
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսաստանցի 63 ռազմագերու ուկրաինական գերեվարումից վերադարձի մասին։ Փոխարենը ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 116 մարդ։
Համաձայն ռուսական ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ ազատ արձակված անձանց շրջանում եղել են «զգայուն կատեգորիայի» ներկայացուցիչներ, որոնց փոխանակումը հնարավոր է եղել իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության միջնորդության շնորհիվ։ Թե ինչ կատեգորիայի մասին է խոսքը, չի նշվում։
«Ներկայումս բոլոր զինվորականները գտնվում են ՌԴ տարածքում։ Նրանց ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև տրամադրվել հնարավորություն հարազատների հետ կապի համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Փոխանակման լուրը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան վերադարձրել է 116 մարդու՝ 2 սպայի ու 114 շարքայինի ու սերժանտի։
Բացի այդ, Երմակի խոսքով՝ Ուկրաինային հաջողվել է նաև վերադարձնել օտարերկրացի զոհված կամավորներ Քրիստոֆեր Մեթյու Փերիի ու Էնդրյու Թոբիաս Մեթյուի մարմինները, ինչպես նաև ուկրաինացի զոհված կամավորի մարմինը, որը ծառայել էր Ֆրանսիայի օտարերկրյա լեգիոնում։ Ավելի ուշ, հրապարակվել էր նաև նրա անունը՝ Եվգենի Կուլիկ։
2023 թվականին ռազմագերիների առաջին փոխանակումը կայացել էր հունվարի 8-ին։ Այդ ժամանակ կողմերը գերությունից վերադարձրել էին 50-ական զինծառայողի։ Պատերազմի մեկնարկից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը կայացել էր սեպտեմբերի 22-ին։ Կիևը ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և 55 ռուսաստանցու փոխանակել էր Ուկրաինայի զինված ուժերի 215 զինվորականի հետ, այդ թվում «Ազովի» հրամանատարների ու «Ազովստալի» պաշտպանների։
Լուսանկարը՝ Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայության
Մեկնաբանել