HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 4825-ի

Նախօրեին երկու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայի հարավային նահանգներում և Սիրիայի հյուսիսում ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Վերջին տվյալներով միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ավելի քան 20 426 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սիրիայում էլ զոհերի թիվը հասել է 1444-ի։

Աշխարհի երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան, տարածաշրջան են ուղարկում օգնություն, այն բանից հետո, երբ Թուրքիան դիմել էր օգնության համար։ Կարմիր մահիկի նախագահ Քերեմ Քինիքը մարդկանց խնդրել է իրենց ավտոմեքենաներով չմեկնել երկրաշարժի գոտի՝ օգնության տրամադրման նպատակով։ 

Սառնամանիքը, ձյունն ու անձրևները բարդացնում են փլատակների տակից մարդկանց դուրսբերելու գործընթացը։ Ականատեսների խոսքով՝ նրանք մարդկային ձայներ են լսում փլատակների տակից։

Հաթայ նահանգում մի տղամարդ Reuters գործակալությանը լացելով պատմել է, թե ինչպես են մարդիկ տանջահար սպասում փրկարարներին։ «Նրանք ճչում են, նրանք ասում են. «Փրկեք մեզ», բայց մենք չենք կարողանում նրանց փրկել… Առավոտից այստեղ որևէ մեկը չի հայտնվել»։

Լուսանկարը՝ Ամերիկայի ձայնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter