
Նորվեգիայի կառավարությունը 6,8 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային
Նորվեգիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 75 միլիարդ նորվեգական կրոն (6,8 միլիարդ եվրո)՝ բազմամյա օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Նրա խոսքով՝ միջոցները նախատեսվում են օգտագործել ռազմական և քաղաքացիական օգնության փաթեթի համար։ Ծրագիրը նախատեսված է 5 տարով, սակայն դա դեռ պետք է հաստատվի նորվեգական խորհրդարանի կողմից։ Նորվեգիայի նախկին վարչապետ և երկրի ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության առաջնորդ Էռնա Սուլբերգը հայտարարել է Ուկրաինային երկարաժամկետ օգնության ծրագրին իր աջակցության մասին։
Առաջին տարվա ընթացքում գումարները կբաշխվեն հավասարապես ռազմական և հումանիտար օգնության միջև, սակայն ապագայում այդ հավասարակշռությունը կարող է փոխվել։ Ավելի վաղ, Ստյորեն հայտարարել էր, որ Նորվեգիան, որպես Ուկրաինային օգնություն, կարող է տրամադրել Նորվեգիայի՝ նավթի աճող եկամուտներից միջոցներ։ «Մենք կարծում ենք, որ դա արդարացված է։ Մեր ազգային շահերից է բխում, որ Ուկրաինան չպարտվի այս պատերազմում, մենք գործելու դաշտ ունենք՝ շնորհիվ նավթային հատվածի արտասովոր եկամուտների»,- ասել է նա։
Բացի այդ, Նորվեգիայի կառավարությունը առաջարկում է գլոբալ հարավի երկրներին իր աջակցության ծրագիրը, որոնք հատկապես տուժել են Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այդ նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան նախատեսում է ամեն տարի հատկացնել ևս 5 միլիարդ կրոն (450 միլիոն եվրո) հումանիտար օգնություն և պարեն։
Grateful to the Norwegian people, 🇳🇴 government & personally @jonasgahrstore for announcing a new unprecedented 5-year assistance package to 🇺🇦 for the sum of NOK 75 billion. It is a significant contribution to our future victory over the aggressor & successful post-war recovery.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 6, 2023
Նորվեգական կառավարության օգնության փաթեթին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շնորհակալ եմ նորվեգացի ժողովրդին, կառավարությանը և անձամբ վարչապետ Յոնաս Գար Ստյորենին՝ 75 միլիարդ նորվեգական կրոն ընդհանուր արժեքով նոր աննախադեպ 5-ամյա օգնության փաթեթի համար։ Սա ծանրակշիռ ներդրում է ագրեսորի նկատմամբ մեր ապագա հաղթանակի և հաջող հետպատերազմական վերականգնման համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։
Լուսանկարը՝ Andrey Emelyanenko/Dreamstime.com
Մեկնաբանել