HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Վարչապետի եղբորորդու ղեկավարած «ԴԱՄԻ»-ն և իրար հաջորդած պայթյունները

«Էլեկտրոն» գործարանում ս. թ. մայիսի 29-ին տեղի ունեցած և երկու կյանք խլած պայթյունի կապակցությամբ «Հայացք» օրաթերթի հաջորդ օրվա համարում (թիվ 97) հրապարակված մեր հոդվածը վերնագրել էինք` «Հրդեհներն ու պայթյունները մեր երկրում դեռ կարող են շարունակվել»: Այդ կանխատեսումը, ցավոք, ընդամենը 8 օր հետո իրականացավ:

Երեկ առավոտյան Երևանում արագորեն տարածվեց «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում պայթյունի մասին լուրը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն` հունիսի 7-ին` ժամը 08:35-ին, տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում գտնվող «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ընկերության կաթսայատան ներսում կաթսա է պայթել, ինչի հետևանքով աշխատակից, 1957 թ. ծնված Է. Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ պայթել է բնական գազով աշխատող և արտադրական գործընթացում իր դերը կատարող «Ե-1» տիպի գոլորշու կաթսան: «Մարիաննան», ՀՀ օրենսդրության համաձայն, համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ: Անցյալ տարի վերոնշյալ գործարանի փորձաքննությունն իրականացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորորդի Դավիթ Աշոտի Սարգսյանի ղեկավարած մասնավոր ընկերությունը` «ԴԱՄԻ» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ 2011 թ. դարձյալ «ԴԱՄԻ» ընկերությունն էր փորձաքննության ենթարկել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն, որի ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասում այս տարվա ապրիլի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 հոգի տուժեցին, նրանցից մեկը` ծանր, մյուսը` ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքում: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են իրականացվել այդ փորձաքննությունները, փորձաքննողը կամ փորձաքննողներն ինչո՞վ են առաջնորդվել, կոռուպցիան արդյոք դեր չի՞ կատարել արտադրական հիշյալ ընկերություններին դրական եզրակացություններ տալու հարցում:

Դեռ «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ մեր վերոնշյալ հոդվածում գրել էինք, որ տեղի ունեցած ողբերգությունը, նախևառաջ, նշանակում է` ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղում իրենց պարտականությունները թերի են կատարել կամ չեն կատարել: Երբ երկրում գրեթե ամենուր բացակայում է կարգուկանոնը, իրական մեղավորները հաճախ մնում են ստվերում, անպատժելիության զգացում է, հրդեհները և պայթյունները` նույնիսկ փուչիկներից սկսած, մինչև` «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Նաիրիտ գործարան» ընկերություններ, դառնում են օրինաչափ: Այսօր էլ կրկնում ենք` առանձնապես չենք զարմանա, եթե առաջիկայում էլ պայթյունները շարունակվեն մեր երկրում, քանի որ վերոնշյալի առումով լավատեսության հիմք առայժմ չկա:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter