HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

24 միավոր գույք և 1 մլրդ 81 մլն դրամ. ՊԵԿ նախկին պաշտոնյայի դեմ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել 

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանի ու նրա մերձավորների դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 22 անշարժ, 2 շարժական գույք և 1 մլրդ  81 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացվել:

Դեռևս 2022թ. մարտի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Վահրամ Գուրողլյանից, որդուց՝ Վազգեն Գուրողլյանից, վերջինիս մորից ու տատից՝  Սոնա և Թամարա Գզրարյաններից բռնագանձել ապօրինի գույքը:

2022թ. ստեղծվեցին հակակոռուպցիոն դատարաններ: Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Օրենքի փոփոխության հիմքով գործը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարանի քննությանը:

Նշված հայցի շրջանակում ընդդեմ Վահրամ Գուրողլյանի և վերջինիս կնոջ՝ Սոնա Գզրարյանի ներկայացվել է պահանջ՝ բռնագանձել 8 անշարժ և 2 շարժական գույք՝ Mersedes-benz մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներ:

8 անշարժ գույքերից 7–ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, այդ թվում՝ Պարոնյան փողոցում և Հյուսիսային պողոտայում, իսկ մեկը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, բռնագանձման ենթակա է նաև Ավստրիայի Հանրապետության Գրաց և Վիեննա քաղաքներում գտնվող գույքերի ձեռքբերման արժեքների ապօրինի մասերը (205 մլն 245 հազ.735 դրամ): Ամուսիններից պահանջում են բռնագանձել նաև 1 մլրդ 79 մլն 738 հազ. 603 դրամ գումար։

Վահրամ Գուրողլյանի որդու՝ Վազգեն Գուրողլյանի դեմ ներկայացվել է պահանջ՝  բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող 7 անշարժ գույք, ինչպես նաև 725 հազ. 272 դրամ և առևտրային բանկի թվով 60 հատ պարտատոմս։

Սոնա Գզրարյանի մոր՝ Թամարա Գզրարյանի դեմ ներկայացվել է պահանջ՝ բռագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Պարոնյան փողոցի տարածքում գտնվող 4 և Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող 1 անշարժ գույքերը, ինչպես նաև 6 մլն 627 հազ. 722 դրամ գումար։

ՊԵԿ նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչի կապակցությամբ էլ Ազգային անվտանգության ծառայությունում 2020-ից քննվում է քրեական գործը: Ուսումնասիրության ընթացքում Գլխավոր դատախազությունը պարզել է, որ պատասխանողների մոտ հայցապահանջում նշված գույքերի ձեռքբերման պահին առկա չեն եղել բավարար ծավալի օրինական դրամական միջոցներ։

ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընտանեկան բիզնեսները

«ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. հուլիսին: Ընկերությունը շահագործում է Երևանի Կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը:

Այդ ընկերությունում Վահրամ Գուրողլյանի կինը՝ Սոնա Գզրարյանը, բաժնեմաս ունի և այդ բիզնեսն իրականացնում է գործարար Սամվել Մայրապետյանի ընտանիքի հետ: Մասնավորապես՝ «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ի 20% բաժնեմասը պատկանում է Սոնա Գզրարյանին: 20-ական տոկոս բաժնեմաս ունեն Սամվել Մայրապետյանը, վերջինիս կինը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը և քաղաքացի Տուտիկ Ադամյանը: Ընկերությունում 10% բաժնեմաս ունի Մայրապետայանի որդին՝ Միքայել Մայրապետյանը, ով նաև ՍՊԸ-ի տնօրենն է: 10% բաժնեմաս ունի նաև Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը: Վերջինս էլ Գոհար Քյալյանի մերձավորն է:

Քրեական գործի շրջանակներում 2020թ. ապրիլի 16-ին արգելանք է դրվել «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ի գույքի վրա: Ընկերությանը պատկանող անշարժ գույքը ճանաչվել է իրեղեն ապացույց: Հաջորդ օրը արգելանք է դրվել ընկերության բոլոր բաժնեմասերի վրա:

2022թ. ապրիլ և նոյեմբեր ամիսներին 5 մլրդ 679 մլն դրամի չափով արգելանք է դրվել Գոհար Քյալյանին պատկանող գույքի վրա, այդ թվում՝ ընկերությունում ունեցած բաժնեմասի և 17 մլրդ 376 մլն դրամի չափով արգելանք դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի, բաժնեմասերի վրա:

«ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ն 2020-2022թթ. պետական գնման պայմանագրերով 104 մլն 155 հազ. դրամի հյուրանոցային և սննդի ծառայություններ է մատուցել: Հիմնական պատվիրատուն Պաշտպանության նախարարությունն է:

«Քոֆֆի Սթոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին փետրվարին՝ Սոնա Գզրարյանի կողմից: Նա 2019թ. դեկտեմբերի 12-ին դուրս է եկել ընկերությունից և նույն օրը միակ բաժնետերը դարձել է որդին՝ Վազգեն Գուրողլյանը, ով նաև ընկերության տնօրենն է:

Ընկերությունն իրականացնում է սուրճի, սուրճի ապարատների, սրճեփների ներմուծման ու վաճառքի գործունեություն:

Լուսանկարում՝ Վահրամ Գուրողլյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter