HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանին առաջարկներն ուղարկվել են 15 օր առաջ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ մամլո ասուլիսին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի իր առաջարկները, իսկ մի քանի օր առաջ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխանը՝ չմանրամասնելով, թե ինչի շուրջ բանակցությունների մասին է խոսքը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Միրզոյանի այս հայտարարությանը և պնդել, որ հայկական կողմին ադրբեջանական առաջարկներն արվել են 15 օր առաջ։ «Առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «այս քանի օրը» (խմբ. Միրզոյանը կիրառել է «մի քանի օր առաջ» արտահայտությունը), այլ՝ 15 օր առաջ»,- նշում է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում մանիպուլյացիաների մեջ»՝ նշելով, թե, իբր, հայկական կողմը, իրեն ներկայացնելով իբրեւ կառուցողական, «ձգտում է միջազգային հանրությանը գցել շփոթության մեջ»։ «Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմը, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, նախորդ տարվա դեկտեմբերին հրաժարվել էր բանակցություններից։ Սակայն հիմա, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն, արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, կողմ է կարճ ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների անցկացմանը և միշտ պատրաստ է դրան»,- պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Մոսկվայում եռակողմ բանակցություններից Հայաստանը հրաժարվել էր ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով։ «Նախ ուզում եմ նշել, որ խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև՝ նախարար Լավրովի հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը»,- նշել էր Միրզոյանը։

Նա նաև հավելել էր, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին խոչընդոտում են Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ։

Լուսանկարը՝ արխիվային/ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter