HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում բացել Լաչինի միջանցքը հումանիտար ճգնաժամից խուսափելու համար

Ֆրանսիան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և կոչ է անում բացել այն, որպեսզի հումանիտար ճգնաժամ չսկսվի Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ան Կլեր Լեժանդրը։

«Այսօր մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի բնակչությանը պարենային և մարդասիրական օգնություն հասցնելու համար»,- ասել է Լեժանդրը։ Նրա խոսքով՝ Լեռնայում Ղարաբաղում կա հումանիտար լուրջ ճգնաժամի առաջացման իրական ռիսկ։ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Փարիզը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։

«Գոյություն ունի եվրոպական միջնորդություն, որին, մենք, անկասկած, աջակցում ենք։ Շնորհիվ հենց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան խոսել միմյանց հետ նախորդ տարի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ շրջանակներում որոշվել էր Հայաստանի կողմից սահման ուղարկել Եվրամիության առաքելություն, որը նպատակ ուներ թուլացնել լարվածությունը և ապահովել դրա սահմանների պահպանումը»,- հիշեցրել է Լեժանդրը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը չի համաձայնվել այն տեսակետի հետ, որ Ֆրանսիան իրական օգնություն չի տրամադրում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը։ «Ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ մեր օգնությունը կա։ Դա հստակ արտահայտված է ամենաբարձր մակարդակով։ Նախագահ Մակրոնը անձամբ բոլոր ջանքերը գործադրել է իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման և լարվածության թուլացման ուղղությամբ»,- ասել է Լեժանդրը։

Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter