HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խաշթառակցի երեխաների գործով քրեական վարույթի նախաքննությունը հարթ չի ընթանում, գործով 7 քննիչ է փոխվել

2020թ օգոստոսին դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևան քաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 1-9 տարեկան 7 երեխա։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաների պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանն ու նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Ս Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4-ամյա որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, դստեր՝ Մ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։

Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, օգոստոսի 25-ին այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունում երեխաները կենտրոնացված հաշվառման են վերցվել ողբերգական դեպքից հետո՝ 2020թ սեպտեմբերի 2-ին։ ԱՍՀ նախարարության միջնորդությամբ երեխաները հիվանդանոցից տեղափոխվեցին խնամքի հաստատություններ։ Մարիաննա Հակոբջանյանի երեխաներից երեքը՝ 2 տղան և աղջիկը, որոնք Ղալումյան ազգանունն են կրում, տեղափոխվեցին «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։ Քանի որ այստեղ երեք տարեկանից բարձր երեխաների խնամքն է կազմակերպվում, երկու փոքրերին, որոնք Անտոնյան ազգանունն են կրում, տեղավորել էին «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում։

«ՍՈՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպան Անահիտ Մելքումյանը հայտնեց, որ բավականին լուրջ աշխատանք է տարվել երեխաներին կրթական գործընթացի մեջ ընդգրկելու համար՝ նրանց համար արտադպրոցական պարապմունքներ են կազմակերպվել, այս պահին երաժշտական դպրոց են հաճախում, գեղարվեստի խմբակներ և այլն։

Այս տարվա հունվարի 20-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունից գրությամբ դիմել են «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամին և խնդրել, որ ևս երկու երեխայի խնամքը կազմակերպվի իրենց մոտ։ Այդ երկու երեխային «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ը հանձնել էր Սյունիքի մարզում բնակվող խնամատար ընտանիքի, սակայն հունվարի 20-ից խնամատար ընտանիքը դադարեցրել է խնամքը։ Անտոնյան եղբայրները նույնպես տեղափոխվել են Իջևանի մասնաճյուղ։ Այսինքն, Մարիաննա Հակոբջանյանի 5 երեխան ներկայում խնամք է ստանում «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում։

Անահիտ Մելքումյանն ասում է, որ երեխաները հոգեկան առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեն։ Երեխաներից ոմանք բժշկական հետազոտման փուլում են գտնվում, մյուսները դեղորայքային բուժում են ստանում։ Ընտանիքից միայն տատն է այցելում երեխաներին՝ ամիսը մեկ կամ երկու անգամ։ Մոր հետ տեսակցություն չի թույլատրվում, քանի որ նա քննչական գործողություններում է ներգրավված։

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ը խնամատար ընտանիքի էր հանձնել նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Հակոբջանյանների մյուս՝ 4-ամյա թոռնիկին։ ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ երեխան շարունակում է գտնվել խնամատար ընտանիքի խնամքի ներքո։

Երկուսուկես տարի նախաքննություն է ընթանում, երեխաների պապն ու մայրը ազատվել են կալանքից

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2020թ. օգոստոսի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանի տրամադրած տեղեկությունից պարզվում է, որ քրեական գործի նախաքննությունը հարթ չի ընթացել։ «Քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է 7 քննիչի կողմից, որոնցից 2-ը հսկող դատախազի որոշմամբ հեռացվել է վարույթից: 2022թ. փետրվարի 14-ին ծառայողական քննություն իրականացնելու միջնորդություն է ուղարկվել Քննչական կոմիտեի նախագահին»,- հայտնում է վարչության պետը։

Արտակ Հարությունյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ մեկ վարույթում միացվել է երեք քրեական գործ։ Դրանցից մեկը հարուցվել էր հետևյալ դեպքով․ 2020թ. օգոստոսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 1962թ. ծնված բնակիչը 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին և ստացել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

