրած, շորերը կեղտի մեջ կորած. մորս ձեռքը կմեկնվի ու չի գնա ծեծելու իր այդ սիրելի փոքրին: «Խորթոն» բակի մի անկյունում կգտնի քրոջը` պատմելու իր հազար ու մի գաղտնիքները:

Հանգիստ: Նստիր, ծխախոտ վերցրու` «Գրանդ տոբակո»: Ոչինչ չես կարող փոխել: Ուրիշ մեկն էլ կսկսի հենց այնտեղից, որտեղից դու եկար: Ուրիշ մեկն էլ կսխալվի` կրնկաբաց դռնից ընկնող արեւի մեջ մեղմորեն թռչող փոշեհատիկների ստեղծած հավերժության, խաղաղության եւ անվերջի պատրանքն իրականի տեղ ընդունելով:

Պատրանք-օրինակները` շատ: Մի ժամանակ «Պատրանքներ» վերնագրով տետր էի պահում, որի մեջ գրանցում էի իմ եւ հայ ժողովրդի բոլոր պատրանքները` մոտավորապես այս կարգի.

Պատրանք 1. Դեկտեմբեր էր, բայց ձմեռվա նման չէր: Տաք էր, արեւը սիրելու նման էր շոյում մարդու, ոչ մի վատ բանի սպասում չկար: Մի քանի անգամ խաբվել էին մարդիկ` Կենտրոնից Ղարաբաղի հարցի արագ լուծման սպասելով. սպասում էին հրաշքի, պատեհության, հայանպաստ վճռի: Միամիտ սպասում էր: Աշխատանքի գնալը դարձել էր երկրորդական բան` քաղաքական կատակներով, պարապ ճամարտակություններով լցվող ժամանակ, ու դեկտեմբերի 7-ը որ սկսվեց` այդպիսի օր էր. վտանգի զգացողություն չկար, մահը հեռու էր, մարդկային մեջքը (էլ ուր մնաց` ամբողջության) շատ ամուր էր թվում: Կեսօրին արդեն, երկրաշարժի գույժով, այդ բոլորն այլեւս պատրանք էր:

Պատրանք 2. Արեւոտ անձրեւի մեջ համալսարանից կինո «Նաիրի» ծտի պես թռչող աղջիկն անհոգ էր, ինչպես երեխա: Վազում էր կյանքին ընդառաջ` առանց շուրջը նայելու, շատ լուրջ տեսքով, մազերն անփույթ թափթփած: Թվում էր` եթե մի փոքր դանդաղի կամ շուրջը նայի` կուշանա շատ կարեւոր բանից: Այդ ո՞ւր էր շտապում: Չգիտեր, որ շտապելուց կյանքի կողքով են անցնում, շուրջը եղածը չեն նկատում, շտապելուց տեղ չեն հասնում պարզապես: Չգիտեր, որ անգին մի գանձ ունի` երիտասարդությունը, մնացածը կարեւոր չէր: Պատրանք կար` ուրի՛շ գանձեր գտնելու:

Տարիների հեռվից համալսարանից կինո «Նաիրի» ծտի պես թռչող աղջնակով օր-նատյուրմորտը թեթեւսոլիկ եւ անիրական է:

Պատրանքները եւս մարդկային են:

-օօօ-

Տիկին Նուրիցան մորս ընկերուհին էր: Կարճահասակ, կարճատես, չափից ավելի մաքրասեր` նա մարդկանց դասդասում էր ըստ իր պատկերացումների` այսինքն ըստ մաքրասիրության աստիճանի: Նրա ուղղամտությունը սահման չուներ, հատկապես` մարդու թերությունը երեսին ասելու գործում: Բնականաբար` մեր հարեւանները սալոնիկցի Նուրիցային եւ նրա ամուսնուն մի փոքր նյարդայնորեն էին վերաբերվում, համարում «քթի մազ»: Ամեն առավոտ տիկին Նուրիցան ձայն էր տալիս մորս, եւ նրանք միասին գնում էին հացի. այդ հացի գնալը մի ողջ իրադարձություն էր նրանց համար` իրար էին փոխանցում իրենց սրտնեղությունները, անցած օրվա բոլոր լուրերը, հացի խանութից բացի` մտնում էին Էրեբունի փողոցի բոլոր մյուս խանութները, մի երկու աննշան ապրանք գնում, իմանում «տակից» կամ «վրայից» վաճառվող ապրանքների մասին ու նոր տուն էին դառնում` ամեն մեկն իր տան գործին:

Երբ դեռ մեր փողոցում ջրի ու գազի մագիստրալ գծերը չէին անցկացրել` ջուրը կրում էինք փողոցի միակ աղբյուրից: Հաճախ եմ լսել, թե առավոտյան ջրի հերթ կանգնած մարդիկ հերթը խախտելու համար ինչպես էին կռվում իրար հետ` վերջին բառերով նախշելով իրար, իսկ օրվա մյուս կեսին ջերմ-ջերմ զրուցում էին` կարծես ոչինչ չէր պատահել: Բայց երբ տիկին Նուրիցան ու մեր փողոցի մյուս Չաղ Մարին ¥երկու Չաղ Մարի ունեինք¤ էին կռվում ընտիր հիշոցներով` նրանց թշնամանքը չէր անցնում: Հունահայի եւ տաճկահայի անհաշտ «բարեկամությունն» այստեղ իր դերն էր խաղում:

- Ոջլոտ-կեղտոտներ, գացեք վրա-գլուխնիդ լվացեք, ամոթ է,- շպրտում էր տիկին Նուրիցան որպես եզրափակիչ ակորդ` իր դարպասից ներս մտնելուց առաջ:

- Քոռ, դիմացդ նայե, չընկնիս,- թնդում էր արդեն իր ճաղապատ պատուհանից կառչած-ծանր դույլերից հանգստացող Մարիի ձայնը:

Մորս նյարդերը եւս տեղի էին տալիս այդ լեզվակռվից, եւ նա ինքն իրեն խաղաղեցնում էր` քթի տակ Մարիի կողմը կրկնելով. «Արջ մայրիկ»: Նուրիցան երկու զավակ ուներ` Գոռը եւ Աննան: Աննան վեցերորդ դասարանում մահացավ` ծնվել էր սրտի արատով: Նա ինձանից մի քանի տարով մեծ էր ու ամեն օր մի հնարք բանեցնում էր: Բարձրակրունկ նեղքիթ կոշիկները նոր էին մոդա եկել, մեր փողոցում համալսարան գնացող մեկ-երկու աղջիկ էին դրանցից հագնում: Աննան փայտե կրունկներ էր տաշել, մեխել իր տափակ կոշիկներին եւ 15-ից 14-րդ փողոց` իր ընկերուհու տուն էր գնում որպես փարիզյան պոդիումի մի իսկական կոկետուհի` գլուխը բարձր անցնելով երեկոյան իրենց տների դիմաց նստարաններին արեւածաղիկ չրթող իգական սեռի տարեց հանդիսատեսի մոտով: Աննան գնաց այս կյանքից` արցունքի մշտական պահեստ սարքելով մորս ընկերուհու` տիկին Նուրիցայի աչքերը: Աննայի ընկերուհուն` Էլինային մերժեցին կին տալ տիկին Նուրիցայի որդուն: «Իրենց երկու մետրանոց աղջկա ոտքերը թող տանին-մտցնեն...»,- կոնկրետ տեղ էր ցույց տալիս մորս վիրավորված ընկերուհին: Էլյան քույրն էր բավական հանրահայտ մի բժշկի, որ անվճար վիրահատում էր մեր փողոցի բոլոր հիվանդներին` թեեւ աշխատում էր երկաթուղայինների հիվանդանոցում, իսկ մեր փողոցի միակ երկաթուղայինը հայրս էր: Բժիշկ Սերգեյի մասին հետագայում ես լրագրային հրապարակում պատրաստեցի: Սա այն Սերգեյն էր հենց, որ ուրիշ հինգ բժիշկների հետ, Ղարաբաղի վիրավորներին օգնության շտապելիս զոհվել էր Քելբաջարի լեռներում: Ուղղաթիռը վատ եղանակին բախվել էր լեռանը:

Չգիտեմ որտեղից էր գալիս` գեներում կար, թե կյանքն էր այդպես համադասել, բայց մայրս մի չափաբաժին ավելի հպարտությամբ էր ներլցված, քան պետք էր: Ամեն ինչ միայնակ անելու սովորություն ուներ եւ չէր սիրում, որ իրեն խղճում էին կամ փորձում էին օգնել: Մորս մայրը լսել էր իր ամուսնուց եւ այդպես բերնեբերան փոխանցվել էր, որ իրենք Կամսարականներից են սերում: Մորս ազգում շարունակում էին իրենց զավակներին Սպանդար(ատ), Բագրատ, Կամսար, Բագրատանուշ կանչել, թեեւ անձնագրում հաճախ գրանցում էին ուրիշ, ժամանակակից անուններ: Մորս հորեղբայրը` Կամսար Սահակյանը, որն ի դեպ հենց անձնագրով Կամսար էր, մինչեւ անցած 60-ականների կեսը Հայաստանի երկաթուղու պահակազորի պետն էր եւ ահագին հայտնի անձնավորություն Հայաստանում: Երկաթուղայինները նրան, Սովետի հանգով, «կամիսար» էին ասում: Իր պապի ու տատի մասին մայրս գիտեր, որ մինչեւ թուրքերի կոտորածները ապրում էին Կարսում, էն ժամանակ քչերից, որ Լազարյան ճեմարան էին ավարտել երկուսն էլ. պապը հոգեւորական էր, ինչպես եւ պապի հայր Սահակ Տեր-Սահակյանը կամ` Տերտերանց Տեր Սահակը: Մորս տատին, որ ամուսնու սպանությունից հետո ազգի մեծ մասի հետ տեղափոխվել եւ ապրում էր Ալեքպոլին հարակից Մեծ Քափանակ (Մեծ Մուսայելյան) գյուղում, թուրքերը ուրիշ հայ կանանց հետ փակել են Քափանակի եկեղեցում եւ վառել:

Մայրս էլ իր ազգականների համար Բագրատանուշ էր, թեեւ մեր փողոցում նրան այլ անունով էին ճանաչում: Իմ քեռի Սպանդարն ու նրա կին Վիկտորյան, որ տարին մի քանի անգամ Լենինականից հյուր էին գալիս Երեւան, Արեշի մեր տունը, մինչեւ մորս մահն էլ նրան Բագրատանուշ էին կանչում: Ու այդպես էլ անվանը համապատասխան պահում էր իրեն մայրս` մեջքն ուղիղ, այլոց օգնությունը չակնկալող, իշխանական կապույտ արյունից իրեն սերված համարելով, բայց եւ երեխաներին հագցնել եւ կերակրել չկարողանալով այնպես, ինչպես ինքը կուզենար: Տավարի մսի փաթեթը, որ ուղարկում էր մեր հարեւան Ալիսը իբրեւ նվեր` մայրս հետ էր ուղարկում: Ալիսը շատ էր նեղանում, եւ իր հասկացածով` մորս արածն անշնորհք բան էր: Իսկ մայրս իր բացատրությունն ուներ: Ասում էր` «Գողացած ապրանքը կուլ չի գնա, մեկ, երկրորդ` թող իրենք ուտեն-կշտանան, իմ աչքը կուշտ է»: Մեր հարեւանների մի մասը մոտերքում գտնվող մսի կոմբինատում էին աշխատում, եւ բոլորն այդ կոմբինատում, բանվորից մինչեւ պահեստապետ, շաբաթն իրենց հասանելիք 2 կգ մսից բացի, ամեն օր միս ու երշիկ էին «դուրս բերում» արտադրամասերից: Պոլիէթիլենով փաթաթած միսը կապում էին վրաները եւ դուրս հանում ստուգման կետից, հետո էլ վաճառում թաղում` խանութի գնից մի փոքր էժան: Թաղի առաջին «Մոսկվիչների» եւ «Վոլգաների» աղբյուրն հենց այդ միսն էր: Ու մայրս իր վրա միայն սպիտակ ագռավի դերն էր վերցրել` իր կես կիլո միսը շարունակելով խանութից առնել: Մարտունեցի Ալիսի հետ այդպես էլ նեղացան իրարից, բացի այդ էլ Գյումրիում մեծացած մայրս սիրում էր նորեկների, այսինքն` հայրենադարձների հետ ընկերություն անել: «Քսակը բարձրացնում է մարդու հասակը»,-այդ առթիվ կանգնում եւ փողոցի կենտրոնում փիլիսոփայում էր Ալիսի կարճահասակ տագերկինը, անունը մոռացել եմ, ոտքերի ծայրերի վրա բարձրանալով ու այդպես փորձելով հավասար բարձրությունից նայել մորս: Ալիսենց տունը Դիմիտրովի եւ մեր փողոցները միացնող «նեղ արանքից» էլ այն կողմ էր, պլանից դուրս, Նապոլեոնի հսկա հողամասի պարիսպներին կպած: Այդ պարիսպները երեխաներիս թվում էին անհայտը թաքցնող խորհրդավոր մի բան, իսկ նրա հետեւում մեծացող մեր հասակակիցները` ընտրյալներ: Նապոլեոնը երկար տարիներ մոտիկ գյուղերից մեկում կոլխոզի նախագահ էր եղել, ինչը խորհրդանիշն էր բարեկեցության, արտոնյալ ապրելակերպի: Նապոլեոնի ծառերի պտղին կպչել չէր լինում` ներսից լսվում էր չերեւացող գամփռի կատաղի հաչոցը, ու մեկնված ձեռքն արագ հետ էր քաշվում: Իմ դպրոց գնալու տարիներին արդեն Նապոլեոնի իշխանությունն ավարտվեց` մահացել էր, շներն էլ չկային, ու մենք լավ տանձ էինք քաղում նրա ծառերից: Ալիսի միակ որդին, որ երեք աղջիկներից հետո էր ծնվել, 8-րդ դասարանում մահացավ արագ զարգացող քաղցկեղից: Այդ տղային` Ռոբերտ անունով, շատ էինք սիրում, փողոցից տուն էինք բերում, որ սիրենք, խոպոպիկների հետ խաղանք. հոր` միթեւանի Հայկարամի հույսն էլ նա էր: Բայց ով կիմանա` ինչ կա Աստծու մտքին: Եվ ինչն` ինչի դիմաց է անում: Չգիտենք եւ չենք էլ իմանա: Հայկարամն ու Ալիսն էլ շուտ գնացին այս կյանքից, եւ նրանց տան բազմաթիվ շինություններում հիմա ապրում են նրանց դուստրերն` իրենց ընտանիքներով:

Բայց գլուխգործոցները մեր պատկից հարեւաններն էին: Մեկին` տան պատն էր կից, մյուսի եւ մեր այգիները մի պատով էին բաժանվում: Վերջինը, արդեն ասել եմ, Բագրատյանենց տունն էր, ուր ապրում էին Հրանտենց եւ նրա հորեղբոր ընտանիքները: Այս երկու ընտանիքի պարզ դիտարկումից անգամ ակնառու էր հայտնի ճշմարտությունը. որեւէ ընտանիքի երեխաների դաստիարակության արդյունքը կախված է նրանից, թե ով է այդ տան կինը: Երկու եղբայրները համարյա նույն թվով երեխաներ ունեին, բայց մեկից ստացվեցին գիտությունների դոկտոր, տարբեր մասնագետներ, մյուսից` սովորականից էլ այն կողմ մարդիկ, ովքեր, միեւնույնն է, առանց կրթվածության եւ հմտությունների էլ եկամտով եւ պաշտոնով ապահովված են. հանրահայտ ազգականները նրանց անտես չարին, եւ մի կնոջ ջանքը` կրթելու իր երեխաներին, նույնական դարձավ մյուս կնոջ ջանքին, ով իր երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ այնքան զբաղվեց, ինչքան ի վիճակի էր: Այսինքն` առաջինները հավասար եղան վերջիններին. այդպիսին է ժամանակը, այդպիսին են բարքերը, այդպիսին են մարդիկ: Բայց տիկին Ժենյան, որ կրթում էր իր Բագրատյաններին` հաստատ իր ջանքի այդպիսի քառապատիկ ցուցիչ չէր սպասում: Ցանեց ցորենի չափ, ստացավ ընկույզի չափ: Նա այն ժամանակ դեռ երեխաների հետ խոսում էր մաքուր հայերենով, շատերի հետ շփվել նրանց չէր թողնում, հետեւում էր, որ հիմնավոր գիտելիքներ ստանան: Նա ինքը քիչ էր առնչվում հարեւանների, անգամ իր տագերկնոջ հետ: Մշտապես խնամված տեսք ուներ, թաղի առաջին շրթներկ անող կանանցից էր, որով էլ զայրացնում էր մեր թաղի պուրիտան տանտիկիններին: Իհարկե, միջին մակարդակի հայ մարդը մի քիչ ֆոկուսացված պատկերացում ունի արժեքների մասին, եւ դա իր մեղքը չէ, այլ ժամանակների ու հանգամանքների: Այս պատճառով հաճախ չհիմնավորված կուռքեր ենք ստեղծում, իսկ հետո նույն եռանդով փշրում: Հենց այդպես մենք մեր հարեւան Բագրատյանից, որն ի դեպ լավ էլ տեսաբան էր, վարչապետ ձուլեցինք, հետո էլ անվանեցինք «որձ կովերի մասնագետ»` նրա մի լեզվական սպրդումի վրա կատակելով, բայց երկու դեպքում էլ չափազանցեցինք: Իրականության մեջ անժխտելի է, որ տիկին Ժենյան այս ընտանիքը դարձրեց կրթված եւ լավ մասնագետ տղամարդկանց արտադրամաս. մնացյալը ընկալումների խնդիր է: Ու երբ Բագրատյանի Մարգարիտ տատը կանգնում ու իր թոռի գովքն էր անում պատից այս կողմ ողջ օրը բանող մորս, ով Բագրատյանի վարչապետ դառնալու եւ իր որդու անհետ կորելու փաստից անտեղյակ հեռացավ այս աշխարհից, երիցս ճշմարիտ էր:

Ուրիշ, ուրիշ էր մեր պատկից հարեւանը, որի հետ մայրս հասցրեց թշնամանալ, ինչպես Նուրիցան` Չաղ Մարիի հետ: Մեր այս հարեւանները Մարտունուց էին, երկու եղբայր` Վանիկն ու Բենիկը: Երկհարկանի տուն էին սարքել ու հավասար կիսել, բակերը նույնպես կիսել էին: Մեկի կինը ռուս էր` զարմանալի համեստ Վալյան, մյուսինը` հենց մարտունեցի, ու էս երկու մարտունեցիներն էին մեր պատկիցը, որոնք շաբաթ չէին անցկացնում առանց սկանդալի, առանց բարձրաձայն գոռգոռոցի ու հարայհրոցի: Կնոջ` իգաարական ձայնով փնթփնթոցը լսվում էր ողջ օրը: Ամուսինը բեռնատարի վարորդ էր, ուղղում` մսի կոմբինատի բեռնատարի: Բնականաբար` նրանք բարգավաճող ընտանիքի համբավ էին ուզում որդեգրել: Բարեկրթությունը, որը Բագրատյանների տիկին Ժենյան հաջողությամբ համադրում էր տարին 8-9 ամիս խոպան գնացող ամուսնու բերած փողերի հետ, մեր այդ մյուս հարեւանների հետ բարեկամություն չէր անում` սկանդալների եւ տուրուդմփոցների դիտողներիս գուցե սուբյեկտիվ պատկերացումներին նյութ տալով: Ու մենք մտովի, գուցե ժամանակի գավառականության դրոշմն ունեցող մեր գնահատականներն ունեինք նրանց մասին` աջուձախ ծախսող ընտանիքի հայր, թղթախաղով տարված ավագ որդի, նորաձեւ հագուստներն օրումեջ փոխող աղջիկներ: Նրանց կրտսեր տղան` Հակոբը, եղբորս հասակակիցն էր, համեմատաբար հետաքրքիր անձնավորություն, ու մեր ընտանիքների միակ շփման կետը երկու տղաներն էին, որոնք անհաղորդ էին մեծերի սառը պատերազմին:

Մսի կոմբինատի պահեստապետ Գուրգենը, որ իմ պատկերացմամբ մի բարի մարդ էր, մեր եւ Բագրատյանենց հարեւանն էր: Հարեւանները նրան հետեւից «կյառ Գուրգեն» էին ասում` ծանր էր լսում, իսկ, այ, լեզվանի կնոջից, Ռոզայից շատերը վախենում էին: Երբ ես պրիմուսի վրա եփվող բորշչը հաջողությամբ շուռ տվի ոտքիս` ոտնաթաթիս վրա մի հսկա փուչիկ վաստակելով, ոչ ոքի մոտ չէի թողնում, պառկել էի անկողնում ու ցավից լաց էի լինում: Ու մենակ Գուրգենի Ռոզան փոքրիկ եղունգ-կտրիչ մկրատը որ առավ-եկավ` վախից մոտիկ թողեցի: Ռոզան մկրատը խրեց փուչիկի մեջ, կտրեց, հեղուկը բաց թողեց եւ ոտքս փրկեց, ու մինչեւ հիմա էլ ոտքիս սպին հիշեցնում է ինձ ամառային այդ օրը, Ռոզային եւ իր մկրատը: Ռոզային ուրիշ մի հետաքրքիր զուգորդությամբ էլ եմ հիշում, քանի որ գրքերի, հատկապես պոեզիայի հանդեպ որեւէ հակում նրա մոտ ես չեմ նկատել, մինչդեռ իր երեխաների անունները նա դրել էր Ռուսլան եւ Լյուդմիլա` չգիտեմ այդպիսով հագուրդ տալով Պուշկինի հանդեպ իր թուլությանը, թե հայերիս` «հայի չափը չափազանցն է» սկզբունքին, որն այսօր էլ մեզ առաջնորդում է մեր երեխաներին Պուտին կամ Բուշ, կամ էլ` երկվորյակ նորածիններին Ժակ ու Շիրակ կոչելիս:

Դպրոցն, ուր ես էի գնում, զինվորական հավաքակայանի մոտ էր, այնտեղ, ուր հիմա նորակառույց ու շքեղ «Հոլիվուդն» է: Շատ անգամ է պատահել, որ ծառայող ռուս կամ այլազգի զինվորներն անցնեին մեր դպրոցի ամառային մարզադաշտը հավաքակայանից բաժանող երկու մետրանոց պատն ու մեզ հետ ֆուտբոլ խաղային: Բանակում ծառայած մեր ֆիզկուլտ-դասատուն` Նիկոյան Հրանտը չէր բարկանում ու թույլ էր տալիս երկսեռ բարձր դասարանցիներից մեր արագ կազմած ու զինվորական թիմերի խաղերը, որոնք անցնում էին անմիջապես հանդիսատես դարձած մյուս դպրոցականների ուրախ սրամտությունների ու շվոցների տարափի տակ` այն ժամանակ խիստ օգտագործելի «ինտերնացիոնալ» բառի գործնական կիրառությունն ապահովելով: Մի անգամ իմ դասղեկ Մարգարիտան քիչ մնաց ծնող կանչի, քանի որ տղաներին խառնված` ես շատ հաճախ էի սկսել ֆուտբոլ եւ «էշ միլիցա» խաղալ: Վերջինը մի խաղ էր, երբ մեկին ստիպում էին կռանալ, իսկ մյուսները հերթով թռչում էին նրա վրայից, ու այս խաղը մեր կյանք մուտք գործող գողական բարքերի արձագանքն էր: Խոստացա, որ այլեւս չեմ խաղա, եւ դասղեկս զիջեց:

Փողոցը, որով դպրոց էի գնում, էլի ուրիշ հետաքրքիր մարդիկ աճեցրեց: Ճարտարապետներ Դավիթ Գյուլզադյանն ու Վահան Գլջյանը. առաջինը տեղափոխվել է Լաչին, երկրորդն էլի «Լ»-ով սկսվող բնակավայր` բայց Ամերիկայում: Նախկին արեշցի Ձախ Հարութի (հետո իմացա, որ նա ոչ թե արեշցի է, այլ Արեշի մշակույթի պալատում իր խմբի հետ փորձեր էր անում եւ հաճախ հանդես գալիս, բայց մենք նրան արեշցի էինք համարում) մասին լոսանջելեսյան պատմությունները հասնում էին Արեշ եւ վարակում, ձգում: Նույն Լոսում է մեր դասարանցի դաշնակահար Խաչիկ Քյուրքչյանը, որի մասին երբեմն Լոս-Անջելեսի թերթերը գրում են: Դպրոցի դիմաց ապրում էր այն ժամանակվա «ավտարիտետներից» մեկը` Միշիկը, որ դպրոցում Աստծո կրակ էր, ու տղերքից շատերը վախենում էին նրանից, բայց հետո Ղարաբաղյան կռիվներին մասնակցեց, Վոժդ անունը ստացավ ու զոհվեց: Նրա մասին ֆիլմ կա, բայց ճակատագրի հեգնանքով իր մանկության բոլոր արարքներն ամեն տեսակ սահմանափակումների, ձեւականությունների ու պիոներական հանդիսավորության դեմ ուղղող Միշիկի մասին պատմող ֆիլմն այնպիսի պաթետիզմով է ներծծված, որ ամեն ցուցադրվելիս հաստատ անհանգիստ է անում Հայաստանի մետաերկնքի անթիվ շերտերից մեկում հանգրվանած Վոժդի հոգին:

«Ղարաբաղ» կոմիտեի Սամսոնի հետ առաջին երեք դասարանը միասին ենք սովորել: Վեցերորդում նա, արդեն մեր զուգահեռ դասարանում, թունդ սիրահարվել էր հինգերորդի Զվարթին, ու քիչ էր մնում գժվեր` Զվիկն իրեն չէր նկատում: Որ դպրոցական սերերի մասին են պատմում, ու ծնողները դրան չեն հավատում` ես միշտ էդ պատմությունն եմ հիշում: Սամսոնը հիմա տաքսի է քշում, որ ընտանիքը պահի, ղարաբաղյան շարժման տղաներից շատերն են այդպես մոռացվել:

Մեր դասարանի Վահանը հոգեւորական դարձավ` դպրոցում էլ մեկ-մեկ հոգեւոր երգեր էր երգում, էն թվերին, է՛: Պետեյան Գագոն, որ խանութի Ելենի տղան էր ու մեր ժամանակի առաջին «շուստրիներից», մշտապես խոսում էր մեքենաներից, մեծ փողեր աշխատելուց, բայց ողջ կյանքում մանր պաշտոնյա մնաց: Մի անգամ միայն, այն էլ մի քանի ամսով, ճեղքեց մանրպաշտոնեական շրջափակումը սեփական անձի շուրջ եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը դարձավ: Բայց իմ մտովի զարմանքն առ այն, որ Վազգենը շատ արագ էր պիտանի մարդուն տարբերում գլուխ պահողից եւ այդ որակը պիտի որ չհանդուրժեր, իր արդյունքը տվեց` աչքի դեմից հեռու տանելով Չամիչ Գագոյին:

Իմ երգի դասատուն` Օհանյանը, որ հետո ռադիոյում ինձ հետ էր աշխատում` երաժշտական ձեւավորող, իր մեջ պահել էր մեր դպրոցի երգչուհու` Մարոյի հանդեպ վաղ երիտասարդության ժամանակ բռնկված, անպատասխան մնացած ու չմարած սերը: Ու հետո, երբ կինը մահացել էր, կբռշկում էր ինձանից, թե այս շաբաթ Արեշ չե՞ս գնալու, գնա, էլի, անցնելուց էլ Մարոյենց դուռը թակի, ասա` Օհանյանը քեզ ուզում է տեսնի: Սա այն Օհանյանն է, որ դպրոցում խմբավարություն անելիս ձեռքի բանալին անսպասելի շպրտում էր սխալ նոտա երգած աշակերտի վրա, այնքան որ բարկանում էր տակտը չորսացող «անսլուխի»` միայն իր ականջի համար ընկալելի ահավոր երգեցողությունից: Իսկ երբ որեւէ մեկը չէր կարողանում ծիծաղը զսպել բանալու եւ ճակատի հիրավի կոմիկական բախումից` ամբողջ ուժով որոտում էր.«Ինչի՞դ վրա ես ուրախացել, երջանիկ ապուշ»: Այս դեպքում հռհռում էին բոլորը, եւ դպրոցական քառաձայն երգչախմբի այդ օրվա փորձը տապալվում էր: Օհանյանն այդպես էլ իր մուրազին չհասավ, եւ Մարոն էլ, որ իմ տարեկիցն էր, երիտասարդ ու չամուսնացած հեռացավ այս աշխարհից:

Կան բաներ, որ ինձ առայսօր զարմացնում են: Մի տասն տարի առաջ ես լսեցի, որ դասղեկիս երկու որդիները, երկուսն էլ պատանի շնորհալի նկարիչներ, սպանել են իրենց մորաքրոջը, նույնիսկ անդամահատել: Պատճառն ըստ պաշտոնական վարկածի` բնակարանային խնդիրն է եղել:

Սպանության կատարման եզակի դաժանությունն արդեն ինձ չէր ցնցում, ինչպես մեր փողոցի Ավետիսի դեպքում եղավ, այնքան բան էի տեսել արդեն կյանքում: Այս դեպքում ինձ ցնցել էր շարժառիթը. ի՞նչն էր դրդել երկու երիտասարդ տղաներին, որ արվեստագետի հոգի ունեին, եւ որոնց մեծացրել էր բոլորիս համար տարիներ երկրորդ մայր եղած եւ բացառապես սկզբունքային մարդ համարվող իմ դասղեկ Մարգարիտան, այդպես խաղային իրենց հոգու հետ, այդպես կորցնեին անմահը` հոգին եւ ձեռք բարձրացնեին սեփական մորաքրոջ վրա: Ասում են` ոչինչ չկա պատահական այս հողի վրա, պատահական թվացողի ետեւում լավ թաքնված օրինաչափությունն է, գենով փոխանցված-կյանքով չստուգվածը, ծածուկ մեղքերի ապաշխարանքը: «Մարդու գլխից վեր մի թռիր»,-ասում է որդիս իմ այս դատողություններին ի պատասխան` որդիս աստվածաբան է: Մարգարիտան ուշ ընտանիք կազմեց մի մարդու հետ, ով թողել էր իր ընտանիքը: Մարգարիտան հաստատ ավելի լավ կյանքի էր արժանի, բայց ինչ իմանաս Աստծո ճամփաները` երկու տղային ու դստերը նա մեծացրեց վարձով սենյակներում, իսկ մոր բնակարանում ապրում էր նրա չամուսնացած քույրը:

Մարգարիտան հիմա էլ տանջվում է բանտի դռները գնալով, դիմում-խնդրագրեր գրելով, բանտային պաշտոնյաներին կաշառելով (ինչ անարդարություն` մեր դասարանով, նրա իսկ աջակցությամբ, պայքարում էինք դպրոցական կաշառակերության դեմ, սովորում տեր լինել մեր իրավունքներին): Դիմում-խնդրագրեր է գրում, որ իր տղաներին շուտ ազատեն: Բայց ամենուր նրան խաբում են: Տղաների` բանտում արված նկարների ցուցահանդեսը Բուլղարիայում կարգին դրամական մրցանակի էր արժանացել, ու նա հույս ուներ այդ դրամն օգտագործել ու բանտում հիվանդացած իր տղաների բուժմանը հասնել, բայց մի խաբեբա` ցուցահանդեսը Բուլղարիա տարած մենեջերը, այդ գումարն առավ-թռավ, ու հիմա նորից Մարգարիտան ձեռնունայն է:

Իսկ թե ինչպե՞ս եւ ինչու՞ Մարգարիտան եկավ-հասավ այդ կետին` ես չգիտեմ: Գիտեմ, որ բոլոր նրբագույն վիճակներում նա օգնության էր հասնում ինձ եւ բոլորին, բայց նրա արած լավությունները ջուրը գցելու մասին ասացվածքով չեն վերադառնում:

Իսկ ինձ ցնցած սպանությունն այն ժամանակ ցնցել էր նաեւ ողջ Արեշը......

Մի օր, երբ 15-րդ փողոցով դպրոցից սովորականի պես տուն էի դառնում` զգացի, որ անհասկանալի ժխոր էր փողոցում. անցուդարձը շատ էր, մարդիկ տնետուն դուրսուներս էին անում, շշունջով էին խոսում` ինչ-որ պահից անցնելով փսփսոցի: Չկարողացա կցմցել լսածներս` պարզ էր միայն, որ ինչ-որ սարսափելի բան էր կատարվել, մոտիկ տներից մեկից լացի ձայն լսեցի: Վազելով տուն մտա` մեր տանը տիկին Թագուհին եւ տիկին Նուրիցան էին, որ բերել էին լուրը. Պարեխմանի կոշկակար որդուն` Ավետիսին գիշերը սպանել ու մի արկղի մեջ ուղարկել էին տուն` հորն ու մորը: Արյունս սառեց երակներիս մեջ, սարսափած մտա մի անկյուն ու ողջ գիշեր կոշմարային երազների մեջ էի: Ցնցված էր ողջ փողոցը: Պարեխմանի իսկական անունը չեմ հիշում` երեւի չեմ էլ իմացել. նա տանը վարսավիրություն էր անում, եւ ռուսերեն «պարեկմախեր» բառի այլափոխված տարբերակն այնպես էր կպել նրան, որ նրա իսկական անունը մոռացվել էր: Պարեխմանի շեկ հոնքերն ու նրա բնական կարմրամազ կնոջ ահավոր վիշտն աչքիս դեմ են: Ի՞նչ գործերի մեջ էր եղել որդին, ո՞վքեր էին վրեժ լուծել` չիմացա եւ մինչեւ հիմա էլ չգիտեմ, բայց «գողականների ռազբորկաների» մասին իմ առաջին գիտելիքները հենց շաղկապվում են այս պատահարի հետ: Բազմաթիվ տարիներ կողքից դիտելով Ավետիսի ծնողների անփարատ վիշտը` ես ֆիքսել եմ սպանության, եւ հատկապես այդ կարգի դաժան սպանության ողջ ահավորությունը, ու երբ սպանությունների մասին ամերիկյան ֆիլմերը եւ մեր կյանքում մերթընդմերթ կատարվող սպանությունները դարձան մեր առօրյայի մշտական ուղեկիցը, երբ մեզ հիմա այլեւս ոչինչ չի զարմացնում եւ խորը ցնցում` առիթից առիթ ես շարունակում եմ հիշել «սպանություն» բառի հետ կապված իմ առաջին ապրումները:

-օօօ-

Մեր բակի ամենահետընկած անկյունում, ցեմենտե պատին կպած մի թթենի կար, որ բարդու էր նման: Հայրս ժամանակին կրկնակի պատվաստել էր ծառը, ու սա մարդու ճկույթի երկարության, բայց անհամ սպիտակ թութ էր բռնում: Հայրս չէր սիրում ծառ կտրել, այդ թթենու արմատն էլ երեւի դրախտում էր, որովհետեւ կատաղորեն աճում ու տարածվում էր. ահա հայրս էլ ձեւը գտել էր` կողքի մեծ ճյուղերը կտրում էր, թողնում էր միայն վեր սլացողը, էս ծառն էլ կատաղությունը բոյին էր տալիս: Ամառ-ձմեռ իմ սիրած ծառը մի բարդու չափ բարձրացած հենց այդ մեկն էր: Արեւի առաջին լույսի հետ բարձրանում էի այդ ծառը. մի կերպ մագլցում էի անճյուղ առաջին երկու մետրը, թառում էի ամենաբարձր ճյուղին եւ երկար նայում էի ուղիղ դիմացը հայտնված Մասսին, որը դեռ չծագած արեւի` ամպերից անդրադարձող թեք շողերի տակ պարզապես ցուցադրում էր իր բոլոր ծակուծուկերը: Երեւանից ամենամոտը Մասիսը հենց Արեշից է երեւում: Չգիտեմ` ինչ էի մտածում, չգիտեմ` ինչո՞ւ էի այդպես ակնապիշ նայում, բայց երկար տարիներ իմ սիրած զբաղմունքն էր այդ թթենուն թառելը եւ փառավոր սարին նայելը` մինչեւ մեծացա, ու ամոթ էր մի աղջկա համար ժամերով ճոճվել ծառի վրա: Տարիներ հետո, երբ մեր փողոցի ծայրին, Էրեբունի փողոցի կողմից առաջին բարձրահարկերը կառուցվեցին, ես հատուկ հյուր էի գնում իմ դասարանցիներից մեկի տուն, որ պատուհանից Մասիսը տեսնեմ:

Այն թաղում, ուր հիմա ես եմ ապրում, մի բարձրահարկ շենք ուղիղ իմ պատուհանի դիմաց ծածկել է Մասիսները, ես ինչքան էլ ձգվում եմ` Մեծ Մասսի աջ կողմի թեք ուսն եմ տեսնում միայն, գիշերներն էլ` սարի բարձրության կեսին ամերիկյան բազայի կանաչին տվող լույսերը: Ու շատ, շատ եմ զայրանում այդ անհարմար բուսած շենքի պատճառով:

Դասագրքերի հայոց պատմության հոտն իմ ռունգերում, որ համարյա տպագրական ներկի հոտն էր, մի օր էլ ես հայտնվեցի մարդկանց մի բազմության մեջ, ովքեր առանց իմանալու` պատմական իրադարձության մասնակիցը դարձան. ողջ Էրեբունի փողոցը հոսում Էր դեպի այն բլուրը, ուր Արգիշտի հզոր թագավորը 27 դար առաջ շնչել է այն նույն օդը, որ ես էի շնչում, նայել է նույն սարին, որին ես էի նայում, եւ ի նշան իր հաջողակության` հիմնադրել մի ամրոց, որի անունը կպել-մնացել է իմ ապրած վայրին մինչեւ օրս: 7 համարի տրամվայն արգելակեց եւ ստիպված բացեց իր դռները. բազմությունն, ինձ էլ հետն առած` խցկըվեց տրամվայ: Հիշում եմ, թե մի անծանոթ մարդ ինչպես էր ամուր բռնել ձեռքս, որ տրամվայի բաց դռնից չընկնեմ` ժողովուրդը կախվել էր դռներից: Հետո բլուրի մոտ իջանք ու խառնվեցինք ավելի հոծ մի բազմության: Բլրին մոտեցող ամեն մեկի ձեռքը ձյութած փայտե ձող էին տալիս, որ մարդիկ կպցնում էին արդեն վառվող ջահերից, եւ, ասես Արգիշտիի հպատակներ, երեկոյան մութուլույսին գեղեցիկ ու հանդիսավոր բարձրացանք ամրոց տանող աստիճաններով, փողերի եւ թմբուկների հնչյունների տակ: Տպագրական ներկի հոտն այդ օրն ընդմիշտ մոռացվեց, ես ինձ անտիկ շրջանի հերոսուհի էի զգում` պատմությունն իմ շուրջն էր, իմ թաղամասում, որտեղ ես էի ապրում, ու որտեղ երկուսուկես հազարամյակ առաջ ապրել եւ իրենց երկրի փառքն են կռել Արգիշտին եւ Մենուան, ուրարտական կամ արարատական մյուս թագավորները ...

-օօօ-

Չգիտեմ ինչու են մարդիկ գերեզմանոցը տխուր վայր համարում: Եթե մարդ ուտելու, քնելու եւ այլ սովորույթների հետ մի քիչ էլ իրեն նեղություն տա մտածելու, կտեսնի, որ գերեզմանոցն անցյալը ներկային եւ ապագային կապող մի վայր է, որտեղ մահացածներին, ապրողներին եւ ապագայում ծնվողներին կարելի է դիտարկել նույն հարթության մեջ, որտեղ ոչ անցյալ կա, ոչ էլ ապագա, այլ մշտապես միեւնույն ժամանակն է գործողության մեջ, կամ ինչպես Էդմոն Ավետյանը կասեր` Արտաժամանակը: Մարդու պատկերացմամբ` դա մշտական ներկան է, բայց, ուշադրություն դարձրեք, հազիվ թե մարդ իրեն նեղություն տա մտածել, այն էլ` էդ տեսակ խառնուխշտիկ բաների մասին ու փորձի հասկանալ, որ ժամանակը պայմանական մի բան է, իսկ մեր մոլորորակից դուրս արտաժամանակ է կամ հավերժական ներկան: Մի փոքր հաճույքով էի գնում գերեզմանոց` եթե կուզեք. մտածելու տարածք կար, գերեզմանաքարերի զանազան հիմար երկտողերն էլ խթանում էին փիլիսոփայելու ցանկությունը: Այնպես որ` տարին մի երկու անգամ այցելում էի գերեզմանոց: Հոգուս մի անկյունում ծվարած հույսն էլ էր կայծկլտում Նուբարաշենի գերեզմանոցի հիմնական դարպասից մտնելիս: Մայրս վաղուց չկար, մահվան 20 տարին փետրվարին լրացավ: Եղբայրս հանկարծ ու եթե երկիր գար, չուզենար ոչ մեկի երեսը տեսնել` մորս գերեզման անպայման գնալու էր: Ու ես ամեն անգամ գնում-ստուգում էի գերեզմանի տարածքում սարքածս մանր խորամանկությունները, որ կմատնեին այցելուի մասին: Բնությունն իր գործն էր անում մորս գերեզմանին` գարնանը հասկ ու փուշ էր ծլում, մարդաբոյ բարձրանում, աշնանը մացառ դառնում. որ չգնայի պոկեի-այրեի` այդպես էլ ցախը կմնար մինչեւ նոր գարուն: Բայց մի երկու անգամ հրաշքի պես բան էր եղել` այդ էր հույսիս ակունքը: Գնում-տեսնում էի` ցողունն այրած ու հավաքած, փոքրիկ թասիկի մեջ` խունկ ծխեցրած: Մորս հարազատները Երեւան չէին գալիս, գային էլ` գերեզմանի տեղը չէին գտնի, միայն թաղմանն էին եկել: Հայրս իր երկրորդ կնոջ հետ վաղուց Վարդենիսի կողմերը մի սամանամերձ գյուղում էր բուն դրել, ու էս կողմ չէր նայում այլեւս. Երեւանում երեք տուն սարքած մարդն իր փախստական կնոջը երեւի թունդ էր սիրում, որ հետեւից Սեւանի այն կողմը գնաց ու էլ չի երեւում: Հորեղբորս թաղմանը մի կերպ լուր ուղարկեցի` էդ մի անգամը եկավ-հասավ, բայց մորս գերեզման մի տասը տարի կլիներ` հայրս չէր եկել: Ո՞վ կլինի, գլուխ էի կոտրում ու ամեն անգամ գերեզմանի սպիտակ մարմարին մի թունդ գրիչով գրություն թողնում. «Ստեփ, տուն արի»: Բայց անձրեւները լվանում էին գունավոր նամակները, դարձնում անընթեռնելի, եղբայրս էլ չէր երեւում:

Մինչեւ սպիտակ քառակուսին` անցնում էի հպարտ հուշաքարերի կողքով, որոնց վրայից խոժոռ նայում էին իշխելու սովոր տղամարդիկ, նույնիսկ մականուններ կային դրոշմված նրանց անունների կողքին` Ճլե, Մկո, Վիդոկ. բոլորին, սակայն, նույն դիպվածն էր տարել` Ժողովողի հանգով: Մի անգամ նույնիսկ ականատես եղա ի ցույց դրված վշտի. մի երիտասարդ տղամարդ պպզել էր տարեց կնոջ պատկերով գերեզմանաքարի դիմաց, կողքին երկու դուդուկչի նվագում էին` ի տեղի եւ ժամանակի: Բայց նույնիսկ այդ ժամանակ գերեզմանոցը տխուր չէր թվում, այլ սուֆիզմի փորձարկման մի վայր միայն, ուր ամեն ինչ մահկանացուին մղում էր շարժելու մարդկության մի զգալի հատվածի կողմից ըստ նշանակության չօգտագործվող ուղեղը:

Եղբայրս հիմա քառասուն տարեկան է: Շարժումը /խոսքը 1988 թվականի սկսված ղարաբաղյան շարժման մասին է/ որ սկսվեց` մայրս արդեն հինգ տարի է` չկար, ու անընտանիք եղբորս իր հետ տարավ մեր անշարժ կյանքի մեջ 1988 թվականի փետրվարին գարնան հեղեղ բերած հեղափոխական հոսանքը: Եղբորս հետ սրճարաններում, այստեղ-այնտեղ երեւացող ընկերների մի մասին էլի տեսնում էի` պատգամավոր, նախարար եւ էլ ինչ ասես չէին դարձել, անգամ անշարժ գույքի վաճառքով զբաղվող մի գործակալ կար: Նրանք էլ, եղբորս պես, ժամանակին հա Ռուսաստան գնացին, մի մասը զոհվեց ղարաբաղյան կռիվներում: Ով եկավ` եղբորս այդպես էլ ճանապարհը տուն չբերեց: Ընկերները մոռացան նրա մասին, ինձ տեսնելիս էլ շուռ են տալիս գլուխներն-անցնում, իբր չեն ճանաչում: Մի անգամ երաժիշտ Արտյոմը կանգնեց, հիշեց երեխա ժամանակ ո՞նց էին Կոլիկի, Անդոյի ու եղբորս հետ Արեշի մեր հին փողոցով չափ ընկնում, ոնց էր Ստյոպը կարդացած բոլոր գրքերը տասնապատիկ ծաղկեցրած պատմում գիրք կարդալ չսիրող Աստծո կրակ իր ընկերներին, ու ոնց էր աղմուկ-գոռգոռոցն այդ պահերին դադարում աղմկոտ փողոցում. թթենու տակի նստարաններին, Սիլվերի ահասարսուռ կերպարից լեղաճաք, փոքրիկ ավազակները սսկվում էին` իրենց գոյություն չունեցող աշխարհների հերոսները երեւակայելով: «Անդոն հիմա չկա»,-տեղյակ պահեց Արտյոմը. «Երթուղային տաքսու մեջ ոսկու պատճառով որ մեկին խփել էին` Անդոն է եղել»: Անդոն մի քանի աղջիկ ուներ, Մալաթիայի շուկայում ոսկու առեւտուր էր անում եւ ընտանիքը պահում: Նրա մայրը` Վերան, լավ է, շուտ մահացավ ու որդու մահվան կըսկիծը չտեսավ:

Իսկ Ստյոպն ինձ թողել է մի քրքրված խորհրդային անձնագիր` վերջին գրանցում «Ասկերանի շրջան, Բալուջան գյուղ» նշումով: Անձնագիրը նախկին երեւանյան գրանցման հասցեով բերել էր մի անծանոթ տղա` իր ասելով գտել էր Սոչիի ծովափում, 1991 թվականին: 23 տարեկան պատանու անաղարտ հայացքով լուսանկարով, բաժան-բաժան եղած անձնագիրը եւ մի հեռադիտակ` Քելբաջարի սարերում եղած ժամանակից, պահում էի որպես եղբորիցս մնացած միակ հիշատակ:

Ձեռքիս ծաղիկների համար պուլպուլակից ջուր լցրեցի «Ջերմուկի» պլաստիկե շիշը: «Օֆ-օֆ»,-տնքտնքում էր լաց եղած աչքերը լվացող մի տատիկ` պատրաստ ցավերը պատմելու: Անթափանց հայացքի հանդիպելով` կինը թաշկինակով սրբեց երեսը եւ լիքը մարմինը մի ոտքից մյուսը դժվարությամբ տեղափոխելով` քարշ տվեց-տարավ նաեւ իր «օֆ-օֆ»-ը, որ հարազատի շիրմին այցելության եկածի սովորական կոդն է: Եթե տեղի տայի` լսելու էի «Ինչ ենք տանելու աշխարհից` երկու չոր փայտ» շարքից մի դիֆերամբ: Թեքվեցի բլուրից եւ ասֆալտը թողնելով` շալվարիս փողքերը խրեցի ցեխի մեջ, եւ այդպես էլ ցեխի միջով գնացի մինչեւ մարմարե քառակուսին, որ ապրողների ջգրու, մորս վերջին խնայողությունը ներդնելով եւ ընտանիքի համար ոչինչ չթողնելով` եղբայրս էր իր ձեռքով սարքել: Ինքնահանգստացման զուր ջանքեր: Նկար չկար: Մի համեստ, մարմարից թվատախտակ էր` ծննդյան եւ մահվան թվերով` 1930-1983: Գերեզմանի մաքուր սեւահողն անվրդով սպասում էր գարնան առաջին անձրեւին` իր ներսում եղած գարեհատիկը ծիլով դուրս գցելու: Հողի մեջ ժանգոտած մի խորհրդային 10 կոպեկանոց հիշեցնում էր կարծես մորս ապրած ժամանակը: Ոչինչ չէր հուշում այլ ընթացք ու իրադարձություն` մարմարի մեջ սեղմված 4 քմ սեւահողն իր բաժին գարնանն էր սպասում: Երկու բառ դուրս թռավ ներսիցս` քիչ առաջ հանդիպած տատիկի հանգույն: «Ձանձրալի մահկանացու եմ դառնում»,- կծեցի ինքս ինձ: Պպզեցի ու ամենաառաջին եղինջը քաղեցի մարմարե սալի կողքից` շատ լավ գարնանային ապուր է լինում: Կողքի` Ալեքսանդրովա Մարիայի գերեզմանը, որ մորս գերեզմանի հասակակիցն էր, լրիվ քանդվել էր. նրա որդու քանդակած սպիտակ սկահակը հենց ամենասկզբում գողացան, կամաց-կամաց պոկված-թափված քարերն էլ հետո տարան: 10 տարի կլինի` ոչ ոք չի այցելում Մարիա Ալեքսանդրովային, հարազատները վաղուց երեւի քոչել են Հայաստանից` նրան տարագիր թողնելով: Չէ, ոչինչ չէր հիշեցնում այլ այցելուների մասին: Պայուսակիցս հանեցի կարմիր գրիչն ու մուտքի մարմարին թունդ գրեցի. «Ստեփ, տուն արի»: Արեւը կծում էր, ողջ գերեզմանոցում մարդ չէր երեւում: Վերեւում նոր թաղում էր եղել, եւ շներն ուտում էին հուղարկավորի թողած խաշլամայի կտորները: Բարձրացա բլուրն ի վեր:

ՄԱՐԻՆԿԱՅԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Ապրում ենք համարյա լատինամերիկյան գրողների նկարագրած անիրական կյանքով: Ամեն օր հայտնվում ենք այնպիսի իրադարձությունների մեջ, որ սկսում ենք ձեռք կսմթել` արդյո՞ք մեզ հետ է այս ամենը կատարվում: Եղունգների պատճառած ցավն ասում է` այո, այնուամենայնիվ տարակուսանքն ու շփոթը չփարատելով: 75 տարեկան հայրս վերցրել է իր կնոջը, որ մայրս չէ, ու Ռոբինզոնի նման գնացել սահմանի բերանի մի լքված գյուղ` նոր կյանք սկսելու: Ինչ-որ «ընտրյալներ» իրենց մենաշնորհն են համարում ամեն ինչի մասին դատողություններ անելն ու գրելը, քանի որ նույն լեզուն եւ մշակույթը կրող հավաքականության մեծ մասն ընդունակ չէ տարբերել քայլող թռչնակերպին` երկնքում սավառնելու ընդունակ թռչնից, թռչող գորտերն անգամ մրցակից են: Ամեն տեսակի մաքսիմալիզմը փչացնում է մեզ:

Խաչբառ լրացնելը դարձել է մշակույթի հետ հարաբերվելու միակ ձեւ: Անշարժությունից ոտքի տեղ ուղեղն է թմրում: Սրբերի կերպարանքով տղամարդիկ տմբտմբացնում են մորուքները, մորուք չունեցողները բոցավառ ճառերի արանքում քթի վրա ուղիղ կանգնած ակնոցն են ուղղում, ակնոց չունեցողները նյարդային պտտեցնում են ճկույթին հագցրած ծանր մատանիները` երեք ազնիվ քարով:

Ահա այսպես: Ոչխարների եւ գայլերի միաժամանակյա կշտության անհրաժեշտությունից խոսողները ցատկոտում են խմբից խումբ` ձայները որքան հնարավոր է պիղատոսավարի արտաբերելով, իրենց մեջ նստած կայեններին կոծկելու գերմարդկային ճիգով:

Այսպես` 10 տարի...

Փողոցի փոշու մեջ թաթախվում են չկայացած շլիմանները` կծող շան տեսքով, բայց հարվածող ոտքի կամ փայտի ստվերից պուկ փախչելու պատրաստ: Քաջությունն ու վախկոտությունը հոմանիշներ են, եւ ոչ մի լեզվաբան չի կարող հակառակն ապացուցել: Կլեոպատրա խաղացող աղջիկները, բողկ ծախողի պես, իրենց վրադիրով են առաջարկում` հանկարծ ու կենտ «կլիենտը» չնկատի ստվերում հերթի շարվածներին: Ժավելի «բիզնեսը» կիրակի առավոտները ողջ շաբաթ տքնաջան աշխատածներին չի թողնում մի լավ քնել: «Ժավե՛լ, ավե՛լ, թարմը ձուկ»,- բղավում են բակերում` նարդու շրխկոցին փոխընդմեջ:

Քավության նոխազների ինստիտուտը ծաղկում է ապրում եւ արագ «պրոդուկտ» տալիս` անունների պակաս չկա: Ամեն փոքրիկ ժամանակ իր քավության նոխազի բովանդակությամբ է լցված, մնացածները` գլուխները կախ իրենց բանին: Երկու-երեք տարվա ճշտությամբ գուշակվում են նոխազացուները` փողոցի մուրացկանների մակարդակով անգամ: Նոխազացու պատրաստելը դժվար գործ է` պետականության «կերտմանը» համարժեք: Բայց նոխազները չեն հավատում` մինչեւ հետդարձի անհնարինություն: Գլխի վրա գցվում են, որովհետեւ դպրոցում ձգողության օրենքը վատ են սովորել. հայի ֆենոմենը հենց դրա մեջ է` չի հավատա, մինչեւ ատամով չկծի ու լեզվով չփորձի: Առավոտյան կուռք սարքելն ու երեկոյան կուռք ջարդելը դարձել է ազգային զբաղմունք: Պահմտոցին նույնպես մշտապես օրակարգում է` այդ խաղի նկատմամբ հայ տղամարդկանց հակումը մանկության տարիներին հագուրդ չի ստացել եւ իրեն զգացնել է տալիս հասուն տարիքում: Քաղաքական թատրոնը կյանքի անբաժան մասն է այլեւս, առանց որի ազգս չի կարող գոյատեւել: Կաշառակերության մասին խոսվում է միայն անցյալ ժամանակով, ներկաներին քննադատելն անբարոյական է, նախկիններին (պաշտոնյաներին) քննադատելը` օրինաչափ եւ պարտադիր: Պաշտոնյայի կաշառակերությունը կարելի է մատնացույց անել միայն նրա պաշտոնանկությունից հետո, այն եւս ոչ միշտ, հակառակն անախորժ է` մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Գրող լինելը նույնպես սկսում է մոդայիկ դառնալ. փողատերերը վատ երազ տեսնողի իրենց զառանցանքները` վերջին տնքոցն անգամ ափսոսալով դուրս թողնել, տպագիր կազմերով շարում են կաղնուց, մայրուց, էլ ես ինչ գիտեմ` էվկալիպտից սեղաններին, որպես ժամանակի իգության հուշարձան: Գրող բժիշկներ եւ գիշերային պահակներ, հաղորդում վարող բարմեններ, պոետ կառավարիչներ. ժամանակն, ասում են, կոչվում է անցում: Տասնհինգ տարի է անցնում ենք գետը` կամրջի կոտրվելու միտքն անտես անելով:

Ամեն օր Հայաստան կոչվող բնակավայրից, առանց մի վերջին անգամ Մասսին նայելու, լքում է միջին հաշվով երեսուն երեխա: Մորաքրոջս թոռները` երեք եւ չորս տարեկան քույր ու եղբայր, առաջին անգամ Աշոցքցից Երեւան եկան, Երեւան-Էջմիածին մայրուղով անցնելիս իրար բոթեցին ու մատով ավտոբուսի պատուհանից ցույց տվեցին անվրդով-սպիտակ փայլող սարն առաջին ու վերջին անգամ, հետո իջան օդանավակայանում:

ՄԱՐԻՆԿԱՅԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ.

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կան վիճակներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ շրջանցել: Տեղեր կան, ուր հարկ է գնալ, որովհետեւ այդպես է ընդունված: Տեղեր, ուր միայն մարմինդ է ներկա, եւ բացակա` էությունդ, միտքդ: Այդպիսի տեղերում իր երկրային երկար գոյության ընթացքում լինում է մարդը: Այդ տեղերում է, որ մարդ մտածում է.«Այս ինչ տաղտկալի երկար բան է կյանքը»: Այդ տեղերում է աչքի զարնում մարդկային կեղծավորությունը, բնածին հակումը դեպի դերասանությունը, աչքակապությունը: Ու այդտեղ է, որ մի կարճ ժամանակով ուզում ես փոխակերպվել հանգուցյալի, բայց այնպիսի մի հանգուցյալի, որը մի քանի վայրկյանով Աստծուց շնորհ ստացած լիներ նստել տեղում եւ բոլորի երեսին շմփացնել նրանց երեսպաշտությունը, նրանց կեղծ ողբի ողջ էգոիզմը, քանզի կյանքից զրկվել են ոչ թե նրանք, այլ ինքը: Եւ ուրեմն` թող կտրեն իրենց ձանձրալի լացը, եւ իրեն` հանգուցյալին թողնեն լռության մեջ հավաքելու մտքերը, կենտրոնանալու` ուրիշ աշխարհներ գնալուց առաջ: Բայց չէ, Աստված ոչ մեկին չի զրկում իր բաժին քավարանից, որ մարդկային ողբ անունով դռնով է մտնում: Աստված չի կարող փոխել մարդկային բնույթը, որը կարող է վշտի հրապարակային բենեֆիս կազմակերպել` ազգակիցներին ունենալով որպես հանդիսատես: Եւ մարդիկ խռնվում են իրենց բնույթին համապատասխան, լացի եւ ախուվախի արանքում լուծում հոգեհացի խաշլամայի ու էգնահողին գցելիք սեղանի հարցը, այդ երկու տեսակի գործողությունների արանքում հանգուցյալի կողքին հասցնում բամբասել հարեւանի հարսին, հանգուցյալին իսկ` մեկ բարոյականության հուշարձան սարքելով նրանից, մեկ էլ հիշելով նրա պարտքերը: «Եւ թող մեզ մեր պարտքերը...»: Ոչ, պարտքերը հիշում են: Այդպես երեք օր: Երեք օրն էլ սպասում են բաղձալի խաշլամային եւ թթի օղուն, որոնց ստամոքս ուղարկելն ուղեկցում են ամպագոռգոռ ճառերով, պարտքի ու բարոյականության պատգամներով.«Կսիրենք նրան, ում դու էիր սիրում»: Սուտ է: Հետո հանգուցյալի տնից հեռանալիս հիշում են այն ուտեստների մասին, որ հարկ է լինեին քելեխի սեղանին, բայց մեռելատերն այդ մասին հոգ չէր տարել: «Ունայնություն ունայնությանց», այսպիսի պահերի համար է ասել երեւի Ժողովողը: «Մեռյալների գիրքն» ապրողների համար է, սակայն ոչինչ չի սովորեցնում: Երբ սովորես` այլեւս ողջերի մեջ չես լինի, ինչպես համալսարան անցածն այլեւս անհնար է, որ առաջին դասարանցի լինի` համենայնդեպս իրերի բնականոն կարգն է այդպես: Իսկ թե ոնց պիտի հանգուցյալը մարսի հուղարկավոր ողջ արարողակարգը թատրոնի հնագույն ծիսակարգով` մնում է ապրողների խղճին: Հոգոց-հանգուցելոցը խորթ զավակ է, Ջիվանուն մուղամամոլներն այլանդակում են չճանաչելու աստիճան, Կոմիտասը միայն իրենք իրենց էլիտար կոչողների բաժինն է` այն եւս ոչ թե պահանջարկված լինելու, այլ քաղքենու չեղած մակարդակի մասին վկայելու: «Բռնաբարության փորձ» ծանր հոդվածը շրխկացնեիր քաղքենու գլխին: Հային հայի խելք սովորեցնողները Կարմիր գրքի բաժին են` երկիրն անուս ուսուցիչներով է լի, ոչ ոք աշակերտ լինել չի ուզում: Հանգուցյալը, նույնիսկ եթե կյանքի վերջին շրջանում կիսաքաղց է ապրել, հաշիվ չէ, պատվով-նամուսով հուղարկավորվելն ու մի թանկարժեք հուշաքարով հավերժանալը ապրելիս իր վրա ուշադրություն չդարձնող զավակների պատվի գործն է, թաղումից հարսանիք սարքելը վերջիններիս մոտ գերազանց է ստացվում: Այդպես էլ ապրում ենք` Մարկեսի հերոսները ղալաթ են արել: Քառասունքի հաջորդ օրվա խաշը վկա:

ԿԵՆԱՑԻ ՍԻՆԴՐՈՄ

Ասել են` հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է: Ամեն օր ապացուցվում է այս մտքի նյութականությունը: Հանդուրժում ենք, որ սրիկան մեզ հետ սեղան նստի ու ճոռթո կենացներ խմի ընկերության, ազգի ու հայրենիքի թեմաներով: Հետո էլ զկռտա կերածն ու ատամները քչփորի: Էս, ուրեմն, մենք ենք անբարոյական, որ կողքներիս դրանց ունենք:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ

Հայրս տասնվեց տարեկանում է բանակ գնացել: Մայրը մենակ էր մեծացնում նրան, նրանից փոքր երկու եղբորն ու քրոջը: Երեսունյոթին նրանց հոր ու պապիս` Համբարձումի վրա եւս կեղծ մատնագիր գրող էր գտնվել իրենց գյուղում, նրան բերել էին Երեւան ու հենց Երեւանի բանտի պատի տակ էլ ուրիշների հետ գնդակահարել: Չգիտեմ` պատահականություն էր, թե հենց Աստծո դատաստանը, բայց մի քանի տարի հետո սղոցարանում աշխատող մատնագիր գրողներից մեկի գլուխը թռցրել էր էլեկտրական սղոցը: Այսպես թե այնպես` Մարինկա տատս մնացել էր մենակ, մեկից տասն տարեկան երեխաները ձեռքին: 1943-ին հայրս ինքնակամ զինկոմիսարիատ էր գնացել: Նրան կռվի դաշտ չտարան, փոքր էր, սկզբում վրացական Գորիում ծառայեց մի քանի ամիս, հետո էլ Լենինականի մոտ` գնդի բոստանչին էր: Ու այնքան առատ բերք էր ստանում, որ հետո, ինչքան էլ խնդրում էր` ռազմաճակատ չէին ուղարկում: «Բա գնդի կարտոֆիլն ո՞վ է աճեցնելու»,-ասում էին: Այդպես վեց տարի, պատերազմի տարիներն էլ հետը, մնաց բանակում, բայց թիկունքային համարվեց, իսկ 1950 թվականին իրենց գյուղ վերադարձավ արդեն մորս հետ: Մայրս նույնպես պատերազմի ճզմած սերունդն էր` 15 տարեկանից հացի փռի կրակին աչքերի հերն անիծած, բանակի կարտոֆիլի դաշտերում աշխատած. երկու անհայր իրար գտել ու 50 թվականի վերջում Երեւանում էին հաստատվել: Սկզբում գաջի գործարանի մոտ մի հայրենադարձի կիսակառույց տունն էին գնել` էժանին խաբվելով ու հայրենադարձի վերցրած վարկի պարտավորությունը ստանձնելով: 55-ին այդ տունը գաջի գործարանի պայթեցումների պատճառով վթարային էր համարվել, եւ ծնողներիս նոր տարածք էին հատկացրել Արեշում: Նոր տունը մի 10 տարի սարքեցին, հին վարկն էլ, մեծացող տոկոսներով, ծնողներս պարտք մնացին պետությանը: Շատ գեղեցիկ փոքրիկ այգի աճեցրին` շարքերով տնկած ծառերով, վարդանոցով, անցնող-դարձողը հիանում եւ անպայման վարդ էր խնդրում: Ութսունականներին 4 սենյակ ունեցող առանձնատան մի սենյակը պետությունը պարտքի դիմաց պետականացրել էր` հենց այն սենյակը, որ մեծ եղբորս բաժնի մեջ էր մնացել, իսկ փոքր եղբայրս իր բաժին երկու սենյակը 1989-ին վաճառեց եւ դրամն իր հետ Ղարաբաղ տարավ: Ռուսական ռուբլին այդ ժամանակ արդեն ամսեամիս էր արժեզրկվում, եվ 22 հազար ռուբլին, ծնողներիս երկու տասնյակ տարվա աշխատանքով ստեղծված տան կեսի արժեքը, եղբայրս ձեռքի փոշին թափ տալու նման էր ծախսել: Մեծ եղբորս կինն այդպես էլ մնաց փնթփնթալով, քանի որ գտնում էր, որ չորս սենյակից երեքն իրենց է հասնում` երեք երեխա ունեն, իսկ փոքր եղբայրս ամուսնացած չէր: Հիմա մեր տնից մնացած կառույցը մի տգեղ կույտ է` հենված մյուս կեսն առնողի սարքած պալատին, իսկ այգու ծառերը կամ չորացել են, կամ անպտղաբեր են դարձել` իրենցից մի խղճուկ տեսարան ներկայացնելով:

Մորս մահից հետո, հիմնադրումից ընդամենը 33 տարի անց, կարմիր տուֆով շարած մեր տունը բավական հին տեսք ուներ, արեւ չտեսնող կողմից` մամռոտած: Մի երկու տարի ես մերթընդմերթ օր էի խլում իմ տնից եւ գնում սարդոստայնից ու փոշուց ազատելու մորս տիրույթները, լվանալու վարագույրները եւ հարազատներիս կուտակած կեղտոտ սպիտակեղենը:

Ամեն անգամ տուն մտնելով` ես տեսնում էի նրանց մենակությունը, իրար գրած երկտողերն ամենուր` սեղանին, սառնարանին, հեռուստացույցի վրա.«Ստյոպ, ես գիշերն աշխատանքի եմ, չսպասես», «Հայրիկ, հաց կառնես, ես ուշ եմ գալու», «Ստյոպ ջան, գործից հետո կարող է գնամ հորքուրիդ խաղողն էտելու»: Գնում ու տեսնում էի մածնի կեղտոտ շշերը լվացարանի տակ, հատակին անփույթ շարած եւ հասկանում էի, որ կին` չի նշանակում միայն կին տղամարդու համար: Նա տուն է` մաքուր փայլող ապակիներով, կոկիկ ու նոր ջրած բակով, զվարթ ելումուտ անող տնեցիներով: Նա սալօջախի վրա ճաշով լի կաթսա է եւ երեկոյան սեղանի շուրջ հավաքված մի խումբ մարդկանց աշխույժ խոսակցություն:

Որբ մնացած իրեր, որբ մնացած մարդիկ. այդպիսին է տունը, երբ տնից ընդմիշտ մեկնում է կինը:

Ծուլորեն եւ անկամ ես սկսում էի հավաքել թափթփվածը, եւ դա անում էի անփույթ. ում համար որ անում էի` նրանք ոչինչ չէին նկատում: Նրանց համար սկսվել էր մի ժամանակ, երբ ուտում էին, որ չհիվանդանային, քնում էին, որ մյուս օրը ոտքի վրա լինեին: Մտովի կռվում էի նրանց հետ: Վիշտը` վիշտ, հոգսը` հոգս, կարելի է նույնիսկ ծայրահեղ աղքատ լինել, բայց մաքուր լինելը պարտադիր է: «Աղքատ` աղքատ, քիթդ սրբե, էլի աղքատ էղի»: Այսպես էր ասում մայրս: Բայց նրա ասածը լոկ հիշողողություն էր, եւ ամեն ինչ քայքայվում էր այդ տան մեջ այլեւս` բարքերը, իրերը, մարդկային ջղերը: Ու միայն սովորությամբ, ընտանիքի անդամը լինելու պարտքով երկու-երեք շաբաթը մեկ գնում էի հետաձգելու, մի քիչ երկարաձգելու այդ քայքայումը: Եղբորս բառահեղեղի տակ փոխում էի անկողնու սպիտակեղենը` գրեթե չլսելով, թե ինչ է ասում նա: Մորս մահը հունից հանել էր նրա կյանքը. խոսում էր աննշան բաների մասին, անսովոր բաներ տեսնում սովորականի մեջ: Հավաքում-կապոց էի անում սպիտակեղենը, որ երեկոյան տանելու էի հետս, մեր տանն ավելի հեշտ էր դրանցով զբաղվելը: Նայում էի մորս պահարանը, ուր դեռ շարքով արդուկված գուլպա եւ սպիտակեղեն էր մնացել:

Եղբայրս ծրագրավորող էր, իր գործում համարյա տաղանդավոր, բայց քանի որ անընդհատ հրապուրվում էր զանազան նոր զբաղմունքներով ու մարդկանցով, նրա տաղանդն այդպես էլ կորչում էր անիմաստ: Կարճատեւ ոգեւորությանն ու եռանդին հաջորդում էր նորին մեծություն ծուլությունը` դեպրեսիայի տեսքով, եւ նա մորս մահից հետո կարճ ժամանակում մի քանի գործատեղ փոխեց: Նրա վերջին աշխատավայրի պետը` Հասմիկ Մանուկովնան, մինչեւ հիմա էլ երբ տեսնում է ինձ` միշտ հարցնում է Ստյոպի մասին ու զարմանում, որ ոչ մի լուր չունեմ նրանից: Տարիների հեռվից ես ըմբռնում եմ, որ այն ժամանակ եղբայրս շատ էր ջահել եւ ոտքի տակից հենման կետն էր կորցրել` հորս հետ լեզու չէր գտնում: Բայց այն ժամանակ շատ էի զայրանում:

- Ախր, ո՞ւմ ես քաշել` մայրդ ամբողջ կյանքն աշխատում էր, հայրդ հիմա էլ ազատ րոպե չունի, աշխատանքից վազում է հողամաս, հողամասից նորից գիշերային հերթապահության, նրա տարիքից ամաչիր,- տատիս տատի կերպն առած` քարոզ էի կարդում ես:

- Բարոյախոսություններդ պահիր` հոդված կգրես, փայլուն մտքերդ ձրի շաղ մի տա,-կոպտում էր եղբայրս:

Ես նայում էի նրա կեռված հոնքին եւ սեղմված շուրթին` վշտի մեջ տղամարդ դարձած եղբորս, որ չէր ուզում պարտվել եւ ուզում էր ինքնասածի երեւալ: Ինձ հետ մի լավ լեզվակռիվ տալուց հետո նա գնում էր փողոց: Իսկ ես նստում էի սենյակի կենտրոնում, որ չէր փոխվել մանկությանս օրից: Արեւն ընկած էր լինում պատուհանից ներս, եւ տան ու բակի անկենդան լռության մեջ գծվում էր ուրիշ մի պատկեր. ամռան օրհնված մի կեսօր, լռության մեջ բզզացող մի մեղու, որ ծաղիկների մեջ ընկնելու փոխարեն` ընկել էր սենյակ, իսկ կրնկի վրա լայն բացված դռան մեջ մայրս էր: Մայրս գլուխը հենել էր մի ձեռքին, իսկ մյուսից կաթկթում էր օճառաջուրը: Ինձ նայելով` նա մի պահ հանգստանում էր իր լվացքից, իսկ ես ծալպատիկ նստած փոքրիկ սեղանի առջեւ, գրիչը ձեռքիս` քարացած նրան էի նայում: Աղոտ գիտակցում էի, որ հետո էլ երբեք չեմ մոռանալու արեւի մեջ կանգնած մորս կերպարանքը` այսպես ինքնամոռաց, ցրիվ եկած մազերով, չգիտեմ ինչի մասին իր անընդհատ մտքերի մեջ ընկած:

Ուրիշ մի պատկեր գալիս եւ մթագնում է այդ մեկը. ամռանն ամեն օր արթնանում էի զվարթ երաժշտությունից, որ հաղորդում էր մոտիկ բեռնակայարանի բարձրախոսը: Հայրս աշխատում էր կայարանում եւ վաղ առավոտյան վերադառնում էր գիշերային հերթափոխից: Երգի առաջին հնչյունների հետ նա տուն էր մտնում, մի բան ուտելով եւ կատակելով` շտապեցնում էր ինձ վեր կենալ, որովհետեւ ես սիրում էի քնել հերթապահ մահճակալին: Ձմռանը տեսնում էի հորս մրսած, բայց միշտ ժպտացող դեմքը, արագ շարժումները խոհանոցում եւ չէի ուզում վեր կենալ տաքուկ անկողնուց:

Սթափվում եւ նայում եմ ժամացույցին: Շատ ուշացա իմ տնից, որի շեմքն այդպես էլ մայրս չհասցրեց ոտք դնել: Չօրհնվեց տունս նրա օրհնանքով, բարի խոսքեր չասաց նա` իմ սեղանի գլխին նստած: Եւ ինչ-որ բան չկա, պակաս է իմ տանը, որ այս մյուս` մանկությանս տանը կար:

Վեր եմ կենում, կապոցը տեղավորում եմ մեծ պայուսակում, կողպեքով փակում դուռը եւ ուղղվում դեպի շուկա, որտեղից սկսվում է մեծ քաղաքի եռուզեռը: Այս կողմերում պատահական հայտնված մարդն, ում համար դիտարժան կանգառներ են շուկան կամ Էրեբունի փողոցի առեւտրական կետերը, չի էլ կասկածի բարձրահարկ շենքերի հետեւում թաքնված միահարկ Արեշի մասին, ուր քիչ առաջ ես կողպել էի իմ մանկությունը:

Ո՞վ կպատմի աշխարհի այս փոքրիկ անկյունի ու նրա մեջ պատեպատ զարկվող մարդու մասին, ով կուզենա լսել այդ պամությունը` ու՞մ է հետաքրքիր. անգլերեն պիտի գրես, շոու սարքել կարողանաս, մեծ-մեծ թեմաներ` հա-մա-մարդ-կա-յին արծարծես, քո պստիկ մտորումներն էս տիեզերական հազարամյակում քեզ պահի: Ոչ ոք գիրք չի կարդում, կարդալիս էլ` միայն հայտնի բեսթսթելերներ, օֆ, լեզուս ցավեց: Մի խոսքով` հավաքի քեզ ու քո թթի ծառից վազն արի»:

Այսպես ընդհատվում, կամ ով գիտե, գուցե ավարտվում է Մարինկայի տետրերից մեկը, որի վրա գրված է` «Արեշ», վիպակ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter