
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը
Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը, որն իշխանությունն այդ երկրում իր ձեռքն էր վերցրել 1999 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, 79 տարեկան հասակում մահացել է Դուբայի հիվանդանոցներից մեկում։ BBC-ն, հղում անելով Պակիստանի բանակի հայտարարությանը, նշում է, որ 2001-2008 թվականներին նախագահի պաշտոնն զբաղեցրած Մուշարաֆը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Իր նախագահության տարիներին Մուշարաֆի նկատմամբ իրականացվել էր մի շարք հարձակումներ։ Չնայած պակիստանյան հանրության շրջանում առկա տրամադրություններին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո գեներալն աջակցել էր ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դեմ պատերազմին ու հայտնվել իսլամիստների ու Արևմուտքի միջև պայքարի կենտրոնում։
2008 թվականին տեղի ունեցած ընտրություններում Մուշարաֆը պարտություն էր կրել և կես տարի անց լքել երկիրը։ 2013 թվականին վերադառնալով Պակիստան՝ գեներալը փորձել էր մասնակցել ընտրություններին, սակայն ձերբակալվել էր և զրկվել ընտրվելու իրավունքից։ Նրան մեղադրում էին պետական դավաճանության մեջ և հեռակա դատապարտել մահապատժի, սակայն առնվազն մեկ ամիս անց դատարանի այդ որոշումը չեղարկվեց։
2016 թվականին նա դարձյալ լքել էր Պակիստանը, բուժման նպատակներով տեղափոխվել Դուբայ և աքսորի մեջ ապրել Արաբական Միացյալ Էմիրություններում։
Մուշարաֆի մահվան վերաբերյալ հայտարարությունում Պակիստանի բանակի ներկայացուցիչները իրենց «անկեղծ ցավակցություններն են հայտնել» և հավելել. «Թող Ալլահն օրհնի մահացածի հոգին և ուժ հաղորդի նրա ընտանիքին»։
Ըստ AFP գործակալության` Պակիստանի նախագահ Արիֆ Ալիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ էլ նշվում, որ նախագահն աղոթում է «մահացածի ոգու հավերժ հանգստության և մահացածի ընտանիքի արիության համար, որպեսզի նրանք կարողանան տանել այդ կորուստը»։
Լուսանկարը՝ Emilio Morenatti/Associated Press
Մեկնաբանել