
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 8704-ի
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 8704-ի։ Այսպես, միայն Թուրքիայում, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), զոհերի թիվը հասել է 6234-ի, 37 011 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ավելի վաղ, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հղում անելով AFAD-ին, նշել էր, որ աղետի հետևանքով, ըստ վերջին տվյալների, ավերվել է 5 775 շինություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յոթօրյա համազգային սուգ է հայտարարել։ Երկրում իջեցվել են բոլոր դրոշները։ Թուրքական 10 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։
Guardian-ն էլ հայտնում է, որ Սիրիայում, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 2470-ի։ Մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են Հալեպում, Լաթաքիայում, Համայում, Իդլիբում և Տարտուսում։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Աշխարհի երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, Հայաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Ադրբեջանը, տարածաշրջան են ուղարկում փրկարարների և հումանիտար օգնություն. նման խնդրանքով դիմել էր Թուրքիան։ Հայաստանը փրկարարներ է ուղարկել նաև Սիրիա։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Փաշինյանը երկու երկրների նախագահներին ու ժողովուրդներին ցավակցություն ու զորակցություն էր հայտնել։
Լուսանկարը՝ Can Erok/AFP/Getty Images
Մեկնաբանել