
ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,175 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթի մասին։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փաթրիք Ռայդերը։
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հրապարակել է այն սպառազինության ցանկը, որը կներառվի ռազմական օգնության նոր փաթեթում։ Դրանց թվում են՝ HIMARS տեսակի հրթիռային համակարգերի սպառազինությունը, 155 և 120-մմ-անոց հրետանային արկերը, 190 հատ ջերմատեսիլ նշանոցով խոշոր տրամաչափային գնդացիրներն ու անօդաչուների հակազդման սպառազինությունը, հակաականային պաշտպանության MRAP տեսակի 181 զրահամեքենաները, Javelin տեսակի 250 հակատանկային համալիրները, 2000 հակատանկային հրթիռները, Claymore տեսակի հակահետևակային զինամթերքը։ Կան նաև պայթուցիկ սարքեր, ցուրտ եղանակի հանդերձանք, սաղավարտներ ու դաշտային այլ սպառազինություն։
Բացի այդ, ԱՄՆ-ն սեփական ռազմական արդյունաբերությունից Ուկրաինայի համար կգնի Hawk տեսակի 2 զենիթահրթիռային համալիր, զենիթային սպառազինություն ու զինամթերք, ՀՕՊ միջոցների համար սպառազինություն, Puma տեսակի անօդաչու թռչող սարքեր ու գերճշգրիտ հրթիռներ, որոնց տեսակը չի նշվում։
Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայնի» լրագրող Օստապ Յարիշը հայտնել էր, որ օգնության փաթեթում կներառվի բարձր հեռահարության GLSDB հրթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
⚡️US announces additional $2.2 billion weapons package for #Ukraine. This includes the authorization of a Presidential Drawdown of up to $425 million, as well as $1.75 billion in Ukraine Security Assistance Initiative (USAI) funds. Details 👇 pic.twitter.com/vQsiia7ePE
— Ostap Yarysh (@OstapYarysh) February 3, 2023
Ավելի վաղ, Reuters գործակալությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները 9 ամսվա ընթացքում կսկսի Ուկրաինա բարձր հեռահարության հրթիռների մատակարարումը։ Պարբերականի տվյալներով՝ սպառազինությունը կպատվիրվի Boeing ընկերությունից։ Ինչպես նշել էր Reuters-ը, խոսքը գնում է ամերիկաշվեդական մշակման GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) տեսակի բարձր ճշգրտությամբ ինքնակառավարվող հրթիռների մասին, որի հեռահարությունը կազմում է 150 կիլոմետր։
Լուսանկարը՝ SERGEI SUPINSKY/AFP/Getty Images
Մեկնաբանել