
3 տարվա ընթացքում Արմավիրի մարզպետարանի 27 մրցույթից 13-ը ներքին է եղել
Վերջին 3 տարիներին Արմավիրի մարզպետարանն աշխատակազմի թափուր տեղերը լրացնելու համար գրեթե կիսով չափ ներքին մրցույթներ է անցկացրել: Այլ կերպ ասած՝ նոր կադրեր չի ընդունել և ընտրել է մարզպետարանի աշխատակիցներից: 2020-2022թթ. հայտարարված 27 մրցույթից 13-ը եղել է ներքին մրցույթ:
Նշենք, որ «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման համաձայն, մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ ներքին և արտաքին: Նույնը նախատեսված է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:
Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը, այս դեպքում մարզպետի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ: Ներքին մրցույթի հարցազրույցն անցկացնում է մարզպետի ձևավորած հանձնաժողովը:
2022թ. մարզպետարանում հայտարարվել է 13 մրցույթ՝ 7 արտաքին, 5 ներքին և 1 վարկանիշային: Չի կայացել արտաքին մրցույթներից 3-ը:
Համեմատության համար նշենք, որ 2021թ.-ին 4 ներքին մրցույթ է եղել, 2 արտաքին ու 1 վարկանիշային: Բոլորն էլ կայացել են:
Վարկանիշային ցուցակները կազմելու համար տարին առնվազն երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացնում է թեստավորում: Թեստավորման արդյունքներով քաղաքացիական ծառայության գրասենյակն առցանց կարգով վարում է վարկանիշային համարակալված ցուցակ: Համապատասխան մարմինները հարցազրույցի հրավիրում են վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, որոնք բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
Ուսումնասիրելով պաշտոնները` նկատեցինք, որ ներքին մրցույթներ հայտարարվել են հիմնականում վարչության և բաժնի պետերի համար: Այսինքն՝ մարզպետը ցանկացել է, որ պետերը լինեն իր շրջապատից և անցանկալի անձինք չհայտնվեն այդ պաշտոնում: 2021թ. ներքին մրցույթներով ընտրել են նաև ավագ մասնագետ, ավագ հաշվապահ, գլխավոր ճարտարապետ-շինարար:
Դեռևս 2020թ. «Հետք»-ի թղթակիցը նկատել է, որ մարզպետարանում ներքին մրցույթները ձևական են: Օրինակ` ներկա ենք գտնվել մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ներքին մրցույթի հարցազրույցի փուլին:
Թեկնածուներին տրվող հարցերը բավականին պարզունակ էին: Բացի այդ, այն կազմվել է մարզպետարանում, հետևաբար, եթե ներքին մրցույթով որոշվել էր այդ անձանց պահել նույն պաշտոնում (դրա վկայությունը ներքին մրցույթ կազմակերպելն է), ենթադրվում է, որ հարցերի բովանդակությունը հասանելի է եղել նրանց:
Երկու մրցույթներով էլ թեկնածուները եղել են այդ պաշտոնները զբաղեցրած անձինք և մրցակիցներ չեն ունեցել:
Մեկնաբանել