2020թ. օգոստոսի 20-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ այն դեպքի առթիվ, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 1992թ. ծնված բնակիչը՝ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում՝ պարբերաբար, ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 2011թ., 2014թ., 2018թ., 2019թ. ծնված իր անչափահաս երեխաների և իր հետ համատեղ բնակվող եղբոր՝  2014թ. և 2016թ. ծնված անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին։ Ինչպես նաև՝ կսմթել և նրանց մազերից քաշել է, ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

2020թ. սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 1962թ. ծնված բնակչի՝ «թունավորում առնետի դեղով հարցականով» ախտորոշմամբ (Ս Հակոբջանյանը փորձել է ինքնասպանություն գործել քննչական մեկուսարանում-Ս․Պ․) 2020թ. օգոստոսի 29-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության ընդունվելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: 

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը «Հետք»-ին հայտնում է, որ 2020թ. օգոստոսի 20-ին և 2022թ. փետրվարի 10-ին հսկող դատախազը քննիչին ցուցում է տվել՝ բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու վերաբերյալ: Համապատասխան գրություններով, հաղորդումներով բազմաթիվ անգամներ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրությունն է հրավիրվել քրեական վարույթով գործուն այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք կապահովեն նախաքննության համակողմանիությունը, դրա բնականոն ընթացքը, քննչական գործողությունների՝ օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարումը:

Երկուսուկես տարի ընթացող քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ: Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կարեն Շառոյանը «Հետք»-ին հայտնում է, որ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունների եզրակացություններն ստացել են։ Ինչպես նաև իրականացվել են մեծածավալ վարույթային և քննչական գործողություններ։ Քննչական կոմիտեն, սակայն գործի նախաքննությունն ավարտելու ժամկետներ չի հայտնել։

Մեղադրյալ Սամվել Հակոբջանյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանը հայտնեց, որ վերջին անգամ երեք շաբաթ առաջ է քննչական գործողության մասնակցել։ Ավելի վաղ հանրային պաշտպանը լրագրողներին հայտնել էր, որ Ս Հակոբջանյանը 1972թ-ից հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։ Նրա առողջական վիճակի առնչությամբ պետք է փորձաքննություն իրականացվի։

Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ընդունված Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ)։ Մեղադրյալը արգելանքի տակ է գտնվել 4 ամիս, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող քննիչի հերթական միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ մերժվել է: Նշված որոշման դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. փետրվարի 11-ի որոշմամբ մերժվել է, իսկ այդ որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել:

2020թ. օգոստոսի 20-ին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս Հակոբջանյանի դստերը՝ 5 անչափահաս երեխաների մայր Մարիաննա Հակոբջանյանին։ 2020թ.  օգոստոսի 22-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատական ակտը 2020թ. սեպտեմբերի 15-ին բեկանվել է և նույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարիաննա Հակոբջանյանը  կալանավորվել է:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ հուլիսի 16-ի որոշմամբ մերժվել է: Մեղադրյալը փաստացի արգելանքի տակ գտնվել է 10 ամիս, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշված դատական ակտի դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. օգոստոսի 19-ի որոշմամբ մերժվել է: 

Պատասխանատու մարմիններն անտեսել են, որ առողջական խնդիրներ ունեցող Հակոբջանյանների ընտանիքում 7 անչափահաս երեխա է մեծանում

Նույն հարկի տակ, համատեղ բնակվել են Սամվել և Էմմա Հակոբջանյանների որդին և դուստրը՝ իրենց ընտանիքներով։ Մահացած երեխան Անուշավան Հակոբջանյանի ավագ որդին էր։ Երեխայի մահանալուց կարճ ժամանակ անց Սևանի հոգեկան առողջության կենտրոնում մահացավ երեխայի 28-ամյա մայրը` Անուշ Բադալյանը։ Նրան հոգեբուժարան էին տեղափոխել դեպքից հետո։ Էմմա Հակոբջանյանը լրագրողներին հայտնել էր, որ հարսի մոտ լուրջ հոգեկան խանգարումներ կան։ Բացի այդ, կինը տառապում էր էպիլեպսիայով և երեխաների հոսպիտալացման պահին նույնպես հիվանդանոցում էր:

Դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, նույնպես հոգեկան առողջության խնդիրներ ունի, նա իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվել է ծնողների տանը։ Մեր տեղեկություններով՝ երեխաների մորը ծնողական իրավունքից զրկելու գործընթաց է նախաձեռնվել։ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը հայտնեց, որ քրեական գործի նախաքննության փուլում, ըստ անհրաժեշտության, նրան ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց կնախաձեռնվի։

Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ երեխաների շահերի ներկայացուցիչ է ճանաչվել Սարգիս Համբարձումյան անունով անձը։ Ե՛վ Հարություն Քոչարյանը, և այս գործի հետ առնչություն ունեցող մյուս անձինք հայտնում են, որ չեն ճանաչում նրան։ Հ Քոչարյանը տեղեկացրեց, որ մարզպետարանից ներկայացուցիչ է ընդգրկված նախաքննությանը, բայց չմանրամասնեց, թե ինչ կարգավիճակով է ընդգրկված։

Նշենք, որ ընտանիքի երեք երեխաները դեռևս 2015 թ․-ին մայրերի խնդրանքով կարճաժամկետ՝ երեք ամսով, հանձնվել են Իջևանի խնամքի կենտրոն, հետո ծնողները տուն են տարել երեխաներին: 2020թ․-ի դեպքից հետո և՛ Խաշթառակ համայնքի ղեկավարն ու Խնամակալության և հոգաբարձության մարմինը (ԽՀՄ), և՛ Տավուշի մարզպետարանի պատասխանատուները, միաբերան պնդում էին, որ մինչ այդ երեխաները բռնության չեն ենթարկվել։ Դեպքից հետո Խաշթառակ այցելած լրագրողներին բնակիչները հայտնել էին, որ տան մեծահասակները, բացի տատիկից, հոգեկան առողջության և մտավոր զարգացման խնդիրներ ունեն, և երեխաները մեծանում են բառացիորեն առանց խնամքի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի 2020թ․-ի տարեկան զեկույցում բավականին մանրամասնորեն վերլուծվել են ողբերգական դեպքի մանրամասները և դրան հանգեցնող պատճառները։ «Գործում առկա նյութերը վկայում են այն մասին, որ տվյալ ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության գործադրումը ընտանիքների անդամների, մասնավորապես, պապի, վերջինիս դստեր կողմից կրել է պարբերական բնույթ»,- ասվում է զեկույցում։

Այսպիսով, բոլոր փաստարկները խոսում են այն մասին, որ Հակոբջանյանների ընտանիքը պետք է համայնքապետարանի և մարզպետարանի հատուկ հոգածության և ուշադրության ներքո գտնվեր, քանի որ այդ ընտանիքում 7 անչափահաս երեխա կար։ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը դեպքը տեղի ունենալու օրերին հանրությանը փորձում էր հավաստիացնել, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում։ Ուշադրություն ասելով՝ այս օղակում հասկանում են սոցիալապես անապահով ընտանիքին գումար տրամադրելը, որի մասին էլ հայտնել էր նախկին մարզպետը՝ «նրանց պարբերաբար ֆինանսական աջակցություն է տրամադրվել»:

«Առավել խնդրահարույց է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները որպես խնդրի վերաբերյալ իրազեկված չլինելու և դեպքի տեղի ունենալը բացառելու նպատակով կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու պատճառ նշում են այն, որ տվյալ ընտանիքում երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա հնարավորության վերաբերյալ նախկինում իրենց որևէ դիմում-բողոք չի հասցեագրվել»,- ասվում է ՄԻՊ-ի 2020թ տարեկան զեկույցում։

Զեկույցն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինները, այդ թվում ԽՀՄ-ները, յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, պարտավոր է իրականացնել ուսումնասիրություններ և ձեռնարկել շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաների իրավունքների հնարավոր խախտումները բացառելու, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հայտնաբերելու և նրանց մշտապես պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter