
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2711-ի
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 1651-ի, իսկ հարևան Սիրիայում՝ 1060-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ 1651 թիվը վերջնական չէ և ցանկացած պահի կարող է ավելանալ։ Նրա խոսքով՝ երկրաշարժից տուժել է ավելի քան 11 հազար մարդ։ «Այս պահին Քահրամանմարաշի երկրաշարժի հետևանքով զոհվել է 1651 մարդ, 11 119-ն էլ տուժել է։ Ավերվել է 2834 շինություն»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ առաջին երկրաշարժից հետո, որը գրանցվել էր գիշերը տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին), տարածաշրջանում ֆիքսվել է 147 հետցնցում։ «10 նահանգներում գրանցվել են լուրջ ավերածություններ»,- հավելել է նա։
Քոջայի խոսքով՝ Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքում ավերվել է քաղաքային հիվանդանոցը։ «Փլուզված հիվանդանոցի փլատակների տակ պացիենտներ և աշխատակիցներ կան, շարունակվում են փրկարարական աշխատանքները»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։ Ըստ նրա՝ վիրավորների տեղափոխման համար ակտիվորեն կիրառվում է ավիացիան։
TASS գործակալությունը, հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը, հայտնում է, որ Սիրիայում էլ զոհերի թիվը հասել է 1060-ի։ Asharq Al-Awsat հեռուստաընկերության տվյալներով էլ, որը հղում է անում Սիրիայի առողջապահության նախարարությանը, տուժել է ևս 2400 մարդ։ Սիրիական կողմը նշում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են և զոհերի թիվը կարող է աճել։
Լուսանկարը՝ Mert Cakir/AFP via Getty Images
Մեկնաբանել