
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը 1970-ականներին Ժնևում ՊԱԿ-ի համար լրտեսություն է արել. շվեյցարական մամուլ
Շվեյցարական Sonntagszeitung և Le Matin Dimanche թերթերը, հղում անելով գաղտնազերված արխիվներին, գրել են, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Գունդյաև) 1970-ական թվականներին Ժնևում Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) համար լրտեսական գործունեությամբ է զբաղվել «Միխայլով» ծածկանվան տակ։
1971 թվականին 24-ամյա Գունդյաևին թույլատրել էին տեղափոխվել Ժնև՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդում ներկայացնելու Ռուս ուղղափառ եկեղեցին։ Շվեյցարական դաշնային արխիվի վկայությունները, որոնց հետ ծանոթացել է Sonntagzeitung-ը, փաստում են, որ երիտասարդ հոգևորականն աշխատել է ՊԱԿ-ի համար։
Գունդյաևի քարտում 1969 թվականի հուլիսից մինչև 1989 թվականի փետրվարը հայտնաբերվել է 37 գրառում, մեծ մասը Շվեյցարիա մուտքի թույլտվություն ստանալու նրա դիմումների մասին է։ Այնտեղ երկու անգամ նշվում է, որ հոգևորականը ներառված է խորհրդային պաշտոնյաների ցանկում, «որոնց նկատմամբ ձեռնարկվել են միջոցներ»։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, չի նշվում։
«Մեզ ասացին՝ զգուշացեք այդ հոգևորականներից, որովհետև նրանք ՊԱԿ-ի գործակալներ են։ Կիրիլի հետ զրույցներում ես միշտ զգացողություն եմ ունեցել, որ նա տեղեկատվություն է փնտրում։ Նա շատ բարեկամական էր, սակայն բազում հարցեր էր տալիս աքսորի և հոգևորականության մասին»,- հայտարարել է թերթի անանուն զրուցակիցը։
Գերմանացի աստվածաբան Գերհարդ Բեզյերը իր գրքում գրել է, որ «ՊԱԿ-ը 1970-ական և 1980-ական թվականներին ցանկանում էր ազդել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի վրա, որպեսզի այն չքննադատեր ԽՍՀՄ-ում դավանանքի ազատության սահմանափակումները՝ փոխարենը քննադատելով ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին»,- նշում է Sonntagzeitung։
Բացի այդ, ըստ պարբերականի, Գունդյաևի զարմիկը ներկայումս առաջնորդում է Ժնևի արվարձաններից մեկի՝ Շեն Բուժերիի ուղղափառ եկեղեցին։ Sonntagzeitung-ին նա ասել է, որ պատրիարք Կիրիլը, հավանաբար, այդ ժամանակ չի եղել գործակալ, այլ գտնվել է «ՊԱԿ-ի խիստ վերահսկողության տակ»։
Պատրիարք Կիրիլը և Ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվել են լրագրողներին մեկնաբանել պատրիարքի հնարավոր լրտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Sonntagzeitung-ին պատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ իրենք չունեն որևէ տեղեկություն։
Դեռ երկու տարի առաջ Новая газета-ն գրել էր, որ Ժնևում հոգևոր ծառայությունից ի վեր պատրիարք Կիրիլը Շվեյցարիայի լեռներում սեփական ամառանոց ունի։ Պարբերականի տվյալներով՝ այդ սեփականությունը նրան նվիրել է Շվեյցարիայի քաղաքացիներից մեկը։
Լուսանկարը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության
Մեկնաբանել