
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային կտրամադրի ռուսական բռնագրավված ակտիվներ
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը հայտարարել է Ուկրաինային՝ ռուսական բռնագրավված ակտիվներից առաջին փոխանցման մասին, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր ու «Царьград» ալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևին։ Նրա խոսքերը մեջբերել է CNN-ը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ արտոնել եմ բռնագրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցումն Ուկրաինայում օգտագործման համար։ <...> Իմ արտոնմամբ այսօր առգրավված միջոցները կփոխանցվեն Պետքարտուղարությանը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար»,- ասել է Գարլանդը։
Տեղեկատվությունը հաստատել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։ Նրա խոսքով՝ Մալոֆեևից բռնագրավված 5,4 միլիոն դոլարը կօգտագործվի վնասի փոխհատուցման համար, որն Ուկրաինան ստացել է պատերազմի հետևանքով։
«Պատմության մեջ առաջին անգամ համաձայնացվել է ի շահ Ուկրաինայի վերականգնման բռնագրավված ռուսական ակտիվների փոխանցումը։ Գիտեմ, որ դա միայն սկիզբն է։ Հավատում եմ, որ ժամանակի հետ քաղաքակիրթ աշխարհում տեղ չի լինի ռուսաստանցի օլիգարխների ու նրանց արյան գնով ձեռքբերված ունեցվածքի համար»,- գրել է Կոստինը։
Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ ամերիկյան դատարանը դատախազությանը թույլատրել է Մալոֆեևից բռնագրավել 5,4 միլիոն դոլար։ Խոսքը գնում էր այն փողերի մասին, որոնք մեղադրող կողմը հայտնաբերել էր Մալոֆեևի՝ Sunflower Bank-ի հաշվին։ Նյու Յորքի դատախազությունը հայտարարել էր, որ Մալոֆեևը, պատժամիջոցները շրջանցելով, փորձել էր միջոցները փոխանցել իր գործարար ընկերոջ հաշվին։
Մալոֆեևն ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել 2014 թվականից։ Ինչպես գրում է Reuters-ը, նա չի վիճարկել ամերիկյան դատախազության պահանջը։
Լուսանկարը՝ J. Scott Applewhite/AP
Մեկնաբանել