
ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական մեծամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ
Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական մեծամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակ։ Հարթակի քննարկումները կազմակերպվում են ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ և նպատակ ունեն ձևավորելու ստեղծագործական միջավայր կիրառական նշանակություն ունեցող խոշորամասշտաբ միջգիտակարգային ծրագրեր գեներացնելու համար: Խոսքը նախաձեռնությունների վրա հիմնված խոշոր ծրագրերի մշակման միջավայր ձևավորելու մասին է։ Այս մասին հայտնում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Հարթակի քննարկումները տեղի են ունենում ըստ ԳԱԱ բաժանմունքների։ Քննարկումներին մասնակցում են ինչպես ակադեմիական կազմակերպությունների տնօրենները, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, այնպես էլ ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկայում քննարկվում է նախագծերի մշակման երեք ձևաչափ՝
- հանրային ներդրումային ծրագրեր
- գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր
- հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագրեր:
Հարթակի աշխատանքները սկսվել են սույն թվականի հունվարի 18-ից։ Արդեն տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ԳԱԱ բոլոր բաժանմունքների ինստիտուտների տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում առաջարկվել են մի շարք նախագծեր, որոնք իրենց բնույթով միջգիտակարգային են և հիմնականում ընդգրկում են մեկից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ: Նախագծերը նախապատրաստական փուլում են։ Մշակումների ընթացքը քննարկվում է հարթակում: Նախատեսվում է նաև գեներացնել նախագծեր, որոնք հնարավորություն կտան հայտեր ձևավորել գիտական, գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություններին դիմելու համար:
Հարթակի աշխատանքները լինելու են շարունակական, ինչը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց ավանդը բերելու խոշորամասշտաբ ծրագրերի մշակման և իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել