HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիպրոսում ընթանում են նախագահական ընտրություններ

Կիպրոսում տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00-ից) մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Այդ երկրում գործում է 1113 ընտրատեղամաս, ևս 35-ն էլ բացվել է արտասահմանում, հիմնականում Հունաստանի տարածքում։ Քվեարկությունը կտևի տեղի ժամանակով մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով՝ 20:00-ն), որից հետո կհայտարարվեն էքզիթ փոլի առաջին արդյունքները, իսկ արդեն երկու-երեք ժամ անց նախնական, այնուհետ արդեն ընտրությունների վերջնական արդյունքները։ Կիպրոսի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։

Ընտրությունների հարցերով գլխավոր հանձնակատար Կոստաս Կոնստանտինուի խոսքով՝ Կիպրոսում քվեարկելու իրավունք ունի 561 033 մարդ, ներառյալ՝ 730 կիպրոսցի թուրք։ Արտասահմանում ապրողները, որոնք Կիպրոսի նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն, 10 346-ն են։ Ընտրության իրավունք ունի նաև 240 բանտարկյալ, որոնք կկարողանան քվեարկել Նիկոսիայի և Ֆամագուստա պրովինցիայի քրեակատարողական հիմնարկներում։

Ընդհանուր առմամբ ընտրատեղամասերում կկարողանա աշխատել ավելի քան 8000 պետական ծառայող, ներառյալ՝ ոստիկանության ավելի քան 2000 սպա։ Ընտրատեղամասերում ինչպես ընտրողներին, այնպես էլ հանձնաժողովների անդամներին չի թույլատրվում օգտագործել բջջային հեռախոս։ Միակ բացառությունն արվել է հանձնաժողովների նախագահների համար։ 

Կիպրոսի ներքին գործերի նախարարության բյուջեի համաձայն՝ այդ երկրում նախագահական ընտրությունների անցկացման վրա պետական բյուջեից ծախսվել է մոտ 7 միլիոն եվրո։

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 50 %-ից ավելին։ Ընտրվելու ամենամեծ շանսերն ունեն այդ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը, իշխող աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության առաջնորդ Ավերոֆ Նեոֆիտուն և ՄԱԿ-ում Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանիսը։ Ֆավորիտը սակայն 49-ամյա Նիկոս Խրիստոդուլիդիսն է։

Այդուհանդերձ, վերլուծաբանները վստահ են, որ թեկնածուներից և որևէ մեկը չի ստանա ձայների 50 %-ից ավելին։ Հնարավոր է, որ ընտրությունների երկրորդ փուլը կայանա փետրվարի 12-ին, և քաղաքագետները կարծում են, որ փետրվարի 5-ին պարզ կդառնա, թե ով կլինի Խրիստոդուլիդիսի մրցակիցը երկրորդ փուլում։ Մի բանում բոլոր քաղաքագետները համակարծիք են, որ ով էլ ընտրվի Կիպրոսի նախագահ, Նիկոսիայի արտաքին քաղաքական գիծը փոփոխության չի ենթարկվի։

Իլյուստրացիայում՝ նախագահական աթոռի համար պայքարող երեք հիմնական թեկնածուները/ cyprus-mail.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter